«Կանխավճարը 30 տոկոսից նվազեցվել է 10-ի, եթե մեկ այլ բնակարան է գրավադրվում: Սա տրամաբանական չէ. եթե ընտանիքն այլ բնակարան ունենար, այդտեղ կապրեր: Սա լրացուցիչ խոչընդոտ է երիտասարդ ընտանիքի համար»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման ծրագրում կատարվելիք փոփոխություններին, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով՝ բնակարանի ձեռքբերման հիպոթեկային վարկի տոկոսադրույքը կնվազեցվի մինչեւ մոտ 6 տոկոս. «Դա ողջունելի է, բայց չի նպաստի, որ բնակարանի կարիք ունեցող երիտասարդները կարողանան այն ձեռք բերել: Նրանք վարկ չեն վերցնում ոչ թե այն պատճառով, որ տոկոսը բարձր է, այլ որովհետեւ կանխավճարն է բարձր, աշխատավարձը՝ քիչ, ամսական վճարվելիք գումարի չափն էլ՝ մեծ: Ասում են, թե 1-2 սենյականոց բնակարան ձեռք բերելիս այսուհետեւ ամսական 45.000 դրամով հնարավոր է գումարը փակել, բայց իրականում 15 տարի վճարելու ես ամսական մոտ 95.000 դրամ, եւ վերջին տարիներին է միայն այդ գումարը նվազելու»:
Փորձագետի բնորոշմամբ՝ առաջիկայում աստիճանաբար աճելու են 1-2 սենյականոց բնակարանների գները, քանի որ դրանք են այդ ծրագրի շրջանակում հասանելի բնակչությանը. «Եթե կառավարությունը ցանկանում է այս հարցը լուծել, աշխատավարձերի բարձրացման մասին պետք է մտածի: Շատերը ստանում են աշխատավարձ, բայց համարվում են աղքատ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ