Եվրոպական միությունը դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար ևս Հայաստանին կտրամադրի ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
5 լրատվամիջոցների հետ հանդիպմանը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն պարոն Թոմաս Մայր-Հարթինգից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի Վենետիկի հանձնաժողովին հղում կատարվող մտահոգությունների մասին այն առումով, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո բավարար ժամանակ չի հատկացվի քաղաքական ուժերին քարոզարշավի համար մինչև դեկտեմբեր, հետևաբար արդյոք նպատակահարմա՞ր է այդ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշեց, թե չի լսել, որ Վենետիկի հանձնաժողովից պաշտոնապես նման տեսակետ հայտնեն և հավելեց, երբ խոսքը վերաբերում է ընտրություններին, իրենք հետևում են, թե ինչ են ասում մյուս միջազգային մարմինները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն գումար է խնայել այն սկզբունքով, որ հնարավոր է ընտրությունները ավելի շուտ լինեն, քան ուշ, ուստի ԵՄ-ն հնարավորություն կունենա առանց դոնորների աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում կայանալիք ընտրություններին:
Հարցին՝ ինչպիսի՞ է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մանավանդ, որ պարոն Թոմաս Մայր-Հարթինգը գոհունակությամբ էր արտահայտվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին, Թոմաս Մայր-Հարթինգը պատասխանեց. «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Երբ խոսքը նման գործընթացների մասին է, մենք չենք տեսնում մեր առանձին դերակատարությունը: Բայց մենք էլ մեր աջակցությունն ենք տրամադրում: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերության շրջանակում հասարակական, կրոնական, մեդիա կազմակերպություններին ավելի մեծ աջակցություն կտրամադրվի»:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ մտահոգություն հայտնեց՝ գործ ունենք սառեցված, չլուծված հակամարտության հետ, որի պատճառով քաղաքացիների, խաղաղ բնակիչների իրավունքներն են ոտնահարվում:
Հարցին՝ արդյոք այն աշխատանքը, որ արվում է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին (CEPA) համաձայնագրի իրականացման կառավարական հանձնաժողովի շրջանակում կառավարության հետ գոհացնո՞ւմ է ԵՄ-ին, Թոմաս Մայր-Հարթինգը պատասխանեց. «Մենք հիմա գտնվում ենք այս գործընթացի սկզբում: Հայաստանում տեղի են ունեցել դրամատիկ փոփոխություններ, հիմա երկիրն ունի նոր վարչակարգ, որն էլ առաջ է տանում այս գործընթացը: Բացի այս ամենից դուք հիմա գտնվում եք ընտրական գործընթացների մեջ: Լինենք իրատեսական, այս իրավիճակում մենք ինչ կարող ենք սպասել Հայաստանից: Բայց մենք մեր հանդիպումներից հետևություն ենք անում. կարևոր է, որ ՀՀ վարչապետը բավականին մեծ հետաքրքրություն ունի մեզ հետ համագործակցելու, և մենք ունենք մի շարք դաշտեր, որտեղ աշխատում ենք: Ամառվանից հետո բավականին ակտիվ աշխատանք է տարվում: Այս համագործակցությունն ունի մեծ պոտենցիալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ