Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխություն՝ հանուն պետական պաշտոնի

Հոկտեմբեր 18,2018 15:00

Ոստիկանի 27 տարվա աշխատանքային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես շատ կարեւոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որեւէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի երեւույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ»: Ասել է թե՝ վարչապետի տրամաբանությամբ, հեղափոխությունից հետո պետական պաշտոնից զրկվածը կյանք չունի, կյանքի միակ իմաստը պետական պաշտոնն է: Հունան Պողոսյանը ծառայել է նախորդ իշխանություններին, ում դեմ հիմա պայքարում են թավշյա հեղափոխականները: Սա դեռ մի կողմ:

Ամենացնցողը վարչապետի այն միտքն է, թե պետական պաշտոն չունեցողը կյանք չունի: Ուրեմն եւ այն է ակնհայտ, որ թավշյա հեղափոխականները կյանքի իմաստը տեսնում են պետական պաշտոն ունենալու մեջ: Ասել է թե՝ այսօրվա կառավարության շատ անդամներ, օրինակ՝ փոխվարչապետներ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, նախարարներ Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, հազիվ 5-6 ամսվա կյանք ունեն: Ու սա բացատրում է նրանց խոսքերի ու գործերի տրամաբանությունը. իրենց վստահված ոլորտները ղեկավարում են այնպես, ինչպես ցանկացած վեց ամսական մեկը:

Դառնանք Հունան Պողոսյանին: Ինչու է վարչապետը «կապում» նրա կյանքի ժամանակավորապես կտրված թելը, ինչու կյանք չտալ բոլոր նրանց, ում «կյանքից զրկել են» անցած տարիներին. օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Հովիկ Աբրահամյանին, Ռոբերտ Քոչարյանին վերջապես: Նաեւ նրանց, ում պետական պաշտոն, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ կյանք էր տվել հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ում էլ կարճ ժամանակ անց «զրկեց կյանքից»:

Նապոլեոնի ժամանակների Ֆրանսիայում երգում էին՝ «ֆրանսիացին պիտի ապրի Ֆրանսիայի համար»: Երկրի, ոչ թե պետական պաշտոնի: Նոր Հայաստանում երգում են՝ «Հայեր ջան, դուխով»: Ուր, ում համար, հանուն ինչի, այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը. հանուն պետական պաշտոնի:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

17.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031