Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Մեր պետությանն ուղղված ակնհայտ սպառնալիքներն ու մարտահրավերները անհամեմատ ավելի լուրջ են, քան այսօր տարվող կադրային քաղաքականությունն է»

Հոկտեմբեր 18,2018 10:30

« Գուցե լիարժեք չենք կարողացել արդարացնել մեզանից սպասվող բազմաբնույթ ակնկալիքները, գուցե ժամանակի ընթացքում մեր մի շարք բացթողումներ կուտակվել և հանրության դժգոհությունն են առաջ բերել: Բայց դա մեր քաղաքական կենսագրության մի մասն է, և դրանից մենք չենք փախչելու»:

Aravot.am-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

– Հոկտեմբերի վերջին Երեւանում պետք է կայանար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, սակայն այն տեղափոխվեց Մոսկվա: Պաշտոնական հաղորդագրության մեջ դա պատճառաբանվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: Որքանո՞վ էին այս երկու իրադարձությունները խանգարում միմյանց, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո շարունակելու է կատարել վարչապետի լիազորությունները: ՀԱՊԿ-ում Հայաստանը հավելյալ խնդիրնե՞ր է կուտակում:

– ՀԱՊԿ ԽՎ-ը անկախ նրանից թե որտեղ է անցկացվում, միշտ էլ կարևոր հարթակ է հանդիսացել մեզ համար: Եվ կարծում եմ, որ մեր պատգամավորական պատվիրակությունը՝ անկախ խորհրդարանի կարգավիճակից, պետք է ակտիվ մասնակցի մոսկովյան վեհաժողովին: Իհարկե, ցավալի է, որ այն Երևանից տեղափոխվել է: Որքան էլ մեր գործընկերները փորձեն բացատրություններ գտնել, այնուամենայնիվ վեհաժողովի տեղափոխումը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի իմիջի վրա: Որքանով տեղյակ եմ, մեր խորհրդարանը պատրաստակամություն հայտնել է, նույնիսկ ստեղծված իրավիճակում, վեհաժողովը պատշաճ մակարդակով հյուրընկալելու համար, սակայն ներքաղաքական արագ ու անկայուն զարգացումները փաստորեն պատճառ են հանդիսացել, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանները կայացնեն այլ որոշում:

– Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ձեր կարծիքով, ՀՀԿ-ն պե՞տք է մասնակցի: Կուսակցությունում կարծես այս հարցում մոտեցումները կիսվում են: Դուք ո՞ր թեւի կողմնակիցն եք: Ինչո՞վ եք հիմնավորում ձեր մոտեցումները:

– Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում առավել ևս, ՀՀԿ-ն անելիք ունի: Հանրապետականը՝ անկախ իր նկատմամբ հասարակության որոշ մասի մոտ ձևավորված բացասական ընկալումներից, եղել և մնում է գաղափարական կուսակցություն: Պետության համար առանցքային հանդիսացող ներքին և արտաքին հարցերում ՀՀԿ-ն միշտ էլ ցուցաբերել է քաղաքական բարձր պատասխանատվություն: Մենք երբեք չենք խուսափել բարդ ու դժվարին իրավիճակներից, երբեք չենք ընկրկել արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ: Գուցե լիարժեք չենք կարողացել արդարացնել մեզանից սպասվող բազմաբնույթ ակնկալիքները, գուցե ժամանակի ընթացքում մեր մի շարք բացթողումներ կուտակվել և հանրության դժգոհությունն են առաջ բերել: Բայց դա մեր քաղաքական կենսագրության մի մասն է, և դրանից մենք չենք փախչելու: Ստեղծված իրավիճակը մեզ բոլորիս պարտավորեցնում է սթափ գնահատել քաղաքական հնարավորությունները, ձերբազատվել անցյալի բացասական երևույթներից և նորովի անդրադառնալ պետության ու հասարակության առջև առկա խնդիրների լուծմանը: Տասնամյակների քաղաքական փորձը, հանրային ու պետական կառավարման հսկայական գիտելիքներն ու հմտությունները, կուտակված արտաքին հարաբերություններն ու դրանցում շահավետ գործելու կարողությունը մեզ իրավունք չպետք է տա հետ քաշվել ու բաց դաշտում միայնակ թողնել անփորձ ու ռոմանտիկ քաղաքական գործիչներին:

Դեռևս չունենք վերջնական որոշում, բայց իմ անձնական կարծիքն է, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականը պետք է փորձի հասարակությանն ապացուցել, որ որպես քաղաքական ուժ ասելիք ու անելիք ունի:

– Թեեւ ոչ ՀՀԿ անդամ, բայց նախկին իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ գործիչ է եւ ինքը միշտ լինելու է վարչապետի կողքին: Ինչպե՞ս եք վերաբերվում հավատարմության նման երդումներին: Ի՞նչ նկատի ուներ, ըստ Ձեզ, Արեն Աշոտյանը, երբ հայտարարում էր վարչապետի կողմն անցնող ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումների մասին:

– Ես չգիտեմ ում նկատմամբ ի՞նչ ճնշումներ են եղել, կամ եղե՞լ են արդյոք թե` ոչ: Դա ազնիվ կլինի, եթե ասեն նրանք, ում նկատմամբ եղել են այդպիսի գործողություններ: Որովհետև պատգամավորի նկատմամբ ճնշումը նույն է, թե խոսենք Հայաստանում ժողովրդավարության ավարտի մասին: ՀՀԿ-ի հետ, կամ նրա կողքին ճանապարհ անցնելը շատերի համար է ցանկալի եղել, այդ թվում նաև անկուսակցականների: Իր գործունեության ընթացքում Հանրապետականը և նրա լիդերները շատ գործիչների են հնարավորություն տվել ինքնադրսևորվելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները պետությանն ու ժողովրդին ծառայեցնելու համար: Ինչպե՞ս են նրանք ծառայել և ի՞նչ հետք են թողել, դա թողնենք ժամանակի գնահատականին: Ես կարծում եմ, մենք պետք է հանգիստ վերաբերվենք նման իրավիճակներին, բայց միևնույն ժամանակ նաև հետևություններ անենք: Յուրաքանչյուրն ազատ է իր անհատական ընտրության, իր հայտարարությունների ու որոշումներ մեջ: Մենք իրավունք չունենք բացասական կամ դրական գնահատականներ տալու՝ եթե դրանք չեն առնչվում պետության ու հասարակության ակնհայտ շահերին: Ժամանակն է լավագույն ուսուցիչը և այն ցույց կտա, թե ովքե՞ր են ազնիվ իրենց նպատակներում:

– Նիկոլ Փաշինյանն օրերս խոսեց բարիկադները քանդելու մասին: Արտահերթ ընտրություններից հետո, ձեր կարծիքով, իշխող ուժի կադրային քաղաքականությունն ավելի հավասարակշռվա՞ծ կլինի, մանավանդ իշխող ուժի կադրային բազան, ինչպես պարզվեց, բավական աղքատ է:

– Իրականում այո՛, Նիկոլ Փաշինյանի կադրային ռեսուրսը ոչ միայն սակավ է, այլ նաև անպատրաստ: Դա ինչ որ տեղ կարելի է օբյեկտիվ համարել: Բայց մեր պետությանն ուղղված ակնհայտ սպառնալիքներն ու մարտահրավերները անհամեմատ ավելի լուրջ են, քան այսօր տարվող կադրային քաղաքականությունն է: Կադրերը որոշում են ամեն բան: Մենք էլ ենք ունեցել կադրեր, որոնք ժամանակի ընթացքում մեզ փաստի առաջ են կանգնեցրել, և այսօր էլ կանգնեցնում են: Սակայն դրանք համատարած բնույթ չեն կրել, ու դրանով չի վտանգվել քաղաքական և պետական կառավարման գործընթացները: Վերջին հինգ ամիսների կադրային նշանակումներն իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանի համար եղել են կա՛մ ընտրություն եղած թեկնածուների միջև, կա՛մ էլ դիտարկվել են որպես պաշտոնի ժամանակավոր տեղապահներ:

Նախ` շատ կարևոր է, որ այս ամենից հետևություններ անեն բոլոր կուսակցությունները, ովքեր գնալու են խորհրդարանական ընտրությունների: Կարծում եմ, որ բոլոր կուսակցությունները պետք է իրենց նախընտրական ցուցակներից սկսած և հետագայում նաև գործադիր իշխանության համար նախապատրաստեն լավագույնը ինչ ունեն, և կապ չունի թե ո՞վ է փողոց փակել, ո՞վ է բարձր գոռացել, ով ում հետ ինչ կապի մեջ է և այլն: Մեր հասարակության ակնկալիքները շատ ավելի մեծ են և նրա հիասթափությունը շատ ցավալի է լինելու բոլոր քաղաքական ուժերի համար:

Կադրային պատրաստվածության առումով Հանրապետականն անհամեմատ ավելի լավ վիճակում է, հատկապես, որ հնարավորություն է ստացել ինքնամաքրվելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031