Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատերն են, այսպես ասած, ոչ ֆորմալ դիտարկումներում գնահատում այն, թե ինչ արեց նա վարչապետի պաշտոնում հինգ ամիսների պաշտոնավարման ընթացքում կամ այլ կերպ ասած՝ որն էր թավշյա հեղափոխության այդ հինգ ամիսների արդյունքը: Իհարկե, ներկայումս համարել, որ Փաշինյանը հրաժարական է տվել նաև դե ֆակտո, կլինի ինքնախաբեություն, և ըստ այդմ՝ նա շարունակում է պաշտոնավարել, և հետևաբար այստեղ իրականությունն ընդհատված չէ, շարունակության մեջ է: Սակայն, մյուս կողմից, սա մի փուլ էր, որը բնականորեն առաջացրել է հանրային ձգտումներն ու փորձերը ամփոփելու անհրաժեշտություն:
Այդ իմաստով գնահատականները, իհարկե, ամենատարբեր են՝ կան հիացածներ ու հիասթափվածներ, թեև դժվար է չափել, թե որքան, քանի որ Հայաստանում դեռևս չկա նաև սոցիոլոգիա: Մյուս կողմից՝ այստեղ թերևս պետք է տարբերակել ընթացիկ խնդիրներն ու խորքային առաջնահերթությունները, որ եղել են անցնող հինգ ամիսների ընթացքում: Եվ այս առումով, թերևս բուն խնդիրը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ թավշյա հեղափոխության ամրացում առանց պետականության կամ պետական կառավարման ներքին ու արտաքին թուլացման: Եվ չնայած ընթացիկ, իհարկե բազմաթիվ, խնդիրներին տարբեր ոլորտներում, այդուհանդերձ, առաջնահերթ խորքային խնդիրը Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը լուծել հաջողվել է, և ներկայիս փուլը դրա վկայությունն է:
Հաջողվել է ամրացնել թավշյա հեղափոխությունը, միաժամանակ ապահովել պետական կառավարումը ներքին ու արտաքին ցնցումներից, ապահովել անվտանգությունը և կայունությունը: Սա շատ կարևոր գործոններ են՝ հատկապես նկատի ունենալով այն, թե նախորդ համակարգը ինչպես էր ինտենսիվորեն աշխատում հենց այդ առումով հեղափոխության գործընթացին հարվածելու և ընդհատելու ուղղությամբ:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում