ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, որոնք նա արել էր հոկտեմբերի 9-ին հայ-ամերիկյան առևտրային պալատում ելույթի ժամանակ:
«Այս ելույթը տարբերվում է այնպիսի յուրահատուկ պրիմիտիվ շիտակությամբ»,-ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Միլսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը, տասնյակ տարիներ նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշ խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: «Ընդորում, ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, ավելին՝ նույնիսկ հպարտությամբ: Իբրև թե այդ ամենը արդարացված է և անհրաժեշտ է բարի նպատակի համար, այն է՝«Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնել»»:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դեսպանն ավելի ուշ հասկացել է, որ այն չի խոսում, ինչ որ պետք է, ուղղել է իր սխալը՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ներքին պատճառներով: Զախարովան նաև նշել է, որ դեսպանը խորհուրդ է տվել՝ ինչպես զարգացնել Հայաստանի էկոնոմիկան, ինչպես գործարկել քաղաքական համակարգը: «Եկեք որոշենք՝ այլ պետությունների գործերին միջամտելը լավ է, թե վատ»,-շեշտել է Զախարովան: