Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է դա կոչվում «քաղաքական հետապնդում»

Հոկտեմբեր 18,2018 10:08

Բնական երեւույթ է. մարդիկ, որոնք կորցնելու շատ բան ունեն, անհանգիստ են իրենց ունեցվածքի եւ թերեւս՝ նաեւ ազատության համար, եւ ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակն ինչ-որ հրաշքով փոխվի, ու ամեն ինչ վերադառնա հին հունի մեջ: Նրանց հիասթափություն է սպասում՝ Հայաստանում «նախաապրիլյան» իրավիճակը վերականգնելն այլեւս անհնարին է: Եվ պաշտպանվելու համար նրանք պետք է գտնեն լուրջ փաստարկներ: «Քաղաքական հետապնդումը», մասնավորապես, փաստարկ չի: Եթե մարդը պետական պաշտոնի է եկել գրեթե 0 դրամով, իսկ հեռանում է՝ ունենալով մի քանի միլիոն դոլար արժողությամբ դղյակ, ապա պետությունն իրավունք ունի հարցնելու՝ որտեղի՞ց է այդ ամբողջ հարստությունը, եւ դա քաղաքական հետապնդում չէ: Անմեղության կանխավարկածն էլ այստեղ չի գործում. պետական ռեսուրսների հետ կապ ունեցող մարդը չի կարող դասվել այդ՝ «ի սկզբանե անմեղ» մարդկանց շարքին:

Արդարացումը, թե՝ «ես բիզնեսով չեմ զբաղվել, իմ ընտանիքն է զբաղվել» նույնպես, իմ կարծիքով, լուրջ չէ: Նախ՝ «տարօրինակ զուգադիպությամբ» միայն բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներն են, որ բացառիկ տաղանդներ են դրսեւորել խոշոր գործարարության ոլորտում: Երկրորդ՝ եթե դա նույնիսկ այդպես է, ապա պետությունը պետք է մանրազնին ստուգի այդ «հաջողության պատմությունները», պարզի, թե ինչպես է բարեկամի պաշտոնն ազդել այդ գործարարի հարստացման վրա, եւ դա քաղաքական հետապնդում չի լինի: Հասկանում եմ, որ այդ հանգամանքները պարզելը շատ բարդ է, եւ գուցե հենց այստեղ է, որ պետք է կիրառել անցումային արդարադատության մեթոդները, բայց դա անպայման պետք է անել բոլորիս, այդ թվում՝ հիշյալ գործարարների «հոգու հանգստության» համար: Իսկ եթե այդ բիզնեսմենները եւ նրանց բարձրաստիճան բարեկամներն անհանգստանալու բան չունեն, ապա պարզ չէ, թե ինչու են նրանք բողոքում «քաղաքական հետապնդումներից»:

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանում պետք է լինեն միլիոնատերեր, ինչպես նաեւ դղյակներ եւ շքեղ մեքենաներ ունեցող մարդիկ, որոնք այդ ամենը ստեղծել են իրենց բիզնեսով: Չարությունն ու նախանձն այստեղ ամենեւին էլ տեղին չեն: Մենք պետք է զրկենք «բիզնես» բառը բացասական բոլոր իմաստներից: Բիզնեսն ինքնին շատ լավ բան է՝ այն ենթադրում է աշխատատեղեր, երկրի զարգացում, նոր գաղափարներ եւ տեխնոլոգիաներ: Բայց որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ մարդիկ մեր շնորհիվ չեն հարստացել, մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում գործարարները, նրանց բարեկամներն ու մտերիմները բացարձակապես որեւէ կապ չպիտի ունենան ոչ գործադիր, ոչ էլ օրենսդիր իշխանության հետ: Հակառակ դեպքում, անցած երեք տասնամյակների փորձը հաշվի առնելով, կասկածներ միշտ էլ կլինեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Քրէական Օրէնքի եւ անոր հիման վրայ որեւէ դատավարութեան մէջ, «անմեղության կանխավարկած»ը, արդի ու զարգացած երկիրներում, օրինական մասնայատուկ, էական եւ անշրջելի յղացք մըն է, որ կը կիրարկուի բացարձակապէս բոլոր պարագաներու, անխտիր: Անոր դիմաց կայ՝ «փաստելու բեռը», burden of proof/fardeau de la preuve, զորս զետեղուած է մեղադրող կողմի ուսերուն վրայ: Մինչ մեղադրեալին շնորհուած է նաեւ կասկածի նպաստը, le bénéfice du doute. Այս օրինական սկզբունքերը, հիմնական կանոնները, անխախտելի են:

    Հետեւաբար, «անմեղության կանխավարկածն էլ այստեղ չի գործում»ը, կը ներէք, ճիշդ հաստատում չէ:

    Սակայն կարելի է ասել թէ, պետական պաշտօն ունեցած եւ կասկածելիօրէն, չափազանց հարստացած անձերու պարագային, այսպէս կոչուած «հանրային կարծիքի դատարան»ում, վերոնշեալ օրինական սկզբունքները ոչ մի իմաստ կամ նշանակութիւն ունին, գոյութիւն չունին: Ի դէպ, անոնք յաճախ չեղեալ են նաեւ պետական որեւէ պաշտօնավարութեան հետ ոչ մի կապ չունեցող իսկ շատ մը նիւթերու մէջ, եւս

    Ձեզի համար կը մնայ հիմա որոշել թէ ձեր այդ երկրին մէջ որ անդադար կերտելու եւ վերակերտելու ընթացքի մէջ էք, կ’ուզէք որ լինեն իսկական Օրէնք, իրենց անուան ու կոչումին արժանի՝ իրաւապահ մարմիններ, դատախազութիւն, դատարաններ, թէ միայն «հանրային կարծիք»: Բան մը որ չափազանց – նոյնիսկ բացառապէս – ազդու է անշուշտ քաղաքական ոլորտում, նուազ չափով ազդակ մըն է նաեւ օրէնսդրական արտադրութեան մէջ, բայց որ ամբողջովին, լիովին երկրորդական է, նոյնիսկ անբաղձալի է, դատական գործընթացին մէջ:

    Իսկ այն ինչ կը վերաբերի, Հայաստանում, առեւտրական գործի եւ քաղաքական պաշտօնների սերտ կապերին, նկատի ունեցէք որ եթէ, գոնէ մինչեւ օրս, այդպէս չլինէր դրութիւնը, երկիրը չէր հասներ անգամ այնտեղ, ուր քիչ թէ շատ հասած է: Եթէ կարող էք արդէն փոխել այդ ցարդ անխուսափելի իրականութիւնը, եւ առաջ երթալ, յաջողութիւն. յաւելեալ ուժ, ազդեցութիւն եւ կարողութիւն՝ կախարդական փայտիկին եւ բարի կախարդներուն:

    Մինչ այդ սակայն, լուծումը պարզ ու հեշտ է՝ վերոնշեալ օրինական էական սկզբունքները կը վերաբերին միայն քրէական Օրէնքին: Կացութիւնը տարբեր է քաղաքացիական, առեւտրական, եւ որոշ չափով հարկային օրինական դաշտերում: Այստեղ կը գործեն այլ կանխավարկածներ, ի նպաստ հետապնդող կամ պահանջող կողմին, փաստի բեռը նոյնքան ծանր չէ եւ կարող է հիմնուիլ հաւանականութեան վրայ, կասկածի նպաստ չկայ, անհրաժեշտ չէ բացարձակապէս ստոյգ կերպով փաստել ամէն բան:

    Նոր Հայաստանի նոր իշխանութիւնները եթէ օրինական հետապնդումները դուրս հանեն քրէական ոլորտից եւ հանրային կարծիքի դատարանից, եւ զանոնք զետեղեն օրէնքի միւս մակարդակների վրայ, ապա արդիւնքները կը հանդիսանան աւելի շատ, եւ գործնականօրէն աւելի օգտակար: Եթէ ոչ, անհերքելի է որ քաղաքական մղումներ կան այդ օրինական հետապնդումներուն մէջ, եւ նոր իշխանաւորները թող ուրեմն լիովին որդեգրեն նաեւ նախկին վարչակարգերի մօտեցումներն ու սովորոյթները: Գոնէ դերակատարներուն դէմքերը կը փոխուին, այդ ալ երեւի բաւարար երջանկութիւն է որոշ ժողովուրդի մը համար:

  2. gib.gibindus says:

    Լավ, էլի որ՝թող ձեր ասածով լինի: Բայց մեկ է, չեմ հասկանում, թե Շանթն ինչու է քաղբանտարկյալ: Պոլի փեդն առել ուզում էր մտցնել միլիցու չասեմ որտեղը: Հա՝՝, երևի դեմքը փակել էր ինչ որ ապուշ դիմակով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031