Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին. «Ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է»

Հոկտեմբեր 17,2018 22:40

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք և, իհարկե, կուզենայի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին և անդրադարձել  ընթացիկ քաղաքական իրավիճակին, սպասվող զարգացումներին: «Պարոն նախագահ, հիմա մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում, որովհետև խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում: Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Իհարկե, շատ կարևոր է, որ այս ընթացքում և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի կարողանանք այս 14 օրերը մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում անցկացնել: Եվ կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել ընտրություններում, և քննարկումները տեղի ունենան հնարավորինս պրակտիկ դաշտում: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և անհրաժեշտ գործունեությունը ծավալում է, որպեսզի ողջ ընթացքը՝ և′ 14 օրը, և′ ապագա ընտրությունները տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է ողջ ժողովրդի շահերից: «Դա բխում է մեր պետության շահերից և այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր, լեգիտիմ, ժողովրդավարական, առանց խախտումների: Եվ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ  միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա, և այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար երկիր է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, որպես երկիր, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել երկրում առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության և հանդուրժողականության պայմաններում», -ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով Հայաստանում քաղաքական զարգացումների ընթացքի վերաբերյալ քննարկումներին և մտավախություններին նշել է, որ նաև միջազգային գործընկերների հետ շփումներում ինքը հատուկ ընդգծում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար կարգախոս և ձև չէ: «Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք: Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ կբացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի Հայաստանում: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընտրությունների անցկացման հարցի շուրջ, ընդգծել ընտրական գործընթացի՝ որպես ժողովրդավարության զարգացման  առանցքային մեխանիզմներից մեկի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են. պարզապես պետք է երաշխավորված լինի, որ ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով, և Հայաստանի ժողովուրդը իմանա, որ ընտրությունների միջոցով ինքը կարող է փոխել և′ քաղաքապետին, և′ գյուղապետին, և′ խորհրդարանը, այդպիսով նաև՝ վարչապետին: Նախագահ Սարգսյանը հավելել է, որ ընտրությունները հաշվետվության լավագույն ձևերից են, և հայ ժողովուրդը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով կառուցելու է ապագա ազատ և ժողովրդավար երկիրը:

Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին՝ նախ որպես վարչապետի պաշտոնակատարի, որպեսզի այս ընթացքում և′ կառավարությունը, և′ բոլոր պետական մարմինները ու նախևառաջ անվտանգության բոլոր  ծառայություններն անխափան գործեն, ապա որպես քաղաքական կուսակցության ղեկավարի: Նախագահը հաջողություն է մաղթել նաև առաջիկա ընտրություններին մասնակցելու պատրաստվող մնացած բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք կարողանան ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմաններում և՛ իրենց կարծիքն արտահայտել, և՛ իրենց արժանի տեղը ստանալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Երեկ երեկոյան հեռախոսազրույցում ընդհանուր ներկայացրել եմ, նաև առիթ ունեցել ենք սպասվող իրադարձությունները քննարկել նախորդ շաբաթ:

Ըստ էության, մենք հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում. խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում:

Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարևոր է, որ և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում:

Կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել, և հնարավորինս պրակտիկ դաշտում տեղի ունենան քննարկումները: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի:

Նախագահ Արմեն Սարգսյան-Վստահ եմ, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ և՛ 14 օրը, և՛ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է մեր ողջ ժողովրդի, մեր պետության շահերից և բխում է այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական, առանց խախտումների: Եւ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը՝ բարձրանա: Եվ այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, այլ նաև երկիր է, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության ու հանդուրժողականության պայմաններում: Սա շատ էական եմ համարում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Այո, շատ ճիշտ նկատեցիք: Շատ քննարկումներ կան, և մտավախություններ են հնչում, թե ինչ ուղով կընթանան Հայաստանում քաղաքական գործընթացները: Ես նաև մեր գործընկերների հետ շփումներում հատուկ ընդգծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար կարգախոս չէ, ձև չէ: Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք:

Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ բացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ մեր ժողովրդի կամքը և տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է:

Նախագահ Արմեն Սարգսյան-Ուրախ եմ լսել, և վստահ եմ, որ այս ամենը կիրականանա: Մեր ժողովուրդն այն ժողովուրդն է, որը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով իրենք կառուցելու են ապագա ազատ և ժողովրդավարական երկիր: Ընտրությունն իրականում առաջին քայլն է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իմիջիայլոց ասեմ, որ քանի որ մենք հեղափոխություն ենք իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, ի վերջո, հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են: Պարզապես պետք է իսկապես երաշխավորված լինի, որ ժողովրդի կամարտահայտությունը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Սա նաև երաշխիք է, և Հայաստանի ժողովուրդը միշտ էլ պիտի իմանա, որ ընտրություններով ինքը կարող է և՛ քաղաքապետին, և՛ գյուղապետին, և՛ խորհրդարանը, այսպիսով նաև վարչապետին փոխել: Արևմտյան տեսաբաններից մեկը ժողովրդավարությունը բնորոշել է որպես առանց բռնության փոփոխությունների հնարավորություն: Ընդհանուր առմամբ նկատի է առնվում ընտրությունները, քվեաթերթիկով արված իշխանափոխությունը կամ հեղափոխությունը: Ես համոզված եմ, որ այդ ինստիտուտն ամեն տարվա, ամեն օրվա հետ ավելի հզորանում է Հայաստանում և կհզորանա:

Նախագահ Արմեն Սարգսյան– Վստահ եմ, որովհետև համաձայն եմ, լինի արևմտյան, թե արևելյան փիլիսոփաների կարծիքը: Իրականում կարծում եմ, որ ժողովրդավարությունը և՛ մշակույթ է, և՛ պրոցես, չկա վերջնական ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը կյանքի ընթացքում, կյանքի հետ միասին, տարիների ու դարերի հետ միասին անընդհատ փոփոխվում է իր ձևերի մեջ, բայց մնալու են հիմնական կարևոր սկզբունքները՝ մարդը, մարդու իրավունքը և այդ իրավունքներն ու կարծիքն արտահայտելու ամենամեծ իրավունքը: Այնպես որ, Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն վարչապետ: Նախ և առաջ հաջողություն եմ մաղթում որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետև մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն: Ու նախ և առաջ՝ մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները: Եվ երկրորդը, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, հաջողություն եմ մաղթում նաև մնացած բոլորին, մեր բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, ովքեր Ձեր կուսակցության հետ միասին կմասնակցեն ընտրություններին, որպեսզի ազատ և ժողովրդավար ընտրությունների պայմաններում կարողանան իրենց և՛ կարծիքն արտահայտել, և՛ համապատասխանորեն ստանան իրենց արժանի տեղը: Հաջողությո՛ւն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031