Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն իշխանություն չէ, բայց դալաններում ծեծ չկերան. Գառնիկ Իսագուլյանը հիացած-զարմացած է

Հոկտեմբեր 18,2018 13:50

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը շտապողական է համարում խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը: Նա չի բացառում, որ ընտրություններն առաջ մղվեցին, որպեսզի էյֆորիկ ֆոնի ներքո լինի`առանց մրցակցության: Այդպիսով, ըստ նրա, նաեւ փակվեցին քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության դռները: Մինչդեռ ՀՀԿ-ն, Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, հրաշալի փորձաքննություն անցավ այս ընթացքում:

Նա հիշեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե ՀՀԿ-ն իշխանության չլինի եւ իրենց տերերը իրենց չպաշտպանեն, ՀՀԿ երիտթեւի տղաներին դալաններում կծեծեն: Բայց այսօր արձանագրում է. «ՀՀԿ-ն լուրջ պրեսինգի տակ ոչ միայն չտրոհվեց, այլ մաքրվեց եւ ցույց տվեց, որ քաղաքական կայուն միավոր է»:

Բարիկադներ քանդելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նա դիտարկում է այն համատեքստում, որ վարչապետը հասկացել է`իրեն պետք է լավ ընդդիմություն: «Այդ փորձառությունը շատ լավ անցավ ՀՀԿ-ն»,- կարծում է Գառնիկ Իսագուլյանը` դրվատանքով խոսելով Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Արփինե Հովհաննիսյանի, Վիգեն Սարգսյանի, Դավիթ Հարությունյանի եւ այլոց մասին:

Մանրամասները`շուտով տեսանյութում

Կայացած կուսակցություն է համարում նաեւ ՀՅԴ-ին: Իսկ առաջիկա ընտրություններում, իր կարծիքով, հաղթելու է ոչ թե ՔՊ-ն, այլ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ն կդառնա լուրջ կուսակցություն, թե պատեհապաշտների`առաջիկա տարիները ցույց կտան:

Իսկ ԲՀԿ-ն, առանց Գագիկ Ծառուկյանի, ասում է`կուսակցություն չէ: Հիշեցրինք`տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, բայց ԲՀԿ-ն, որպես քաղաքական միավոր, մնաց: Գառնիկ Իսագուլյանը հակադարձեց` հիշեք, երբ նա «ձեռքը քաշեց», համաժողովրդական շարժումը միանգամից մարեց: Նա պատահական չի համարում միայն ԲՀԿ-ի հետ հուշագրի ստորագրումը, քանի որ Փաշինյանը խոսել է բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին: Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ այդ հուշագիրը վտանգներ է պարունակում հետագայի համար. կուսակցության մի անդամ բոլորի անունից երաշխիք է տալիս եւ ստորագրում: Այլ հարց, եթե բոլորը գային եւ ստորագրեին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031