Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր» մարդը չի ուզում ապրել «հին» տանը

Հոկտեմբեր 18,2018 14:00

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, համաշխարհային մի լուրջ պրոցեսի ազգային պրոյեկցիա է: Այո, ծնվել է, իսկ ավելի ճիշտ` ծնվում է ՆՈՐ ՄԱՐԴԸ, որն այլեւս չի ուզում եւ չի կարող ապրել ՀԻՆ տանը: Հոռետեսները կամ պահպանողական մտքի տեր մարդիկ կասեն` մարդու հին ու նորը ո՞րն է, մարդը` մարդ է, դա ինչ արհեստական ջրբաժան է: Բայց եկեք չշտապենք մեր եզրահանգումների մեջ եւ փորձենք առավել ամբողջական հասկանալ երեւույթների արմատները, քանզի այն, ինչ տեսնում ենք այս պահին, այսբերգի լոկ տեսանելի գագաթն է: Մարդու այս տիպը գուցե դեռ լիովին չի գիտակցում, բայց սկսել է կռահել, որ բոլոր կրոնները, քաղաքական հոսանքներն ու գործիչներն առանց բացառության, իրեն դիտում են իբրեւ միջոց, իբրեւ առարկա` շահագործելու կամ կառավարելու համար: Բնավ էլ պատահական չէ, որ աշխարհի բոլոր երկրներում էլ ներկայումս մարդկանց մեծ դժվարությամբ են տանում ընտրության: «Դրամատիզացնելով» ընտրական սյուժեները, մոգոնելով զանազան քաղաքական շոուներ, կուսակցական կառույցներն ու կառավարությունները լավ էլ հասկացել են, որ մարդիկ հետզհետե դուրս են գալիս իրենց ուղղակի վերահսկողությունից, նույնը նաեւ եկեղեցու պարագայում:

Նոր մարդը, ի տարբերություն հնի, այլեւս համաձայն չէ անվերջ խաղալիք լինել այլոց ձեռքերում, դժբախտ զգալ, նվնվալ իր ճակատագրից, նրան այլեւս հնարավոր չէ պահել կրոնական, քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային եւ նույնիսկ բարոյագետների հորինած կապանքների մեջ: Նա հետզհետե զգում է իր անհատականություն լինելը, իսկ դա բնականաբար նյարդայնացնում է քաղաքական գործիչներին եւ հոգեւորականներին: Այս «մարդ-անհատականությանը» այլեւս հնարավոր չէ կերակրել կեղծ գաղափարներով ու նպատակներով, մանիպուլյացիայի ենթարկել փողի, փառքի, պրիստիժի խայծերով: Նա պարզապես ուզում է երջանիկ լինել: Նրա Սահմանադրությունը եւ օրենսգիրքն իր մաքուր, անաղարտ գիտակցությունն է, բանական ու ներդաշնակ, սիրող ու կարեկցող լինելու աստվածային շնորհը: Այս նոր մարդու ուրվագիծը արդեն տեսանելի է աշխարհում: Հոգեւոր վերածննդի այս պրոցեսները հասկացել կամ կռահել են շատ երկրներում, բայց քանի որ դեռեւս գտնված չէ դեպի այս նպատակը տանող մոդել, հետեւաբար գործող մոդելը շարունակում է կանգուն մնալ: Ուշադրություն դարձնենք՝ «հայկական թավշյա հեղափոխության» մի քանի դրվագների վրա: Կողք կողքի հրապարակում կանգնել էին կուշտն ու սովածը, շահագործողն ու շահագործվողը, քաղքենին ու մտավորականը, ազգայինն ու ապազգայինը, լիբերալն ու ազգայնականը, հուսահատվածն ու լավատեսը եւ այսպես շարունակ: Նշանակում է՝ մարդկային զանգվածների մտքում եւ սրտերում կուտակվել էր միանգամայն նոր տեսակի չռեալիզացված էներգիա ու պահանջներ:

Այո, մարդն ուզում է, որ իրենից չխլեն ինքնահարգանքը, նա ուզում է սիրել, ուզում է, որ ինքը վստահորեն կարեկցի այլ մարդկանց, լինի գնահատված, նա հոգնել է բողոքելուց, ատելուց, հայհոյելուց: Նա սեր է ուզում… Եթե փոքր-ինչ վերացարկենք երեւույթները, կտեսնենք, որ Նիկոլը «կոնկրետ մարդ չի», նա ժամանակի եւ պատմական զարգացման պրոցեսի «լիդեր» գործիքն» է կամ մեր ազգային ճակատագրի այս պահի հանձնարարականը: Նրա անում է այն, ինչ արդեն ձեւակերպվել էր հասարակության «կոլեկտիվ անգիտակցականում»: Նիկոլն անձնապես քաջ մարդ է, համառ, հանդուգն եւ անկոմպրոմիս, եւ նրա հայտնությանը հանրությունը սպասում էր: Նա, ասես հասարակական եւ համազգային «պատվեր» լիներ:

Կոմպրոմիսների չգնալը, անկախ դրա անհրաժեշտությունից, նրա բռնած գործի ողնաշարն է: Կոմպրոմիսը կսպանի նրան, կկասեցնի քաղաքական փոփոխությունների ընթացքը: Նա եկել եւ ասում է` այսպիսի «պատերով, առաստաղով եւ կահավորանքով» տանը ապրելը այլեւս անհնար է, փոխել է պետք ամեն ինչ: Սա մաքսիմալիզմ է, բայց սպասված, առանց այդ մաքսիմալիզմի ճահիճի մեջ կրկին խրվելը հեշտ է: Սա գիտեին բոլորը, բայց չկար ազդակը կամ սկիզբը, ահա թե ինչու «Քայլ արա» եւ դարձիր ինքդ քո ու երկրի տերը կարգախոսը աշխատեց անվրեպ: Ճի՞շտ որոշում է, միանշանակ: Նույնիսկ սա ինչ-որ մեկի որոշումն էլ չէ, այլ կյանքի բնական պահանջը, իսկ պահանջի կատարողները վարչապետ Նիկոլն է ու նրան շրջապատող երիտասարդ մարդիկ: Տխուր վիճակում են այսօր հայտնվել կուսակցությունները, որոնք փորձում են գոյատեւել: Նրանք պարզապես չեն կարդացել հայտնի քաղաքագետներից մեկի այն խոսքը, ըստ որի` «Բոլոր կուսակցություններն էլ ի վերջո մեռնում են, իրենց կուլ տված կեղծ դեղահաբերից»: Նրանք գուցե ամենեւին էլ վատ մարդիկ չեն, բայց նրանք ընդամենը քաղաքականության «պրոդուկտ» են, իսկ քաղաքական «պրոդուկտը» մտածելու եւ ապրելու միայն մեկ կոնֆիգուրացիա ունի` դա իշխելու տենդն է ու տենչը: Այս նյութականացված, տենդախտով տառապող մարդկային զանգվածը` ովքեր տեւականորեն ապրել են քաղաքական «թունաքիմիկատների» մեջ, անմտորեն ջղաձգվում են, որովհետեւ «հոգեւոր մարդու», ազատ մարդու գոյությունից բացարձակ անտեղյակ են: Միայն հիվանդ կամ տկարամիտ մարդը երկու շրջափուլ երկիրը ղեկավարելուց հետո կարող է երազել կրկին քաղաքականություն վերադառնալու մասին: Արդեն տեսանելի է, որ մեր հանրությունը կազատագրվի կոռուպցիաից, իր տան միջից դուրս կհանի ավելորդ «կահույքը»: Ի դեպ, սրանք բարի ցանկություններ չեն, այդ ամենը արդեն տեղի է ունենում: Կուշտ կամ սոցիալապես առավել ինքնաբավ, բարեկեցիկ կյանքի պատկերը, դեռ երկար կշողա մարդկանց աչքերի առջեւ, բայց արդյունքները կերեւան ավելի ուշ, երբ կկարգավորվի տունն ամբողջությամբ: Որակյալ`արդար ու օրինական ընտրությունները ինքնին չեն երաշխավորելու շատ որակյալ իշխանության ձեւավորումը:

Շատ մարդասեր իշխանություն չի լինում առհասարակ, ժամանակակից քաղաքականությունը այդպիսի «պրոգրամ» չունի: Ավելորդ հիասթափություններից խուսափելու համար պետք չէ ուռճացված ակնկալիքներ ունենալ: Դա շուտ չի լինելու, բայց լինելու է աշխարհում ընթացող դրական պրոցեսներին համընթաց: Քաղաքացիական հասարակությունը, ազատ քաղաքացին զգալիորեն տարբեր են այն մեծ, հզոր ու գեղեցիկ երեւույթի համեմատ, որը կոչվում է «ԱԶԱՏ ՄԱՐԴ», բայց քանի դեռ չի կայացել ազատ քաղաքացին, ազատ մարդու երկունքը կլինի դժվար: Սա մեր դեպքում հրատապ հարց է: Քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքացին ազատ մարդու «ուվերտյուրան» է: Մենք դեռ պիտի «երգենք» նախերգանքը եւ նոր միայն հասնենք օպերայի բուն թեմային: Հետաքրքիր է, որ դա մեզ ավելի հեշտ կտրվի, քան տնտեսապես զարգացած արեւմտյան երկրներին, որոնք այնքան բծախնդրորեն ու հիմնավոր կերպով հղկել են իրենց հասարակական եւ իրավա-քաղաքական համակարգերը, որ այն մի շարք կետերում սկսել է աշխատել ԱԶԱՏ մարդու պարզ պահանջների դեմ, ստեղծել է շահագործման, մարդուն կապանքների մեջ պահելու նոր ձեւեր ու մոդելներ: Իսկ թե ինչու դա մեզ առավել հեշտ կտրվի եւ ինչպես, խոսակցության այլ թեմա է: Մինչ այդ մենք դեռ մի քիչ էլ կտապակվենք «քաղաքական թավայի» մեջ` հանրությունը բաժանելով հեղափոխականների եւ հակահեղափոխականների, «սեւերի եւ սպիտակների», պրոգրեսի ջատագովների եւ թշնամիների: Այնուհետեւ` այս մանկամիտ խաղերից հոգնած կսկսենք ամեն բան քննել նաեւ վերքաղաքական ու հոգեւոր հարթության մեջ: Իսկ այս փոքրիկ պատմությունը ճիշտ եւ ճիշտ արտացոլում է մեր այս պահի իրավիճակը:

Մի մարդ շքեղ տուն էր կառուցել, որի մեծ սրահը ամբողջովին հայելապատ էր: Պատահում է այնպես, որ տան պահակը գիշերը շանը մոռանալով ներսում, փակում է դռները եւ գնում: Խեղճ շունը հայելապատ սենյակում տեսնում է, թե ինչպես տասնյակ շներ հարձակվում են իր վրա: Սկսում է «կռվել» նրանց դեմ, նորանոր շներ «վրա են տալիս մերթ աջից, մերթ ձախից», մի խոսքով` «կատաղի մենամարտ, թշնամի շների» դեմ: Առավոտյան շանը գտան փշրված հայելիների մեջ արյունաքամ ու սատկած: Նոր մարդու ծնունդը կազդարարվի այն օրը, երբ նա կհասկանա, թե որտեղ է ապրում «թշնամին» եւ որտեղից են գալիս բոլոր աղետները, եւ վերջապես, երբ մարդը կդառնա ինքն իր լիակատար տերը:

ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ»

17.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031