ԱՄՆ-ը «լուրջ է վերաբերվում
ԼՂ հակամարտության
գործում իր պարտավորություններին»
Հոկտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Նա ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար:
Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, եւ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հավելել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաեւ երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, եւ պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ «զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների եւ մի շարք այլ հարցերի շուրջ»:
Նկատենք, որ Երեւան այցից օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ջորջ Քենթը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նկատելով, թե Ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթաց կա:
«Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ երկիր այցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ վերջին շրջանում հակամարտության լուծման գործում ձեռք է բերվել առաջընթաց, այդ թվում՝ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաեւ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել էր նա: Ջորջ Քենթն այնուհետեւ հավելել էր, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում հակամարտության գործում իր պարտավորություններին. «Այս ամիս՝ երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը նվազել է: Կոչ ենք անում կողմերին շարունակել նույն ոգով»:
Նշենք, որ առաջիկա օրերին սպասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Ամերիկացի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը նախատեսում է այցելել Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Ըստ ամենայնի, Վաշինգտոնը Հայաստանի ղեկավարության հետ քննարկումներում մի շարք հարցադրումներ կանի՝ սկսած հարեւան Իրանի ուղղությամբ քաղաքականությունից, Սիրիա՝ հայկական հումանիտար խումբ ուղարկելու հարցից, մինչեւ Ղարաբաղյան կարգավորման խնդիրը:
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով ԼՂ ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան սպասվելիք այցից առաջ պաշտոնական Երեւանը մի քանի ուղերձներ հղեց: Թեեւ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո խոսեց սահմանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ Ալիեւի հետ իր ունեցած պայմանավորվածությունների մասին, այնուամենայնիվ, նա շարունակում է պնդել բանակցային գործընթացում Արցախի որոշիչ ձայն ունենալու անհրաժեշտության մասին:
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել եւ չի դնում՝ France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ հավելելով. «Բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»: Այնուհետեւ նա անդրադարձել է նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Փաշինյանն ընդգծել է, որ Ալիեւի հետ խոսել են ոչ թե հակամարտության կարգավորման տարբերակների, այլ խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորման մասին. «Անհնար է խոսել հակամարտության կարգավորման մասին, եթե չկա խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտ: Մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին»: Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, բացահայտում է այդ երկրի իրական նպատակը, իսկ նպատակն այն է, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց այնտեղ ապրող մարդկանց. «Նրանց նպատակը տարածքը մաքրելն է այնտեղ ապրող մարդկանցից»:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում եւս Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացին: «…Այս հակամարտությունների հետեւողական գոյությունը նաեւ պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձեւաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը: Դա նաեւ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համանախագահության ձեւաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տեւող եւ բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին»,- նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, եւ իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ «Միեւնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների եւ վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման եւ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ»,- եզրափակեց նա։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երեւան այցելած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպմանը Փաշինյանը անդրադարձել է ԼՂ խնդրին ու պատմել Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին:
«Մենք քննարկումների ժամանակ խոսեցինք նաեւ Ղարաբաղի հարցի մասին, ընդգծեցի, որ միջազգային հանրության համար պետք է ընկալելի դարձնել՝ ի՞նչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը: Կան շրջանակներ, որոնք ընկալում են այդ հարցը որպես տարածքային վեճի խնդիր, դա բացարձակապես այդպես չէ: Արցախում ապրող հայերի համար կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը, եւ, աչքի առաջ ունենալով նախկին ցեղասպանությունը, մարդիկ ուղղակի ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Մենք բազմաթիվ իրավունքների մասին ենք խոսում՝ խոսքի ազատություն, կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարություն, երեխաների իրավունքները նաեւ կարեւոր թեմա է, ընտանիքում բռնությունների թեման, որոնք շատ կարեւոր թեմաներ են, բայց Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն պայմաններում, երբ ուղղակի մարդու ամենապրիմիտիվ իրավունքը՝ ապրելու իրավունքն է կանգնել մարդու առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ: Նրանք աչքի առաջ ունեցել են նաեւ դարասկզբի Մեծ եղեռնը»,- նշել էր նա:
Այսպիսով, չնայած Փաշինյան-Ալիեւ մակարդակով առարկայական բանակցություններ, որպես այդպիսին, չեն կայացել ԼՂ խնդրով, այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ կարգավորման գործընթացը գտնվում է աշխույժ փուլում: Գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները փորձում են «թեժ» պահել ղարաբաղյան օրակարգը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
17.10.2018