Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը ՀՀ-ում հավատո՞ւմ է, որ մի շարք օլիգարխներ միլիոններ էին ծախսում, որ 600 հազարով ծառայեին օրենսդիր մարմնում». Արայիկ Պապիկյան

Հոկտեմբեր 18,2018 16:06

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակը եղել է հնարավորություն ստեղծել ավելի մրցակցային կուսակցական համակարգի»,-«Մեդիա կենտրոնում» «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները և հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացների որակի վրա» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը:

Նա հեռու է այն մտքից, որ այս նախագիծը կարողացել է լուծում տալ շատ խնդիրների: Համազասպ Դանիելյանը պարզաբանեց. «Կարծում եմ՝ ժամանակային սղության և այլ հանգամանքների բերումով մենք կարողացել ենք ամենահրատապ հարցերին անդրադառնալ: Միշտ չէ, որ բոլոր խնդիրներին հնարավոր է անդրադառնալ: Ընտրական օրենսգրքում շատ էական դրույթներ կապված էին ուղղակիորեն Սահմանադրության փոփոխության հետ՝ հաշվի առնելով, որ սահմանադրությունը փոխելու հնարավորություն չունենք, մի շարք խնդիրներ մնացել են. օրինակ՝ կայուն մեծամասնության հետ կապված խնդիրը: Ուստի խնդիր կա հետագայում՝ միգուցե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ավելի հիմնավոր համակարգային փոփոխությունների մասին խոսել»:

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի համար ամենակարևոր հարցը կանանց մասնակցության երաշխիքների ապահովումն է. «Դա արդեն շատ ավելի հստակ է. կան կարգավորումներ հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության ապահովման համար, որը էական է: Եթե կարևորում ենք քաղաքացու ձայնը, պիտի կարևորենք բոլոր քաղաքացիների ձայնը և որոշակի քայլերով դա հնարավորինս ցույց տանք: Քաղաքացիների ազատ քվեին ուղղված բոլոր գործողությունները շատ էական են: Կուսակցությունների համար ընտրական գրավի շեմի նվազեցման առումով բավականին դրական իրավիճակ է ստեղծվել»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց՝ կուսակցությունն իր աջակցությունն է հայտնել Արարատ Միրզոյանի նախագահությամբ և Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ գործող հանձնաժողովին. «Միանշանակ է, որ այս ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդ ընտրական օրենսգրքերից, և եթե քաղաքական իրավիճակն այսպիսին չլիներ, ապա կուսակցությունների մրցակցային դաշտը պետք է առավել խթաներ: Իհարկե, տեխնիկական առումով ունենք բոլոր հնարավորությունները ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Բայց բարեփոխումները պիտի սկսվեն Սահմանադրությունից: Ընտրություններից հետո սահմանադիր ժողով ձևավորեն, նոր Սահմանադրություն ընդունվի, ընդունվի նոր ԸՕ և կուսակցությունների մասին օրենքը: Այդ երեք հիմնարար իրավական կարգավորումներն ընդունելուց հետո սահմանադիր ժողովի հաջորդ ընտրական փուլին սահմանադիր ժողովի որևէ անդամ իրավունք չի ունենալու մասնակցել, որ որևէ մեկն իր հագով սահմանադրություն կամ ԸՕ չգրի կամ կուսակցությունների մասին օրենք չգրի: Ակնհայտ է, որ ցանկացած պարագայում մենք ընտրական օրենսգրքի հետ կապված որոշ աշխատանք ունենք տեխնիկական առումով ևս»:

Հարցին՝ արդյոք այս ընտրական օրենսգիրքը նոր կուսակցություններին հնարավորություն տալի՞ս է մրցակցային ձևով մասնակցել ընտրություններին և ակնկալել, որ կհայտնվեն խորհրդարանում, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգիրքը տալիս է այն հնարավորությունը, որ նոր քաղաքական ուժեր հայտնվեն խորհրդարանում: Հանձնաժողովը մեծածավալ աշխատանք է կատարել, և խորհրդարան ներկայացրել նախագիծ, որը շուրջ 90 հոդվածներից է բաղկացած: Բովանդակային կարևորագույն փոփոխությունները կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմին են վերաբերում, ինչը նվազեցվել է, իսկ մյուսն այն է, որ առնվազն չորս քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, պիտի ներկայացված լինի խորհրդարանում: Եվս մեկ կարևոր հանգամանք կառանձնացնեի. գործող ԸՕ-ի 75-րդ հոդվածը հանվել է. այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը և ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելը: Սրանք առանցքային փոփոխություններ են, կան այլ բազմաթիվ փոփոխություններ, բայց հանձնաժողովը նաև կաշկանդված է եղել Սահմանադրության 48-րդ հոդվածի կարգավորումներով: Սահմանադրությունն ինքը որպես այդպիսին ուղղակի խիստ անհրաժեշտ է փոփոխության ենթարկել, որը, բնականաբար, կհանգեցնի ԸՕ-ի փոփոխությանը»:

Արայիկ Պապիկյանի հավաստմամբ՝ այս փոփոխություններից հետո որևէ ուժ հնարավորություն չի ունենա օրենսդրությունը կամ սահմանադրությունն իր հագով կարել, ինչպես դա անում էր ՀՀԿ-ն:

Արայիկ Պապիկյանը, հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձը 600 հազար է, կասկած հայտնեց. «Արդյոք որևէ մեկը ՀՀ-ում հավատո՞ւմ է, որ մի շարք օլիգարխներ միլիոններ էին ծախսում, որ 600 հազարով ծառայեր օրենսդիր մարմնում: Դա այդպես չի եղել: Մեր աշխարհայացքի մեջ այժմ կձևավորվի այն մոտեցումը, որ խորհրդարան գնացող անձը իրապես պատրաստ է ծառայել նվիրումով, իր ժամանակը նվիրել օրինաստեղծ աշխատանք կատարելուն: Հասարակության իրավագիտակցության մակարդակը պիտի բարձրանա: Հասարակությունը, որ 20 տարուց ավելի ընտրական մի ճանապարհ է անցել, որ պարտադրված է եղել և ինքը ոչինչ էլ չի որոշել, այլ դա որոշել են իշխանությունը բռնի կամ ոչ բռնի ճանապարհով զավթածները, հիմա հնարավորություն ունի ձերբազատվել այդ կաշկանդումներից: Այս պահին ստիպված ենք այս սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ գնալ: Վստահ եմ, որ գործադիր իշխանությունները և վարչապետն ամեն ինչ կանեն, որ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չառնվեն: Այս առումով հանձնաժողովի առաջարկած նախագիծը նպատակ է հետապնդել ապահովել այս ընթացքը: Բայց որոշ ժամանակ հետո օրենսգրքին այլ հայացքով պիտի անդրադառնանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031