Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տղուն վախեցրե՞լ են, շահագրգռե՞լ են, ի՞նչ են արել, որ այ սենց անտրամաբանական որոշում է ընդունել». Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 18,2018 13:08

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն այսօր հայտարարեց՝ ինքն ունի փաստեր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակված նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հանցագործ է:

«Ինձ հետաքրքիր է՝ պարոն Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էր հաղորդում տվել Հունան Պողոսյանի վերաբերյալ Շանթ Հարությունյանին խոշտանգելու մասին, հիմա որպես վարչապետ կոմֆո՞րտ, թե՞ դիսկոմֆորտ է ապրում: Բացի այդ, չենք կարող մոռանալ Գրիշա Վիրաբյանի խոշտանգումները, այդ ժամանակ Արարատի ոստիկանապետն էր Հունան Պողոսյանը, եւ Գրիշա Վիրաբյանի խոշտանգումները հասան Եվրադատարան: Մենք ինչքան հունանների ու վովաների պատճառով պետք է գնանք ՄԻԵԴ, ու մենք՝ հարկատուներս, նրանց արածների համար մուծենք… Հունան Պողոսյանը տարիներով այդ համակարգում է աշխատում, ով է նա իր ապրած կյանքով ու գործառույթներով, որ ինքն է ասում՝ ես չեմ եղել, ասել են՝ արել եմ, ասում են ստրուկին, իրեն ասել են, արել է, ինքը ստրուկ չէ՞ »,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց իրավապաշտպան Պողոսյանը:

Ըստ նրա՝ ստացվում է, որ Սյունիքի մարզը տալիս են ՀՀԿ-ին, միայն թե վարչապետի թեկնածու չառաջադրի՞. « Ո՞ւմ շահերն է ներկայացրել Հունան Պողոսյանը»:

Նա նաեւ ասաց, որ հանրության վստահության քվեն ստացած վարչապետն էլ Պողոսյանի նշանակման հարցում հանրության կարծիքը չլսեց:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ այդպես էլ չիմացանք Հունան Պողոսյանի մարզպետի պաշտոնում նշանակման շարժառիթը. «Հունան Պողոսյանը պետք է պաշտոնանկ արվի, սա պահանջ է»:

Նրա խոսքով, եթե Վալերի Օսիպյանի նշանակման դեպքում որպես հիմնավորում բերվեց այն, որ նա կոռուպցիոն շղթաներում չի եղել, ապա Հունան Պողոսյանի դեպքում դա էլ չարվեց. «Տարբերակված մոտեցումի մասին է խոսքը: Հունան Պողոսյանի եկամուտների, ունեցվածքի թվերը չեն կարող աշխատավարձի կամ օրինական եկամուտներով ձեռք բերված լինել: Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չպետք է աղճատվի նման նշանակումներով»:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն էլ անձնական ապտակ է համարում Պողոսյանի նշանակումը. «Վարչապետն իրավունք չունի միանձնյա որոշել…

Կասկածի ցեցն ընկել է մեջս, այդ տղուն վախեցրե՞լ են, շահագրգռե՞լ են, ի՞նչ են արել, որ այ սենց անտրամաբանական որոշում է ընդունել: Մարդ ծեծող ոստիկանին բերել, նշանակել էդքան տուժած մարզի ղեկավար, անթույլատրելի է: Ես միշտ պետք է ասեմ՝ Հունան Պողոսյանը պետք է հեռանա, նրա նշանակումն անձնական ապտակ եմ ընկալել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031