Այս օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Չեխիայում է. օրակարգում ներառված են նաեւ այդ երկրի ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները: «Մամուլի ազգային ակումբում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգ կա՞, որ չեխական արտադրության զենքը կրկին կհայտնվի Ադրբեջանի բանակում, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան նախ նշեց, որ այդ հանդիպումները բնական գործընթաց են. «ՀՀ պաշտպանության նախարարն էլ երկու տարի առաջ այցելել է Չեխիա եւ հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները չեն նշանակում, որ զենքի վաճառք պետք է տեղի ունենա»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում էին հայտնվել «ԴԱՆԱ» ինքնագնաց հրետանային համակարգերը: Դեսպանն այդ առնչությամբ նշեց. «Դրանք չեն վաճառվել անմիջապես Չեխիայի կողմից: Դա տեղի է ունեցել Սլովակիայի միջոցով»:
Պետր Միկիսկայի խոսքով. «Չեխիան հավատարիմ է պայմանավորվածությանը՝ Արցախյան հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու առնչությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ