Այսօր կառավարության նիստից հետո ոստիկանապետի պաշտոնակատար Վալերի Օսիպյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակմանը, նրա շուրջ եղած քննադատություններին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը ճիշտ էր, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Պարոն Օսիպյանը վստահեցրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերահսկողությունը ուժեղ է լինելու եւ դրանք անցկացվելու են այնպիսի բարձր մակարդակով, ինչպիսին Երեւանի ավագանու ընտրություններն էին:
Հարցին՝ արդյոք բացառվելո՞ւ է քրեական տարրերի ներգրավվածությունը, ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց. «Օրենքի առջեւ բոլորը հավասար են, մենք չենք տարանջատում, դուք 5 ամիսների ընթացքում չե՞ք հավաստիացել, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են»:
Ոստիկանապետի խոսքով, չի կարող ասել՝ նախկինում ինչ է եղել, բայց միանշանակ է, որ այսօրվա ոստիկանությունը տարբերվում է. «Միայն բանիմաց եւ ուժեղ ոստիկանների շնորհիվ ունեցանք Երեւանի ավագանու լավ ընտրություններ: Նախկինում պաշտոնավարման ընթացքում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որեւէ մեկը որեւէ դրվագ փաստով ներկայացնի, որտեղ ինքս թերացել եմ: Ոստիկանությունը պատրաստ է գերազանց իրականացնել ԱԺ ընտրությունները, մենք կօգտագործենք նոր մոտեցումներ, որոնց մասին հիմա չեմ բարձրաձայնի»,-ընդգծեց նա:
Վալերի Օսիպյանը նաեւ ասաց. «Ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին ոչ միայն այն օրը, որ ընտրություն է լինելու, մենք այսօրվանից, երեկվանից էլ ՀՀ-ում ողջ օպերատիվ իրավիճակին ենք տիրապետում: Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, եւ վստահ եղեք, որ ո՛չ այսօր, ո՛չ ընտրության օրը անհանգստանալու որեւէ խնդիր չեմ տեսնում»,-շեշտեց նա` վստահեցնելով որ սրացում չի կարող լինել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ