Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխական թիմն ինձ պաշտոնապես հայտարարել է քաղաքապետի թեկնածու»

Հոկտեմբեր 18,2018 15:30
yntrutyunner

«Էլցացում» հրահանգ կա`
ո՞ւմ սատարել Արմավիրի քաղաքապետի ընտրություններում

Առաջիկա կիրակի օրը` հոկտեմբերի 21-ին, հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում` Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան, քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Այս համայնքների ղեկավարներն էին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հրաժարականներ տվեցին: Արմավիրի մարզի Արմավիր մարզկենտրոնում նախընտրական վերջին շաբաթը բավական հետաքրքիր երանգներ է ստանում: Հիշեցնենք. այստեղ քաղաքապետի պաշտոնի համար մրցում է քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը: Նա շատ թե քիչ հայտնի դարձավ հանրությանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա այս տարածքում առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով «Ելք» դաշինքի կողմից: Ի դեպ, այն ժամանակ ընդդիմադիր դաշինքի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է` 800-ից քիչ ավելի ձայն: Դավիթ Խուդաթյանը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, ինքնաառաջադրվել է: Կարգախոսը հեղափոխության տրամաբանության մեջ է` «Քայլ արա, Արմավիր»: Իսկ նախընտրական բուկլետի վրա նաեւ վարչապետի նկարն է ու Ազատության հրապարակի հանրահավաքներից նկար: Կենսագրականում գրված է, որ իշխող ուժի հիմնադիր անդամ է: Ինքն էլ, ըստ տեղացիների, սիրում է ներկայանալ իբրեւ վարչապետի հովանավորյալ: «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին` իբրեւ քաղաքապետի թեկնածու իրեն ներկայացնելու փոխարեն ինչո՞ւ է վարչապետին եւ թավշյա հեղափոխությունը ներկայացնում, Դավիթ Խուդաթյանն ասաց. «Իմ քայլը հեղափոխական թիմը ինձ պաշտոնապես հայտարարել է որպես քաղաքապետի թեկնածու Արմավիրում: Կուսակցության գրասենյակում առաջին փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի կողմից ներկայացվել եմ «Իմ քայլը» թիմի թեկնածու Արմավիրի համայնքապետի պաշտոնում»:

Հետաքրքրվեցինք` հեղափոխության հաղթանակը եւ իր` հեղափոխական գործիչ լինելը կօգնի՞ հանրության քվեն շահել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ միակ հույսն այն չի, որ հեղափոխական թիմի ներկայացուցիչ լինելով ընտրվեմ քաղաքապետ»: Քարոզարշավ է իրականացրել: Արմավիրի բազմաթիվ խնդիրների լուծումներն, ասում է, առաջիկա հինգ տարիների ընթացքում քաղաքացիները տեսնելու են: Հարցին` ինչպե՞ս, քաղաքի բյուջեն սահմանափակ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ բոլոր աշխատանքներն են բյուջեով իրականացվելու: Կան, որ սուբվենցիաներով, կան, որ ներդրումներով»: Ներդրողների անուններ կամ ներդրումային ծրագրեր չի հնչեցնում: Մանրամասնում է. «Աշխատելու ենք, որ ներդրումներ լինեն»:

Ինքնաառաջադրված հաջորդ թեկնածուին` Ժիրայր Աբրահամյանին, Արմավիրում այդքան էլ չեն ճանաչում: Շատերն ասում են, որ նա իր թեկնածությունն առաջադրել է մյուս թեկնածուներից տարբեր առաջարկներ ստանալու համար:

Կրկին ինքնաառաջադրված Օհան Հարությունյանին այստեղ նույնիսկ շատ լավ են ճանաչում: Նա ավագանու անդամ է: Կարգախոսն է` «Նոր Հայաստան, բարեկեցիկ Արմավիր»: Նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի օգնականուհու եղբայրն է: Նրան, ըստ Արմավիրում շրջանառվող լուրերի, ոչ հրապարակային սատարում են Ռուբեն Խլղաթյանը` յուրայիններով, ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Օհան Հարությունյանը Արմավիրի էլցանցի պետ Վարդան Ներսիսյանի մտերիմ-հովանավորյալն է, իսկ Վարդան Ներսիսյանն էլ հայտնի քրեական հեղինակություն նորագյուղցի Բոգոյի մտերիմներից է: «Առավոտի» տեղեկություններով՝ էլցանցից «հրահանգ» է տրվել իրենց «ենթակայության» տակ գտնվող օբյեկտներին առաջիկա ընտրություններում Օհան Հարությունյանին սատարելու մասին: Վերջին օրերին ոստիկանություն են հրավիրվել նաեւ այս թեկնածուի կողմնակից 5-6 ակտիվիստներ` այլ թեկնածուների պաստառները պոկելու համար: Այս ամենի շուրջ Օհան Հարությունյանի հետ խոսել չհաջողվեց. նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Լսափողը վերցրած անձը խոստացավ, որ թեկնածուն հարմար պահի կզանգի:

Արմավիրի քաղաքապետի չորրորդ հավակնորդը Սեւակ Մինասյանն է՝ «Պահանջիր քո քվեով» կարգախոսով: Անկուսակցական է: Սեւակ Մինասյանը 2011-ին նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը Արմավիրի քաղաքապետի պաշտոնում` ընդդեմ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի: Նա ՀՀԿ-ական թեկնածուին զիջեց շուրջ հազար ձայնով: Սեւակ Մինասյանի թիմակիցները ողջ ընթացքում բարձրաձայնում էին զանգվածային խախտումների եւ ընտրության արդյունքն անվավեր համարելու անհրաժեշտության մասին: Նույնիսկ Արմավիր-Երեւան մայրուղին էին փակել:

«Առավոտի» հարցին` իր կարծիքով՝ Արմավիրում ընտրություններն ազատ եւ արդա՞ր են լինելու, քանի որ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը մեծ վստահություն ունի հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոչ թե կոնկրետ առաջադրված թեկնածուի, Սեւակ Մինասյանը պատասխանեց. «Բոլորս էլ մեծ վստահություն ունենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց դա իրավունք չի վերապահում որեւէ մեկին օգտագործելու Նիկոլ Փաշինյան անունը: Նախկինում էլ ինձ համար ոչ թե կուսակցության անունը կապ ուներ, այլ մեթոդները, որ գործարկում էին: «Սա մեր մարդն ա, ինքը պետք է լինի» սկզբունքն ընդունելի չէ: Անձին պետք է գնահատական տալ, համայնքը անձը պետք է ղեկավարի: Եթե նույն սխալը անի ներկայիս իշխանությունը, ուրեմն իրենք էլ են դատապարտվելու նույն ճակատագրին, ուրեմն ճիշտ ճանապարհ չեն բռնել: Ես կողմ եմ եղել հեղափոխությանը, պայքարել եմ, որովհետեւ այդ մեթոդներով նախկին իշխանությունը հավատն ու հույսը ժողովրդի մեջ սպանել էր: Մենք պայքարել ենք, հասել ենք այս օրվան. նորից հուսախաբ չանենք մեր ժողովրդին: Երեւանի ընտրություններն այլ ֆորմատ էին, դրանք քաղաքական ուժերին «ուժ ցույց տալու», դիրքավորվելու խնդիր էին: Արմավիրում այդ խնդիրը չկա: Դաշտը թողնենք ազատ, հավասար»: Արդար ընտրությունների դեպքում Սեւակ Մինասյանը իր հնարավոր պարտության հարցում խնդիր չի տեսնում: Հեղափոխությունն էլ, ասում է, բոլորով միասին պետք է ավարտին հասցնենք:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031