Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունքները մտահոգության տեղ չեն թողնում. Երևանում հայտարարել են արտասահմանյան տասնյակ մասնագետներ

Հոկտեմբեր 18,2018 10:43

Երևանում այս երկու օրերին տասնյակ երկրների առաջատար վարակաբանները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար ներկայացուցիչները «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով միջոցառման ժամանակ քննարկում են զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քայլերը:

ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում), գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, մեկտեղել է մասնագետներին, որոնք ներկայացնում են մարդու պապիլոմավիրուսի, կարմրուկի, կապույտ հազի կանխարգելմանն ուղղված քայլերը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի մի շարք մասնագետներ հատուկ անդրադարձել են իրենց երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ներդրման ընթացքին, հանրության շրջանում այս պատվաստման հանդեպ վստահության ձևավորմանն ու պատվաստումների արդեն ապահովված բարձր ծածկույթին:

Արգենտինայի փորձը` ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյան

«ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ապահով է ու շատ լավը` հիշեք: Երբ կա հիվանդություն և կա պատվաստանյութ, միանշանակ, գերադասելի է պատվաստանյութը: Հայաստանում մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, կարմրուկի դեմ պատվաստման ներդրումը փայլուն արդյունք է տվել: Վստահ եմ` նույնը կարձանագրվի նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստման առումով: Սա երկրորդ ամենատարածված պայքարի միջոցն է քաղցկեղի դեմ: Վստահ եմ, որ աշխարհի հաջող փորձը կնպաստի, որ Հայաստանն այս առումով բարձր արդյունք գրանցի»,-շեշտել է անվանի մանկաբույժ-վարակաբան, Արգենտինայում, ԱՄՆ-ում և Հայաստանում ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը:

 Իռլանդիայի փորձը` առողջապահության կազմակերպիչ, ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորա

«Իռլանդիայում իմունիզացիայի ծրագրի շրջանակներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ներդրման առաջին տարում արձանագրեց փայլուն արդյունք` մինչև 80 տոկոս ընդգրկում ունեցանք: Սակայն Ճապոնիայի և Դանիայի որոշ քայլերի հետևանքով որոշակիորեն այդ թիվը նվազեց` մինչև 50 տոկոսի: Հակաքարոզչությունը մեզ մոտ էլ որոշ մտահոգություններ առաջացրեց: Սակայն ընդգրկուն կրթական ծրագրերն առողջապահության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, ծնողների համար տվեց իր արդյունքը, քանի որ մեր ներկայացրածն ամբողջությամբ գիտական հիմքերի վրա էր: Այսօր արդեն ունենք 67 տոկոս ընդգրկվածություն ՄՊՎ դեմ պատվաստումներում, բայց ավելի բարձր արդյունքի պետք է հասնենք»,-հայտարարել է Իռլանդիան ներկայացնող առողջապահության կազմակերպիչ, ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորան:

Վերջինիս խոսքով` պատվաստվող աղջիկներից 10-ից 7-ի մոտ քաղցկեղը կանխարգելվում է: Փորձագիտական գնահատականներով` եթե այդ աղջկա մոտ նախաքաղցկեղային կամ քաղցկեղային վիճակ լիներ ու բուժումների կուրս անցկացվեր, բուժման այդ կուրսը կարող է տանել անպտղության: Իսկ պատվաստման արդյունքում վերարտադրողական առողջությունը կարող է ավելի ամուր լինել, քան նրանցը, ովքեր չեն պատվաստվել: Ճիշտ ուղերձն է պետք տեղ հասցնել` գիտական հիմքերով, ոչ թե սիրողական, հուզական ենթադրություններով:

Արգենտինայի փորձը` պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիման

«Աշխարհի բոլոր երկրների 40 տոկոսն արդեն ներդրել է այս պատվաստումը, ու առաջին հերթին ներդրել են զարգացած երկրները: 270 մլն դոզաչափ պատվաստանյութ է տրամադրվել արդեն, որոնք բոլորը գիտահետազոտական ամենատարբեր փուլերով են անցել` առանց կասկածի տեղ թողնելու: Արգենտինայում մենք այդ ուղղությամբ աշխատում ենք արդեն 20 տարի»,-մանրամասնել է մանկաբույժ-վարակաբան, պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիմանն Արգենտինայից:

 Մոլդովայի փորձը` համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցեբան

 «Բախտավոր ենք, որ ամենազարգացած երկրների կողքին մենք ևս ներդրել ենք ՄՊՎ դեմ պատվաստումը: Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը պատվաստումը ներդնելով դասվում են այն ներդրած ամենաառաջադեմ երկրների շարքին: Այո, աշխարհի հաջող փորձը հաշվի առնելով միայն կարող ենք փրկել կանանց կյանքերը: Մոլդովայում պատվաստումների գործընթացում ներգրավվածությունը 65 տոկոս է: Մենք ակտիվ ենք սոցցանցերում, ակտիվորեն աշխատում ենք առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ` ճշգրիտ փոխանցելու պատվաստման կարևորությունն ու անվտանգությունը: Մեր երկիրը քաղցկեղի այս տեսակի բուժման համար տարեկան ծախսում էր շուրջ 200 հազար դոլար: Նույնքան արժենում է նաև պատվաստման գործընթացը: Ստացվում է, որ մենք այլևս ծախս չենք անում բուժման վրա, միաժամանակ փրկում ենք 100 կանանց կյանք` առանց մեկ դոլար ավելի ծախսելու»,- ընդգծել է Մոլդովան ներկայացնող համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցեբանը:

 Ֆրանսիայի փորձը` Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության ներկայացուցիչ (IARC), ֆրանսիացի վարակաբան, համաճարակաբան Իակոպո Բաուսանո

 ՄՊՎ դեմ պատվաստանյութն անվտանգ է, վնասակար չէ, ու հայտարարության հիմքում գիտահեն ապացույցներ են` հայտարարում է Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության ներկայացուցիչ (IARC), ֆրանսիացի վարակաբան, համաճարակաբան Իակոպո Բաուսանոն:

 Սա պատվաստումների պատմության մեջ ամենաանվտանգն է, ու միաժամանակ որոշ մտահոգությունների պատճառով այն բազմիցս փորձաքննության է ենթարկվել և ստուգվել: Կարող ենք հայտարարել` ՄՊՎ դեմ պատվաստումն ապահով է ու անվտանգ և ապահովում է հիվանդությունից շատ բարձր պաշտպանություն` ընդգծում են սիմպոզիումին մասնակցող առաջատար մասնագետ-վարակաբանները աշխարհի տարբեր երկրներից:

ՖԱՅԴԵՔ-ը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում) հիմնադրվել է արգենտինահայ հայտնի վարակաբան դոկտոր Դանիել Ստամբուլյանի կողմից։ Նա հիմնադիրն է նաեւ Վարակիչ հիվանդությունների համահայկական միության (API), Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունների կենտրոն հիմնադրամի (FUNCEI), ԱՄՆ-ում հիմնված FIDEC USA շահույթ չհետապնդող կազմակերպության և Հայաստանում` ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի, ինչպես նաև համահիմնադիրն է Վարակիչ հիվանդությունների արգենտինյան հասարակության (SADI). Իր գործունեության ընթացքում դոկտոր Ստամբուլյանն արժանացել է բազմաթիվ պարգևների իր բժշկական և մարդասիրական ներդրումների համար։

Ներկայում ՖԱՅԴԵՔ-ը համագործակցում ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության հետ՝ համակարգելով Հայաստանում ՄՊՎ տարածվածությունը գնահատող համաճարակաբանական ուսումնասիրությունը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031