«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ Արցախի հարցի լուծում հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձի, գնացող դեսպանի հայտարարություն է: «Մի կողմից ֆիքսում է, որ լուծումը դա է, մյուս կողմից ասում է, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը եւ հորդորեց՝ Միլսի հայտարարության մեջ իմաստ չունի առանձնակի բաներ ման գալ. «Այն, ինչ շատերը կարողանում են հասկանալ պաշտոնավարման սկզբում, Միլսը դա հասկացավ վերջում`հայ ժողովրդի համար անընդունելի է զիջում, քանի որ դրանք Արցախի Հանրապետության մաս են, ոչ թե «գրավյալ», ինչպես ինքն է ասում»:
Բանախոսը հիշեցնում է, որ այդ տարածքները բռնազավթվել էին Ադրբեջանի խորհրդային հանրապետության կողմից, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո բնական է, որ այդ տարածքները իրենց բնական ընթացքին վերադառնային: Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե այդ մասին պարոն դեսպանն իր հաջորդին ասի: Իսկ ինչ մնում է զիջումներին, ըստ Գառնիկ Իսագուլյանի, հայկական կողմն իր զիջումներն արել է 1994-ին`հրադադարի պայմանագրով:
«Ուշացումով, բայց պարոն Միլսը հասկացել է շատ կարեւոր մի հանգամանք»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթընի տարածաշրջան այցի մասով էլ Գառնիկ Իսագուլյանը նկատում է. «Բոլթընը կգա, էլի կգա, էլի պետքարտուղարներ կգան, չի բացառվում, որ ԱՄՆ նախագահներ գան, բայց դա ոչինչ չի փոխում հայ ժողովրդի մոտեցումների մեջ»:
Ի՞նչ բանակցություններ են վարվել նախկինում`Գառնիկ Իսագուլյանն էական չի համարում, էականն այն է, ըստ նրա, որ որեւէ փաստաթուղթ չի դրվել սեղանին: Ասում է`ապագա վարչապետն էլ կարող է բանակցել, ինչի շուրջ ուզում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ