Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկատան բակում հայտնված նորածինները եղել են խնամված, գեղեցիկ հագնված․ մանրամասներ դեպքից

Հոկտեմբեր 18,2018 12:55

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում երեկ երեկոյան պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկվորյակների հայտնվելու փաստով այս պահին նյութեր են նախապատրաստվում․ ծնողների ինքնությունը պարզելու համար մի շարք փորձաքննություններ են նշանակվելու, այդ թվում՝ նաև գենետիկական։ Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի մարզի դատախազությունից։

Aravot.am-ը Շիրակի մարզում գործող ծննդատներից փորձեց պարզել, թե որտե՞ղ ծնված կլինեն այս փոքրիկները կամ արդյոք ծննդատներից որևէ մեկո՞ւմ են ծնվել։

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն ասաց, որ Գյումրու ծննդատանը նախորդ օրը երկվորյակ տղաներ են ծնվել, որոնք այս պահին գտնվում են հենց ծննդատանը, նրանք այդ ընտանիքում առաջնածին են, սպասված, ոստիկանությունից էլ եկել ու տեսել են։

«Մանկատան բակում հայտնված փոքրիկները դատելով ձեր նկարներից՝ կասեմ, որ լրիվ նորածին չեն, մոտ 20 օրական կլինեն», -ասաց Ֆելիքս Գրիգորյանը։

Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոցում» ևս վերջին 20 օրերին երկվորյակ տղաներ չեն ծնվել, մի երկվորյակ է ծնվել տղա և աղջիկ՝ երջանկացնելով ծնողներին։

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնից ևս փոխանցեցին, որ հոկտեմբերին երկվորյակներ չեն ծնվել։

Արթիկի ծննդատան տնօրենի ժ/պ Հասմիկ Աբրահամյանն էլ ասաց, որ սեպտեմբերին երկվորյակների ծնունդ ունեցել են․ մի դեպքում երկու աղջիկներ են եղել, մյուս դեպքում աղջիկ-տղա, մեկը մեռելածին է ծնվել։ Օգոստոսին ևս ծնվել են երկվորյակներ, սակայն, ըստ տնօրենի ժ/պ-ի, ծնված տղա երկվորյակները ցանկալի պտուղ են եղել, ընտանիքը երկու աղջիկներից հետո է ունեցել տղաներին։ Իսկ հոկտեմբերին երկվորյակներ չեն ծնվել։

Ի դեպ, մեր նյութի հրապարակումից հետո, մեծ թվով օգտատերեր նամակներ էին գրում մեզ՝ խնդրելով ճշտել երեխաների գտնվելու վայրը, որպեսզի որդեգրեն։

Մեծ թվով մարդիկ այս պահին ցանկություն են հայտնել որդեգրման: Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գեորգինյանը։ Սակայն, նա, մեջբերելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 112 հոդվածի 2․2 կետը, որտեղ հստակ սահմանվում է, որ ոստիկանությունը երեք ամսյա ժամկետում պիտի հայտնաբերի ծնողներին, եթե սահմանված ժամկետում չհայտնաբերեց, դադարեցվում է գործընթացը, և երեխան հաշվառվում է որպես որդեգրման ենթակա։

Նա նաև նշեց, որ իրենց տեսնելու պահին երեխաները եղել են խնամված, բավական կոկիկ, մաքուր, կապտուկներ չկային նրանց վրա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031