Օրերս Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական մարտերի 98-ամյակի առթիվ կազմակերպված ցերեկույթն ազդարարեց հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը՝ հանձին նախագահ Հովհաննես Գրիգորյանի: Նրա խոսքով՝ Միությունը հերոսամարտի 100-ամյակին նախատեսում է թողարկել ֆիլմաշար, որի համար համապատասխան նյութը հավաքվել է տարիներ շարունակ: «Երկար տարիներ հավաքված կադրերում բազմաթիվ հայտնի հաճընցիներ կան, որոնցից շատերն այսօր, ցավոք, մեզ հետ չեն, բայց նրանց խոսքը, նրանց պատգամը ցանկանում ենք փոխանցել մեր հետագա սերունդներին, ուստի որոշել ենք 100-ամյակի առթիվ ֆիլմաշար պատրաստել»,-նշեց Հ. Գրիգորյանը: Նա հավելեց նաեւ, որ թեեւ իրենց միջոցները սուղ են, նպատակ ունեն նաեւ հրատարակել գրքեր, որոնք նորովի կլուսաբանեն հերոսամարտը, որովհետեւ, ըստ պարոն Գրիգորյանի, դեռ կան հարցեր, որոնք կարոտ են հավուր պատշաճի ներկայացման: Նպատակ կա նաեւ կազմակերպելու գիտաժողով՝ աշխարհասփյուռ հաճընցիների, պատմաբանների եւ համապատասխան այլ մասնագետների մասնակցությամբ:
Հավելենք, որ ոգեկոչման ցերեկույթը սկսվեց դեռ «Հաճըն» հայրենակցական միության գրասենյակում՝ հիշատակի անկյան մոտ, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոսներին: Այդտեղ ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Վահան քահանա Առաքելյանը հանդես եկավ հոգեհանգստյան աղոթքով՝ հիշելով նաեւ Հաճընի հերոսներին: Այնուհետեւ տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը, որը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող, ասմունքող, հաղորդավար Սարգիս Նաջարյանը, իսկ բեմում իրենց ելույթներով փայլում էին Արսեն Համբարյանը, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Ջիվանու աշուղական դպրոցի սաները: Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ հաճընցի հերոսներին. հիշատակվեցին թե՛ Մեծն Մուրադն ու Արամ Կայծակը, թե՛ նորօրյա հերոսներ Սուրեն Ճարատանյանն ու նորհաճնցի երիտասարդ Գեւորդ Մղդեսյանը, որոնք երկուսն էլ նահատակվել են Ապրիլյան պատերազմում: Մեզ հետ զրույցում Հ. Գրիգորյանը նշեց, որ «Հաճըն» հայրենակցական միության անդամները մեծապես կարեւորում են հաճընցիական ոգին միշտ վառ պահելը, ինչին էլ միտված է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:
Սեփ. լր.
«Առավոտ»
17.10.2018