Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանից հեռանալուց առաջ EVN Report-ին տված հարցազրույցում, խոսելով արցախյան խնդրի մասին, հայտարարել է, թե «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»: Նա նաեւ ասել էր, թե «ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել ու պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է օկուպացված տարածքների վերադարձին՝ որպես բանակցային գործընթացի մաս»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց դեսպանին՝ ասելով. «Ես զարմանում եմ, թե ինչու է մեր հարգարժան դեսպանը զարմացել, որովհետեւ դրանք մեզ համար գրավյալ տարածքներ չեն, դրանք մեզ համար ազատագրված տարածքներ են եւ հորդորում եմ դեսպանին պահպանել դիվանագիտական կոռեկտությունը, դա՝ մեկ: Երկրորդը՝ դրանք ազատագրված տարածքներ են, որոնց համար մեր հայրերի, մեր որդիների արյունն է թափվել: Ես կատեգորիկ քաղաքական գործիչ չեմ, հասկանում եմ, որ ղարաբաղյան խնդիրը պիտի լուծվի փոխզիջումների պայմանով, բայց մեզ համար կա մի կարմիր գիծ, որից այն կողմ որեւէ փոխզիջում լինել չի կարող: Այդ գծի վերաբերյալ մենք քանիցս խոսել ենք, նորից դրան անդրադառնալ ես չեմ ցանկանում: Համաձայն չեմ Միլսի գնահատականների հետ»:
Մեր հարցին՝ Ռիչարդ Միլսը մոլորության մե՞ջ է, նա 3 տարի աշխատեց Հայաստանում, ինչո՞ւ մենք այդքան ժամանակ չենք կարողացել մեր դիվանագիտական եւ այլ խողովակներով հասցնել տեղ իրական պատկերն ու իրավիճակը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, ինքը մոլորության մեջ չէ, ես վստահ եմ՝ ինքը շատ լավ իրազեկ է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշմանը: Սա պարզապես իր տեսակետն է, որը ինքը փորձում է գնալուց առաջ որպես գաղափար գեներացնել, ինչը, կարծում եմ, ուղղակի ժամանակի պարապ վատնում է»:
Հարցին՝ այստեղ Ադրբեջանի նավթադոլարների հոտ կա՞՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ