ՀՀ կառավարությունը կազմել է «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ քրեական գործերով համաներում շնորհելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվելու է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ նիստում:
Օրենքի նախագծով համաներման կիրառման շրջանակները շատ ընդգրկուն են: Պատժից ազատել առաջարկվում է նաեւ որոշ խավերի՝ հանցագործություն կատարած եւ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, ինչպես օրինակ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, հղի կանանց, երեք եւ ավելի երեխա ունեցող անձանց, 63 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, ՀՀ կամ Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ, վերը նշված պատերազմների մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են, եթե հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել եւ այլն: Սահմանված են նաեւ հանցագործություն կատարողների այն խմբերը, որոնց վրա համաներումը չի տարածվում:
Օրենքի նախագծի եզրափակիչ մասով առաջարկվում է, որպեսզի ԱԺ արտահերթ նիստում ընդունվելուց հետո այն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ