Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսին եւ Վյաչեսլավ Տարասովին պետք է շնորհակալ լինենք

Հոկտեմբեր 18,2018 12:10

Գրավյալ տարածքներ հասկացություն չկա ընդհանրապես, բոլոր այդ տարածքները ձեւավորվել են Ադրբեջանի հրահրած պատերազմի արդյունքում եւ Ադրբեջանը ոչնչի մասին խոսելու իրավունք չունի, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի լուծում հնարավոր չէ առանց «գրավյալ տարածքների» գոնե մի մասի վերադարձի: Այս համատեքստում, Արամ Սարգսյանը կրկին բարձրաձայնում է, որ հայկական պետությունները ցայսօր միասնական դիրքորոշում չեն կարողանում ձեւավորել Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Արամ Սարգսյանին զարմացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ԱՄՆ դեսպանի հայտարարությանը. «Ի՞նչ է նշանակում ասել հեռացող դեսպանի հայտարարություն. նա հեռացող դեսպան չէ, համանախագահող երկրի ներկայացուցիչն է, որը հավանաբար խոսում է բոլորի անունից եւ խոսում է այն մասին, որ ժողովուրդը համաձայն չէ տարածքների վերադարձին, իշխանության մասին բան չի ասում»:

Այլ մանրամասները` տեսանյութում

ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը համարում է, որ վիրավորական է գնացող դեսպանի նկատմամբ այդպես արտահայտվելը: Նկատում է`ամերիկյան եւ եվրոպական երկրներում դիվանագիտական պրակտիկայում նախկինների հանդեպ մեծ հարգանք է լինում: Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչներին խնդրում է`փոխել հռետորաբանությունը: Ասում է` հռետորաբանությունը քաղաքականություն է: Լարիսա Ալավերդյանը ուշադրություն է հրավիրում նաեւ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը հաջորդած ռուս վերլուծաբան Վյաչեսլավ Տարասովի հոդվածը «Ռեգնում» գործակալությունում, որտեղ վերջինս խոսում է այն մասին, որ Քարվաճառի հայերին տարհանելու են միջազգային երաշխիքներով: Նա հորդորում է`այս պարագայում էլ չասել Կրեմլի խոսափող եւ այլն: Ավելին, կարծում է, որ շնորհակալ պետք է լինենք Միլսին եւ Տարասովին, քանզի նրանց է վերապահվել ասել իրականությունը: Դիպուկ է համարում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի դիտարկումը ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին, որ Միլսն իրեն ուղղամտություն է թույլ տվել:

Լարիսա Ալավերդյանը բնական է համարում Արցախի հարցի շուրջ ակտիվությունը, քանի որ իշխանություն է փոխվել: Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարվել Տեր-Պետրոսյանի հայեցակարգից:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հայկական պետությունների կրավորական կեցվածքը, ըստ Արամ Սարգսյանի, Ադրբեջանին հնարավորություն կտա միջազգային ասպարեզում հաստատել իրենց դիրքորոշումը, որը հետագայում հերքելը մեզ համար դժվար կլինի:

Իրենց առաջարկները հիշեցնենք, հետեւյալն են` Արցախը պետք է ինքնորոշվի եւ առանձնանա, քան որ ցեղասպանության վտանգի տակ է: Սա պատմության մեջ հայտնի է Արեւելյան Թիմորի տարբերակ: Ի դեպ, հօգուտ այս տարբերակի, տարբեր ժամանակներում հանդես են եկել տարբեր երկրների քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031