Հարցազրույց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկիի հետ
– Պարոն դեսպան, Դուք Ձեր առաքելությունը Հայաստանում սկսել եք 2015 թվականին: Ի՞նչ տպավորություն եք ստացել Երեւանից եւ արդյոք նկատե՞լ եք դրական կամ բացասական փոփոխություններ:
– Երեւանը շատ ակտիվ քաղաք է, այն լի է կյանքով, լի է էներգիայով, այդ առումով այն շատ եվրոպական քաղաք է: Մենք՝ Եվրամիությունում աշխատողներս, զգացողություն ունենք, որ մենք տանն ենք: Երեւանը տարեցտարի ավելի է հարստանում, ամեն տարի կարելի է նկատել շատ դրական փոփոխություններ, մասնավորապես՝ ռեստորանների, սրճարանների թվի աճը: Ժամանցային վայրերի թիվն աճում է, այն շատ բազմազան է, այն շատ հարուստ է, շատ եվրոպական քաղաքներ կարող են նախանձել հայերին նման բազմազանության համար: Մշակութային կյանքը շատ հարուստ է՝ շատ, մասնավորապես, ֆիլհարմոնիկ համերգներ, օպերային ներկայացումներ, թատրոններ: Սա իսկապես շատ տպավորիչ է:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ բոլոր քաղաքների նման Երեւանն ունի իր խնդիրները: Խնդիրներ կան, որոնք պետք է լուծում ստանան: Եթե ինձ հարցնեք, թե Երեւանում ի՞նչ եմ կարոտում, ես կպատասխանեմ՝ հեծանվային ուղիները եւ քաղաքային հեծանիվները: Եթե ցանկանում եք, որ Երեւանը ավելի եվրոպական եւ արեւմտյան տեսք ստանա, ապա պետք է ներդնել հեծանվային ենթակառուցվածքների մեջ: Դա բոլոր քաղաքներում էլ շատ ժամանակակից է, նույնիսկ ամենամեծ քաղաքներում, նույնիսկ Նյու Յորքում: Հեծանվային ուղիները, քաղաքային հեծանիվները քաղաքները էկոլոգիապես ավելի մաքուր են դարձնում, կյանքն ավելի առողջ է դառնում, եւ սպորտային մթնոլորտում քաղաքում տեղաշարժվելու համար լավ պայմաններ եք ստեղծում, մասնավորապես, երիտասարդների համար: Այսպիսով՝ մենք սպորտային ենթակառուցվածքի կարիք ունենք, մասնավորապես՝ զանգվածային սպորտային ենթակառուցվածքի: Երեւանում ես սա եմ կարոտում:
– Որո՞նք են Եվրամիության ծրագրերը, որոնք իրականացվել են Երեւանի քաղաքապետարանի հետ:
– Նախ ասեմ, որ ուրախ եմ հարցազրույց տալ Երեւանի համար ԵՄ ծրագրերի մասին, որն այս տարի նշում է իր 2800-ամյակը: Երեւանը ավելի հին է, քան Հռոմը, դրանով պետք է հայերը հպարտանան: Այս տոնակատարությունները եւս մեկ առիթ են ցուցադրելու համար հարուստ ավանդույթները, հայ ինքնության ժառանգությունը: Երեւանը պետք է համարվի Արեւմտյան Եվրոպայի քաղաքակրթության օրրաններից մեկը: Եվ եթե վերցնենք հնավայրերը, ինչպիսիք են Էրեբունին, Մեծամորը, Դվինը, նրանք ապացուցում են, որ Երեւանը իսկապես կարելի է անվանել մշակութային փոխանակության խաչմերուկ: Այն մեր մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկն է, որտեղ կարող եք գտնել բնակեցման շարունակականությունը, դարերի ընթացքում ներկայիս քաղաքակրթական կյանքի շարունակականությունը եւ բոլոր կողմերից եկող ազդեցությունները: Էրեբունիում, Մեծամորում եւ Դվինում կարող եք տեսնել գտածոներ Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից, Ասիայից, Հեռավոր Արեւելքից, Հյուսիսից, Անատոլիայից եւ այժմյան Եվրոպայից: Դա շատ ուշագրավ է: Ուրիշ ոչ մի տեղ նման հարուստ գտածոներ չեք կարող գտնել, ինչպես Երեւանում եւ իր շրջակայքում:
Եվրամիությունը շատ հավատարիմ է հասարակ երեւանցիների կյանքի բարելավմանը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խոսել Եվրամիության կողմից Երեւանում ֆինանսավորվող մեծ ծրագրերի մասին: Մենք հիմա ունենք երեք առաջանցիկ ծրագիր: Առաջինը Կոշտ թափոնների կառավարման ծրագիրն է, որը ներառում է կոշտ թափոնների համար նոր աղբավայր: Կարծում եմ՝ շատ կարեւոր է Երեւանի համար, մասնավորապես, նրանց համար, ովքեր անցնում են հին աղբավայրի կողքով, որ կարողանան հասկանալ խնդրի ծանրությունը շրջակա միջավայրի, կյանքի որակի համար, մասնավորապես՝ մոտակա շենքերում եւ բնակավայրերում: Երեւանի Կոշտ թափոնների կառավարման ծրագրի արժեքը 35 000 000 եվրո է, եւ դրանք երկու եվրոպական բանկերից դրամաշնորհներ են՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Եվրոպական ներդրումային բանկից, որը Եվրամիության բանկն է, գումարած՝ Եվրամիության դրամաշնորհը:
Երեւանի համար երկրորդ առաջնային ծրագիրը Երեւանի փողոցային լուսավորման ծրագիրն է, որը իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի ներդրումներով, շուրջ 7 000 000 եվրո ընդհանուր արժեքով: Եվ երրորդ առաջնային ծրագիրն է՝ Էներգաարդյունավետությունը հանրային շենքերում, որը 15 000 000 եվրո ընդհանուր արժեքով վարկ է Եվրոպական ներդրումային բանկից: Բոլորովին վերջերս այս երեք ծրագրերը քննարկվել են համակարգող հանձնաժողովում, եւ հասկացանք, որ որոշ հետաձգումներ կան, ինչը հուսով ենք՝ պատշաճ լուծում կստանա, որովհետեւ սա շատ կարեւոր ծրագիր է հասարակ քաղաքացիների համար: Մենք ցանկանում ենք, որ հասարակ քաղաքացիները հնարավորինս շուտ զգան ծրագրերի օգուտը: Ցավոք սրտի, բացառությամբ Էներգաարդյունավետության ծրագրի, մյուս երկու ծրագրերում որոշ հետաձգումներ կան: Ես սա նշում եմ, որովհետեւ մենք հիմա հույս ունենք, որ Երեւանի նոր վարչակազմը ընտրություններից հետո առաջ կշարժի այս ծրագրերը: Նոր Հայաստանին մեծ ենթակառուցվածքների իրականացման հարցում պետք է ավելի լավ ցուցանիշ: Մեզ չի գոհացնում այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, երկար ժամկետները, ծրագրերի իրականացման երկար ժամանակահատվածը, իրականացման ուշացումները: Բայց խոսելով այս երեք կարեւոր ծրագրերի մասին՝ կարծում եմ, որ մասնավորապես՝ Փողոցային լուսավորման եւ Կոշտ թափոնների կառավարման ծրագրերը կարեւոր են, քանի որ նրանք քաղաքի տեսքը փոխում են: Կան նաեւ այլ ծրագրեր եւս, որտեղ Եվրամիությունը ներդրում է կատարել: Առաջինը մետրոն է: Եվրամիությունը նախկինում շատ ներդրումներ է կատարել մետրոյի արդիականացման գործում: Եվ որոշ վագոնների վրա փակցված են Եվրամիության լոգոները, երեւի թե դրանք Երեւանում միակ տեղերն են, որտեղ կարող եք հանդիպել Եվրամիության լոգոներին: Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման երկրորդ փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 17 000 000 եվրո՝ վարկեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Եվրոպական ներդրումային բանկից, ինչպես նաեւ Եվրամիության դրամաշնորհը: Այսպիսով՝ սա կրկին մեծ ծրագիր է, կրկին մի փոքր ձգձգվում է, բայց հույս ունենք, որ լավ ներդրում ենք կատարում:
Ես չեմ նշի այլ փոքր ծրագրերը, բայց եթե գումարեք այս թվերը, մեծ թիվ է կազմում եւ ցույց է տալիս Եվրամիության ամուր հանձնառությունը Երեւանի բարելավման համար:
– Ձեզ գոհացնո՞ւմ են ԵՄ ծրագրերի իրականացումը եւ նրանց արդյունքները:
– Մենք հիմա հնարավորություն ունենք քննադատաբար վերանայելու, թե նախկինում ինչ էր անում Եվրամիությունը եւ ինչ պետք է անի հիմա՝ հեղափոխությունից հետո: Մենք հետաքրքրված ենք հասարակ հայերի համար մեր գործունեության առավելությունները բարելավելու համար: Եթե ինձ հարցնեք անցյալի պատկերի մասին, կարծում եմ, որ մեր գործունեության շատ շոշափելի արդյունքներ կան Հայաստանում: Եվ թույլ տվեք կրկնել, որ անցած 20 տարիների ընթացքում Եվրոպական միությունը աջակցել է Հայաստանին ավելի քան կես միլիարդ եվրո դրամաշնորհներով: Կոնկրետ բաներ կան, որոնք մենք կարող ենք շոշափել, տեսնել, դրանք մեր գործունեության վկայություններն են: Բայց, իհարկե, մենք ամբողջապես բավարարված չենք: Կան մի քանի հարցեր, որոնք պետք է լուծում ստանան: Ես արդեն անդրադարձա առաջին կետին՝ մեր ծրագրերի իրականացման համար երկար ժամանակահատվածը: Հայաստանում ծրագրերի իրականացման տեւողությունը միջինում ութ տարի է: Սա Արեւելյան գործընկերության տարածքում ամենադանդաղ ցուցանիշն է: Այս մասին մենք խոսում ենք կառավարության հետ՝ Հայաստանի բրենդը բարելավելու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք ծրագրերի իրականացման ժամանակահատվածի արագացմանը: Մենք հասկանում ենք, թե այդ գործընթացը ինչու է այդքան երկար, քանի որ դա հիմնականում ենթակառուցվածքի մասին է: Ես խոսեցի Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի մասին, իհարկե՛, դա ժամանակ է պահանջում, բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը ավելի շատ ժամանակ են պահանջում, բայց մեզ համար հիմնական մարտահրավերը՝ նկատի ունեմ ոչ թե Եվրամիությունը, այլ գործընկեր Հայաստանը, նվազեցնել ծրագրերի իրականացման միջին տեւողությունը:
Երկրորդ խնդիրը՝ ավելի լավ օգտագործել Հայաստանի համար հատկացված ռեսուրսները, այսպես կոչված, բյուջետային օժանդակության շրջանակներում: Ի՞նչ է բյուջետային օժանդակությունը: Մենք այդ եզրը էլ չենք օգտագործում, մենք այժմ խոսում ենք ոլորտային բարեփոխումների մասին, ինչը նշանակում է՝ երբ մենք կնքում ենք պայմանագիր կառավարության հետ, որտեղ մենք աջակցում ենք տվյալ ոլորտում բարեփոխումներին, մենք ֆինանսապես աջակցում ենք կառավարությանը՝ բարեփոխումներն իրականացնելու համար: Ցավոք սրտի, նախկինում Հայաստանի համար հատկացված շատ գումարներ չեն օգտագործվել, քանի որ Հայաստանը ժամանակին չի իրականացրել հենանիշները: Քանի որ կարեւոր է, որ այս հենանիշները, համաձայն մեր պայմանագրերի, կատարվեն սահմանված ժամանակում, եւ այս երկար իրականացման պատճառով Հայաստանը կորցնում էր այն գումարը, որը ստանալու իրավունքն ուներ: Այժմ մենք նոր կառավարության հետ քննարկում ենք ընթացակարգեր, որոնք թույլ կտան կանխել այն իրավիճակը, երբ Հայաստանը չի կարող շահույթ ստանալ իրեն հատկացված գումարից՝ այս հենանիշների կատարման դանդաղ գործընթացի պատճառով:
Կան օրինակներ, որոնք տեղի են ունեցել նախկինում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանին հատկացված գումարի ավելի քան 50 տոկոսը չի վճարվել Հայաստանին, քանի որ Հայաստանը չի կարողացել սահմանված ժամանակահատվածում կատարել այս հենանիշները: Ցավոք սրտի, կան նաեւ այլ օրինակներ, երբ Հայաստանը չի կարողացել օգտվել այդ գումարներից: Մենք այժմ ցանկանում ենք փոխել դա: Ես կարծում եմ, որ նոր կառավարության հետ մեր քննարկումները լավ ուղու վրա են՝ կանխելու համար այդ գումարների կորուստը: Ինչպես ես նշել եմ, մի քանի ասպեկտներ կան, որոնք պետք է բարելավել, առաջինը՝ նվազեցնել կատարման ժամանակահատվածը, մասնավորապես՝ մեծ ծրագրերի, երկրորդը՝ բարելավել Ոլորտային բարեփոխման ծրագրերը: Երրորդը՝ ավելի լավ օգտագործել տարածաշրջանային ֆոնդերը, որոնց կառավարումը կենտրոնացած է Բրյուսելում, քանի որ այս միջոցներից շատերը հատկացվում են մրցակցային հիմքերով, ինչը նշանակում է, որ Հայաստանը՝ Արեւելյան գործընկերության երկրներից մեկը, այլ երկրների հետ մրցակցում է գումարի համար: Եթե այլ երկրներ ավելի լավ նախագծեր են պատրաստում, ունեն ավելի լավ գաղափարներ, նրանք կվերցնեն գումարը, ոչ Հայաստանը: Եվ մենք Հայաստանի համար շատ հնարավորություններ ենք տեսնում՝ բարելավելու համար իր ծրագրերի մրցակցայնությունը Արեւելյան գործընկերության մյուս երկրների նկատմամբ:
Չորրորդ տարրը, իհարկե, ավելի թիրախավորված աջակցությունն է հայաստանցիների կարիքներին: Եվ այստեղ մենք պետք է ավելացնենք մեր երկխոսությունը քաղաքացիական հասարակության եւ շարքային քաղաքացիների հետ: Մեզ համար գործառութային սովորական եղանակն է նստել կառավարության հետ եւ համաձայնել նրանց հետ, թե որտեղ մենք պետք է ուղղենք մեր աջակցությունը: Մենք այժմ ցանկանում ենք լինել ավելի բաց շարքային հայաստանցիների գաղափարների եւ սպասումների համար, որովհետեւ մասնավորապես հեռավոր վայրերում նրանք ավելի լավ գիտեն՝ որն է դոնորի գումարների համար լավագույն օգտագործման եղանակը, եւ նրանք ավելի լավ գիտեն՝ ինչպես օգտագործել այս գումարը: Այսպիսով՝ մենք մեծ մարտահրավեր ունենք բարելավելու համար ԵՄ աջակցության արդյունավետությունը Հայաստանի զարգացման համար: Այժմ ռազմավարական մարտահրավեր է Հայաստանը դարձնել գրավիչ ապրանքանիշ Եվրամիության հետ համագործակցության համար: Եթե Հայաստանը՝ իբրեւ մեր գործընկեր, կարող է ստեղծել դրական, օրինակելի բրենդ, նա կարող է հավակնել ավելի մեծ ռեսուրսների՝ առաջիկա ֆինանսական շրջանակում, քանի որ հաջորդ տարի Եվրամիությունը կսկսի նոր բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ քննարկումները, որը կսկսի 2021-ից մինչեւ 2028: Եվ եթե Հայաստանը կարողանա ստեղծել նման լավ ապրանքանիշ, կարող է առավել շատ օգտվել Եվրամիության աջակցությունից:
Մենք մեզ չենք պարտադրում, իհարկե, շատ բան կախված է հայերից, բայց իհարկե՛, երկիրը կարող է ցույց տալ, որ կարող է արդյունավետ օգտագործել գումարը լավ նպատակների համար, առանց կոռուպցիայի, երբ քաղաքացիները կարող են իսկապես զգալ տարբերությունը:
Անշուշտ, մեկ այլ կարեւոր գործոն է տեսանելիությունը: Եվրամիությունը մտածում է իր աջակցության տեսանելիության մասին: Քանի՞ Եվրամիության դրոշ կարող եք տեսնել Երեւանում: Նույնիսկ տոպոգրաֆիայի տեսանկյունից Երեւանի քարտեզում Եվրոպան չկա: Ռուսաստանը, Ուրուգվայը, Իտալիան, Ֆրանսիան, Հնդկաստանը ունեն իրենց սեփական փողոցները կամ հրապարակները: Եվրոպան չունի նույնիսկ մի փոքր փողոց՝ ի տարբերություն Արեւելյան գործընկերության այլ մայրաքաղաքների, ի տարբերություն Գյումրիի, որտեղ կա Եվրոպայի հրապարակ: Երեւանի տոպոգրաֆիայում Եվրոպան չի երեւում:
Մենք ակնկալում ենք աշխատել Երեւանի նոր քաղաքապետարանի հետ: Կարծում եմ, որ ավագանու ընտրությունները շատ կարեւոր էին: Այս ընտրությունները չեն դիտարկվել միջազգային դիտորդների կողմից, հետեւաբար մենք՝ իբրեւ Եվրամիություն, չենք կարող ապավինել Եվրոպայի խորհրդի կամ ԵԱՀԿ-ի պաշտոնական զեկույցներին: Բայց դատելով քաղաքական մրցակիցների արձագանքից՝ շատ հանգիստ, շատ կանոնավոր ընտրություններ են եղել, իհարկե՛, եղել են նաեւ որոշ խախտումներ: Ես անձամբ խոսել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ հարցրել եմ նրա կարծիքը: Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել են բողոքներ եւ խախտումների մասին ահազանգեր, ես կարծում եմ, որ ընդհանուր զգացումն այն էր, որ սա աննախադեպ արդար եւ ազատ ընտրություն էր Երեւանում: Այսպիսով՝ նոր քաղաքապետարանը շատ ուժեղ լեգիտիմություն ունի, եւ մենք պատրաստ ենք աշխատել նոր քաղաքապետարանի հետ՝ Երեւանի զարգացման առաջընթացի համար:
– Ո՞րն է Երեւանի Ձեր տեսլականը:
– Երեւանի իմ տեսլականը ուժեղ, տարածաշրջանային հանգույցն է, որը մշակույթով, կրթությամբ, նոր տեխնոլոգիաներով ճառագայթում է հարեւան տարածաշրջանները: Երեւանը ունի բոլոր առավելությունները տարածաշրջանային հանգույց դառնալու համար: Իհարկե՛, կան խնդիրներ՝ կապված փակ սահմանների եւ ծովին ելք չունենալու հետ, կարելի է ասել՝ կան սահմանափակումներ, բայց 21-րդ դարում, երբ տեխնոլոգիան աշխարհագրության նկատմամբ առավելություն է ունենում, դուք կարող եք զարգացնել Երեւանի ապրանքանիշը իբրեւ տարածաշրջանային հանգույց, մասնավորապես՝ որտեղ մարդկային կապիտալը ամենակարեւոր փաստարկն է: Եվ որո՞նք են ոլորտները: Դա հենց մշակույթն է, որովհետեւ դա ստեղծարարության, արվեստի մասին է, եւ Հայաստանը տարածաշրջանային մակարդակով մեծ ներուժ ունի: Դա կրթության մասին է, որովհետեւ եթե հայերը կարողանան ստեղծել ուժեղ կրթական հաստատություններ, կստեղծվի մագնիսական ուժ տարածաշրջանի այլ երկրների բնակիչների համար՝ տարբեր ուղղություններից՝ Հյուսիս, Հարավ, Արեւելք, Արեւմուտք: Ուժեղ կրթական հաստատությունները միշտ դրսից մարդիկ են բերում եւ խթանում են տնտեսությունը: Եվ երրորդ՝ ՏՏ, նոր տեխնոլոգիաները: Չեմ ուզում ասել, որ Հայաստանը նոր Սիլիկոնյան հովտի համար զարգացման վայր է, բայց եթե Երեւանը կարողանա ստեղծել ապրանքանիշ տարածաշրջանային սթարթափների համար, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում, արդեն կարող է նման բան լինել, ես տեսնում եմ ներուժը: Քանի որ եթե նայեք ամբողջ տարածաշրջանին՝ Հյուսիս, Հարավ, Արեւելք, Արեւմուտք, Հայաստանը առավել հարմարավետ է նոր տեխնոլոգիաների հետ, նրանք ներդնում են նոր տեխնոլոգիաներ, նրանք «Ֆեյսբուքի մարդիկ» են՝ համեմատած այլ երկրների: Երբ մենք խոսում ենք Արեւելյան գործընկերության երկրների կամ նախկին սովետական հանրապետությունների մասին, սոցիալական ցանցերի գրագիտությունը ամենաբարձրն է Հայաստանում, եւ սրանք օբյեկտիվ թվեր են: Եվ սրանք Հայաստանի ուժեղ կողմերն են: Այսպիսով՝ այո՛, ես տեսնում եմ ներուժ, բայց դուք լավ կառավարման համակարգի կարիք ունեք, առանց կոռուպցիայի, հիմնված մերիտոկրատիայի վրա, ոչ նեպոտիզմի, բաց լինել եւ բաց վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ՝ դիտարկելով արտաքին աշխարհը որպես հնարավորություն եւ ոչ սպառնալիք, եւ այլն: Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հաշվի առնելով՝ ես ապագային նայում եմ լավատեսությամբ: Եթե կարողանաք այս հեղափոխությունը աշխատեցնել եւ հաջողության հասնել, եթե կարողանաք Երեւանը դարձնել տարածաշրջանային հանգույց, որտեղ սահմանները նշանակություն չեն ունենա, ելքը դեպի ծով նշանակություն չի ունենա, քանի որ 21-րդ դարում կարեւոր է ստեղծարարությունը, նորարարությունը, մտավոր կարողությունը, ինչից Հայաստանը շատ ունի:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
17.10.2018