Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը պատրա՞ստ էր…

Հոկտեմբեր 18,2018 10:14

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ մեծ իրադարձություն. հոկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները, ինչի կապակցությամբ Հայաստան այցելեցին ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակություններ պետության ղեկավարների մակարդակով:

Նախքան միջոցառումների անցկացնելը, ամիսներ շարունակ իրականացվեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, խնդիրներին տրվեցին պրոֆեսիոնալ լուծումներ՝ միտված այցելուների՝ Հայաստան մուտք գործելուն պես դրական սպասումների արդարացմանը եւ վերջիններիս առավել տպավորված հեռանալուն։
Կարելի է ասել, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները սկսվեցին եւ ավարտվեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որն այդ օրերին կանոնավոր չվերթներին զուգահեռ, սպասարկեց նաեւ 36 մասնավոր չվերթ։

Մեկ այլ կարեւոր փաստ եւս. թեեւ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ որոշ ավիաընկերություններ ավելացրել էին իրենց կանոնավոր չվերթների հաճախականությունը, ինչպես նաեւ օդանավերը փոխարինել էին ավելի մեծ տարողության օդանավերով, սակայն, ինչպես տեղեկացանք օդանավակայանից, չեն գրանցվել ո՛չ ուղեւորների կուտակումներ եւ ոչ էլ չվերթների ուշացումներ։
Ի դեպ, արդեն 17 տարի է, ինչ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: Եվ այդ օրվանից օդանավակայանում իրականացվել է 350 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին ընդառաջ ներդրվել է 3 մլն ԱՄՆ դոլար, որով վերանորոգվել է կառամատույցը։ «Զվարթնոցը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը. միայն 2017թ.-ին վճարած հարկերը կազմել են 3 մլրդ 318 մլն 274 հազար 400 ՀՀ դրամ։։

Նշենք, որ դեռեւս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել էր 2-րդ կարգ: Հետագայում էլ օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով իրականացվեցին ներդրումներ, որի արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական եւ հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղեւորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ.-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ.-ին:
2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր համալիրում, որն ընդգրկում է 52.000 քմ տարածք, կրկնապատկվեցին ուղեւորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղեւորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Իրականացրած ներդրումների եւ աշխատանքների գնահատականը եղան 2013թ. Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակված ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները, համաձայն որոնց՝ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

Ներկայումս օդանավակայանում աշխատում է 1690 աշխատակից, ովքեր էլ ամեն օր դիմավորում եւ ճանապարհում են ինչպես մեր համերկրացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։
«Զվարթնոց» օդանավակայանը 2016 թվականին 1992 թվականից ի վեր առաջին անգամ գրանցեց ամենաբարձր ցուցանիշը եւ սահմանեց ուղեւորահոսքի ռեկորդ՝ սպասարկելով 2 մլն 105 հազար 540 ուղեւորի։ Սակայն այսքանով չսահմանափակվեցին ռեկորդները. 2018թ. օգոստոսին գրանցված ուղեւորահոսքը եւս ռեկորդային եղավ. սպասարկվեց 329 հազար 665 ուղեւոր, եւս մեկ ռեկորդ էլ գրանցվեց օգոստոսի 1-ին. «Զվարթնոց»-ն այդ օրը սպասարկեց 11 հազար 837 ուղեւոր:

Այսպիսով, միջազգային ուղեւորահոսքի պահանջներին եւ չափանիշներին համապատասխան նախագծված «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքն իր միջազգային անվտանգության գոտիով, մաքսային, ուղեբեռի ստացման նոր համակարգերով, բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներով, հասարակական առեւտրային եւ սննդի գոտիներով, ժամանման եւ մեկնման նոր ճանապարհներով ու բազմաթիվ այլ հնարավորություններով մատուցում է բարձրակարգ ծառայություններ եւ պատվով է իրականացնում իր առջեւ դրված ցանկացած խնդիր՝ միեւնույն ժամանակ բարձր պահելով նաեւ Հայաստանի անունը:

ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ»

18.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031