Օրերս Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայացած երեկոն նվիրված էր աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Լեւոն Չիլինկիրյանի ծննդյան 70 եւ թավջութակահար Սթիվեն Իսելիսի 60-ամյա հոբելյաններին: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ջութակահարը հանդես եկավ Մոցարտի թիվ 3 կոնցերտի մեկնաբանմամբ, թավջութակահարը՝ Դվորժակի կոնցերտի: Հետո էլ երաժիշտները հնչեցրին Բրամսի կրկնակի կոնցերտի երկրորդ մասը (Ադաջիո): Կարելի է պատկերացնել կատարումներից հետո հանդիսատեսի օվացիան:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ մեզ հետ զրույցում ժամանակին իրենց աշխարհաքաղաքացի համարող երաժիշտների հոբելյանները որտեղ են նշվել: Չիլինկիրյանն ասաց, որ մայիսին ընտանյոք նշել են իր հոբելյանը, իսկ Իսելիսը կեսկատակ-կեսլուրջ հայտնեց հետեւյալը. «Իմ հոբելյանը դեկտեմբերին է…»:
Լեւոն Չիլինկիրյանն ու Սթիվեն Իսելիսը, թեեւ նրանց առանձնակի ներկայացնելու հարկ չկա, բացի բարձրակարգ ու բարձրարվեստ երաժիշտներ լինելուց, շուրջ կեսդարյա բեմական գործունեությունը զուգահեռել են աշխարհի բոլոր մայրցամաքներում վարպետության դասընթացների անցկացմամբ: Մինչ երեւանյան հերթական համերգը, արդեն որերորդ անգամ երաժիշտները հանդես եկան նաեւ նման գործունեությամբ:
Ծնունդով Կիպրոսից Լեւոն Չիլինկիրյանն այն երաժիշտն է, որի մասին խոսելիս առանց վարանելու կարելի է ասել, որ ողջ աշխարհը զարմացրած ու հիացրած արվեստագետը երբեւէ չի անտեսել նախնյաց երկիրը: Բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Անգլիայի թագուհու պատվո շքանշանին արժանացած հայազգի արվեստագետն առաջին կատարողն է հանդիսացել մեր կոմպոզիտորների, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանի ջութակի կոնցերտի, որը 1990-ականների վերջերին մեկնաբանել է Շվեդիայի հեղինակավոր տարբեր համերգասրահներում: 1971-ին իր կողմից հիմնած կվարտետը համերգներով հանդես է եկել բոլոր մայրցամաքների ավելի քան 50 երկրներում, ներկայացնելով համաշխարհային երաժշտական գրականության ոչ միայն հայտնի գործեր, այլեւ Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները: Ի վերջո, Չիլինկիրյանը միակ սփյուռքահայ երաժիշտն է, որը Հայաստանում իրականացրեց իր անվամբ մրցույթ:
Հայաստանյան երաժշտասեր լայն հասարակայնությանը հավանաբար անակնկալ կլինի այն իրողությունը, որ Սթիվեն Իսելիսը ստեղծագործական բուռն գործունեությանը զուգահեռ՝ հանդես է գալիս որպես գրող եւ երաժշտական մեկնաբան: Նա հատկապես ելույթներ է ունենում BBC ռադիոյի ծրագրերում, ավելին՝ մի շարք երաժշտական, վավերագրական ֆիլմերի հեղինակ է եւ մեկնաբան, ունի երեխաների համար գրված գրքեր եւ երաժշտական պատմվածքներ, որոնք անշուշտ ցանկալի կլիներ թարգմանվեին նաեւ հայերեն:
Անվանի երաժիշտներից հետաքրքրվեցինք, թե բուռն ստեղծագործական կյանքը՝ գումարած մանկավարժությունը, հնարավորություն տալի՞ս են զբաղվել նաեւ հոբբիով, եթե որպես այդպիսին դրանք գոյություն ունեն: Սթիվեն Իսելիսն ասաց. «Համերգներում եւ ձայնագրությունների ժամանակ ես ու գործընկերներս նախընտրում ենք օգտագործել հնագույն երաժշտական գործիքներ, օրինակ՝ Բեթհովենի անձնական թավջութակը, դաշնամուրի, կլավիսինի տարատեսակներ եւ այլն: Եթե սա հոբբի է, ուրեմն…»: Լեւոն Չիլինկիրյանն էլ նշեց, թե իր դեպքում հոբբին մեկը չէ, հետո էլ կատակեց. «Ամբողջ կյանքս է հոբբի…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի եւ Տիգրան Մանուկյանի:
«Առավոտ»
17.10.2018