Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսինքն, ԱՄՆ դեսպանը պետք է իր միտքը փոխեր, ասեր ազատագրվա՞ծ տարածքներ». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 18,2018 14:12

«Ես անգամ զարմացել եմ, որ ինչ-որ մարդիկ զարմացել են այդ հայտարարության վրա, որովհետեւ, այնուամենայնիվ, նմանատիպ հայտարարություններ, եթե փնտրեք մամուլում, տարբեր ԱՄՆ դեսպանների, պաշտոնաթողների կողմից եղել է»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Միլսը Հայաստանից հեռանալուց առաջ EVN Report-ին տված հարցազրույցում, խոսելով արցախյան խնդրի մասին, հայտարարել է, թե «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»: Նա նաեւ ասել էր, թե «ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել ու պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին՝ որպես բանակցային գործընթացի մաս»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ «ԱՄՆ տարբեր պաշտոնյաների կողմից բազմիցս նմանատիպ հայտարարություններ եղել են: Մենք գիտենք եւ հասկանում ենք, որ արցախյան խնդրի կարգավորման գործը շատ բարդ գործ է եւ միջազգային հանրության տարբեր շերտեր տարբեր ձեւով են այդ խնդրի լուծումը տեսնում եւ ընկալում: Մեր պարագայում ընկալումն այն է, որ խոսքը գնում է ազատագրված տարածքների մասին, մեկը խոսում է գրավյալ տարածքների մասին, այսինքն, մեկն ասում է՝ դե ֆակտո տարածք է, որը ձեր հսկողության տակ է, մեկն ասում է՝ դե յուրե Ադրբեջանին է պատկանում, բայց էֆեկտիվ հսկողություն չունեն: Սրանք դիվանագիտական բնույթ կրող հայտարարություններ են, որոնք չեն կարող տարբերվել իրենց հիմնական գերատեսչությունների հայտարարություններից: Եթե դուք նայեք Պետական դեպարտամենտի այլ հայտարարություններ, ըստ էության, դրանց մեջ մեծ տարբերություններ չեն լինի»:

Մեր հարցին՝ սա չի՞ նշանակում, որ դեսպանին, որը 3 տարի ՀՀ-ում է աշխատել, մենք չկարողացանք բացատրել, թե ինչից է գալիս մեր դիրքորոշումը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Այսինքն, այդ դեսպանը պետք է իր միտքը փոխեր, ասեր ազատագրվա՞ծ տարածքներ: Դե հիմա մարդը իր անկեղծ կարծիքն է ասել, հարցազրույց է տվել, այսինքն, ի՞նչ ենք մենք ուզում, մենք ուզում ենք, որ բոլորը խոսեն բաներ, որ շոյում է հայ ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների ականջնե՞րը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք լսել այլ կարծիքներ, այլ մոտեցումներ, որ կարողանանք ավելի մեծ տեսնել պատկերը, թե միջազգային հանրությունն ինչպես է տեսնում մեզ, մեր խնդիրները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031