Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա երկու կողմերի միջև կա լավագույն փոխըմբռնում». ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհության և սպասելիքների առիթով

Հոկտեմբեր 17,2018 22:22

«Մենք Հայաստանում ենք ճիշտ ժամանակին՝  բոլոր ժողովրդավարական փոփոխություններից հետո, որոնք տեղի են ունեցել ձեր երկրում, երբ վարչապետը հրաժարական է տվել և սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-5 լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն պարոն Թոմաս Մայր-Հարթինգը:

Պարոն Թոմաս Մայր-Հարթինգը հոկտեմբերի 17-18-ին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Գ-ի, ԵՊՀ-ում համալսարանական ուսանողների և եվրոպական երիտասարդ դեսպանների հետ: Այս երեկո հանդիպումներ կունենա կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են նախատեսվում ՀՀ ՊՆ, ԱԳ նախարարների, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Թոմաս Մայր-Հարթինգն իր գոհունակությունը հայտնեց այն առիթով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի համար արդարադատության ոլորտում բարեփոխումներն առաջնահերթություն են:

Դառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը՝ Թոմաս Մայր-Հարթինգը նշեց, որ ԵՄ-ն առանց դոնորների աջակցության կաջակցի ՀՀ-ին այդ ընտրությունների կազմակերպման համար:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ ՀՀ-ին մեկ շաբաթվա կտրվածքով ԵՄ-ի կողմից տրամադրվում է մեկ միլիոն եվրոյի աջակցություն:

Aravot.am-ի հարցին՝ սպասե՞նք, որ այդ աջակցությունը ԵՄ-ի կողմից ՀՀ-ին կաճի, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդավարական Հայաստանին շատ ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել, բայց ստացվում է, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում, պարոն Մայր-Հարթինգը պատասխանեց. «Կարծում եմ՝ մենք ի վիճակի եղանք բացատրել, մանրամասնել, թե  որ ոլորտներում ենք մենք ակտիվ: Կարծում եմ՝ կան բավարար չափով հասանելի ֆինանսներ: Եվ եթե այս մեկ միլիոնը մեկ շաբաթվա կտրվածքով մենք  բազմապատկենք առաջիկա չորս տարիների թվով, կստանանք չորս հարյուր միլիոն: Այնպես որ, հիմա երկու կողմերի միջև կա լավագույն փոխըմբռնումը»:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ հստակեցրեց, թե որ դեպքում կլինի համագործակցության դաշտում վստահություն. «Որակ, ֆոնդեր և թե ինչ ճանապարհով են կատարվում հատկացումները.եթե այս երեքը հարթությունում մենք ունենանք հստակություն, մենք կունենանք վստահություն մեր հարաբերություններում»:

Հստակեցմանը՝ վարչապետը նկատի ունի այն, որ Հայաստանն անում է ավելին, բայց ստանում է նույն աջակցությունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ծիծաղով ասաց. «Կարծում եմ՝ հիմա արդեն ձեր վարչապետը հասկանում է տրամաբանությունը, թե ինչպես է աշխատում Եվրոպական Միությունը: Իրականում կարևորն այն է, որ նախ մենք օգտագործենք արդյունավետ այն, ինչ ունենք: Մենք բավականին մեծ առաջընթաց ենք գրանցել վերջին ամսվա ընթացքում, քանի որ իրոք, մենք ունեինք մի իրավիճակ, որ բավականին առաջ էինք նախկին կառավարության հետ հարաբերություններում, իսկ նոր կառավարությունը պահանջվում էր  ժամանակ, որպեսզի  առաջ գնա: Բայց հիմա կարծում եմ՝ նրանք առաջ են գնում, սակայն դեռ կան հարցեր, որոնք պահանջում են նոր կառավարության արձագանքը, ներառյալ երկարաժամկետ ներդրումները, որը Հայաստանը պետք է ունենա: Թիվ մեկ խնդիրն այն է, որ այն գումարները, որոնք այժմ տրամադրված են Հայաստանին, օգտագործվեն արդյունավետ: Ինչ վերաբերում է լրացուցիչ սպասումներին, ապա հայկական կողմը պետք է հանդես գա կոնկրետ գաղափարներով, առաջարկներով: Վարչապետն այսօր շեշտեց, որ լրացուցիչ սպասումներ ունեն արդարադատության, ենթակառուցվածքների, կրթություն ոլորտներում: Այս վերջինը մեզ համար նորություն էր. պետք է նստենք, մտածենք, հասկանանք: Երկարաժամկետ ռազմավարություն է պետք, բայց նաև պետք է, որ Հայաստանը ցույց տա՝ ինքը լավ բրենդ է, բարեփոխումներին միտված երկիր և արդյունավետ է օգտագործում ԵՄ-ի գումարները, հետևաբար կարող է ստանալ ավելի լավ ֆինանսական աջակցություն: Միայն լավ խոսքերով չէ, կոնկրետ նախագծեր են պետք, բարեփոխումներ և Հայաստանի լավ վարկանիշը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031