«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում. «Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը»։
ՀՔԾ-ն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարցաքննության է հրավիրում Ներքին զորքերի նախկին պաշտոնատար անձանց։ Մասնավորապես, հրամանատար Գրիգոր Գրիգորյանի՝ Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանին հրավիրել էին հարցաքննության եւ հետաքրքրվել բանակի ներգրավվածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման, գործողությունների կամ հրամանների մասին։ ՀՔԾ քննիչները հետաքրքրվել էին, թե արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել, եւ այլ հարցեր։
«Ժողովուրդ» օրաթերթին հարցաքննված ներքին զորքերի սպաների ցուցմունք-մտահոգություններից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ՀՔԾ քննիչները, հարցաքննության հրավիրելով Ներքին զորքերի սպաներին, նրանց նախ հայտնում են, որ իրավիճակ է փոխվել, եւ հիմա պետք է պատմեն այն, ինչ իրականում եղել է։
Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել։ Ավելին, «Ժողովրդին» հասած տեղեկությունների համաձայն՝ Ներքին զորքերի սպաներից շատերը քննիչների հարցադրումներին չեն կարողացել պատասխանել՝ նշելով, որ 10 տարի է անցել, չեն հիշում։ Ըստ էության, այս հանգամանքը այդքան էլ դուր չի եկել ՀՔԾ քննիչներին, եւ վերջիններս իրենց հարցադրումները պնդել են մի քանի անգամ, ինչը սպաների մոտ անհանգստություն է առաջացրել։
Ներքին զորքերի նախկին աշխատակիցները իրենց մտերիմ շրջապատում հայտնել են, որ մտահոգված են իրենց ուղարկված ծանուցումներից եւ քննիչների հարցադրումներից, քանի որ անցել է 10 տարի, եւ կան բաներ, որոնք այդքան էլ լավ չեն հիշում։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն այս օրերին հարցաքննության է հրավիրում Ներքին զորքերի նախկին տեղակալներին, սպաներին, որոնք 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատվել են աշխատանքից՝ կա՛մ սեփական դիմումի համաձայն, կա՛մ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում