Aravot.am-ի հարցը, թե հնարավո՞ր է՝ ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը՝ արցախյան հակամարտության վերաբերյալ, կապված լինի Սիրիա խաղաղապահներ գործուղելու հետ, այսօր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց:
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, պարոն Մնացականյանն ասաց, որ ԱԳՆ խոսնակն այդ հարցին արդեն պատասխանել է եւ ավելացնելու բան ինքը չունի:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի նպատակը մեկնաբանելով, պարոն Մնացականյանն ասաց, որ նա գալիս է Ռուսաստան, տարածաշրջան, իսկ Հայաստանը ԱՄՆ հետ ունի հաստատված օրակարգ. «Կան երկկողմ հարցեր, կա տարածաշրջանային օրակարգ, կա գլոբալ օրակարգ»:
Հարցին՝ հնարավո՞ր է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ավելի զարգացնել, արտգործնախարարն ասաց՝ մենք ունենք ձեւավորված դիրքորոշումներ եւ մնում ենք այդ դիրքորոշումների շրջանակներում:
Այն հարցին, թե տողատակեր, ենթատեքստ տեսնո՞ւմ է Ռիչարդ Միլսի հայտարարության մեջ, ի պատասխան պարոն Մնացականյանն ասաց՝ մենք աշխատում ենք, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում եւ շարունակելու ենք անել այն, ինչ որ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ԽՎ նիստը, որը պետք է կայանար Հայաստանում, չեղարկելուն, ապա Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հարցը պետք է դիտարկել պրագմատիկ դաշտում. «Կքննարկենք, որեւէ լուծում կգտնենք, այստեղ որեւէ հակասական, հակահայկական որեւէ դիտարկումներ փնտրել պետք չէ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ