Հոկտեմբերի 17-ին յուրահատուկ համերգով նշվեց Սիրահարների այգու վերաբացման տասնամյակը: Տոնական համերգին մասնակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը: Կատարվող ստեղծագործությունները գործիքավորել էին Վահանգն Հայրապետյանը եւ Արման Պեշտմալջյանը:
Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված ջազային երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը նշեց, որ որոշ ստեղծագործությունների գործիքավորումն ինքն է արել, որոշները փոխանցել է կրտսեր գործընկերոջը՝ Արման Պեշտմալջյանին: Ասաց, որ լսելով՝ գոհ է մնացել. «Շատ ուրախ եմ, որ եկող սերունդները եւ փորձ են ձեռք բերում, եւ ասելիքն են արտահայտում, եւ իրացնում իրենց տաղանդը»:
Մեր դիտարկմանը, թե Վահագն Հայրապետյանը հաճախ է դիմում էքսպերիմենտների, երաժիշտը պատասխանեց. «Ես սիրում եմ թարմ բաներ, իմ ականջն էլ է ուզում նոր բան լսել՝ հետաքրքիր հնչողություն, հետաքրքիր համադրում:
Կարելի ասել, որ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբն իմ աչքի առաջ է սկսել ձեւավորվել, կար մի շրջան, որ չէի հավանում այն, ինչով զբաղվում էին իրենք: Սակայն վերջերս լսեցի Վաշինգտոնում իրենց գործունեությունը, զգացի ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Փոքր ժամանակ բոլորս էլ ոգեւորված լկստվել ենք մեր գաղափարների շուրջ: Եթե այդ ամենը լրջանում է, ուրիշ հարթության վրա ես դիտարկում, արդեն աշխարհին կարող ես հայտ ներկայացնել:
Դրա համար էլ՝ սիրով համաձայնեցի եւ լուրջ աշխատանք տարա՝ իրենց հետ համագործակցելու առումով, սա մեր առաջին համատեղ գործունեությունն է»:
Վահագն Հայրապետյանը խոսելով բացօթյա համերգների մասին, նշեց. «Բացօթյա համերգները շատ լավ բան են, բայց մի քիչ ռիսկեր ունեն իրենց մեջ՝ հնչողության առումով, ունկնդիրը կենտրոնացած չի լինում միայն երաժշտության վրա: Չնայած այս ձեւաչափով հնարավոր է ստացվի, որովհետեւ ահռելի բացօթյա վիճակը չէ…Միքայելի հետ որոշել ենք ավելի մեծ նախագծի վրա աշխատել: Սա կարելի է համարել որպես համատեղ աշխատանքի առաջին փորձ»:
Ջազային երաժիշտը պատմեց, որ իր մանկությունը Սիրահարների այգում է անցել՝ մինչեւ նորոգելն ու վերաբացելը. «Տատիկս ինձ միշտ բերում էր այստեղ, ես այգու ամեն ծակուծուկը գիտեմ: Շատ եմ եկել այստեղ զբոսնելու ու խաղալու: Ինձ դուր է գալիս այս այգին, քանի որ ծառերից տարբեր տեսակի երաժշտություն չի «հնչում»:
«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հիմնադիր, թառահար Միքայել Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց խմբի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման մասշտաբային փորձ են անում՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Համատեղ ծրագիր ենք պատրաստել, հնչելու են եւ մեր ստեղծագործությունները եւ գործեր, որոնք մշակել է Վահագն Հայրապետյանը նաեւ նվագախմբի նվագացանկից որոշ ստեղծագործություններ: Առաջին փորձն է, որտեղ կլինի խումբ, կվինտետ, էթնիկ ջազային ոճի եւ սիմֆոնիկ նվագախումբ»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցրինք, թե արտասահմանում ինչով են գրավում օտարազգի ունկնդրին: «Առաջինը թառ գործիքն է, որ ես եմ նվագում: «Թառը հետաքրքիր է օտար ունկնդրին, քանի որ անծանոթ է եւ մեր հայկական երաժշտական լադային կառուցվածքն է նրանց գրավում»,-ասաց թառահարը:
Միքայել Ոսկանյանն ընդգծեց, որ շատ վատ է վերաբերվում համատարած ռաբիսին, նաեւ կարծիք հայտնեց, որ պետք է ավելի հաճախ կազմակերպել նման համերգներ, որտեղ հնչի որակյալ երաժշտություն: «Մարդկանց կրթելու խնդիր ունենք՝ եւ երաժշտական առումով եւ ընդհանրապես»,- հայտնեց նա:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Հանրային իմաստով շատ կարեւոր են նման համերգները, ոգեւորող նախաձեռնությունները՝ լավ երաժշտություն, լավ եղանակ, Սիրահարների այգի…Շատ խորհրդանշական է ամեն ինչ, շատ ուրախ եմ, որ մեր նվագախումբն է ելույթ ունենում, ավելի ուրախ եմ, որ աշխատում եմ լավագույն ջազային երաժշտի եւ լավագույն ընկերոջ՝ Վահագն Հայրապետյանի ու Միքայել Ոսկանյանի հետ:
Դասական երաժիշտների համար կարեւոր է համատեղ նախագծեր իրականացնելը, քանի որ շատ ավելի պոպուլյար երաժշտություն ենք հնչեցնում»: Սերգեյ Սմբատյանը հավելեց, որ Երեւանում տարվա մեծ մասը լավ եղանակ է, եւ արժի օգտվել դրանից ու նման համերգներ իրականացնել. «Եթե երաժշտությունը գերիշխող լինի մեր քաղաքում, դա դրական էներգիա կբերի մեր քաղաքին»:
Դառնալով Սիրահարների այգուն՝ հիշեցնենք, որ «Պողոսյան պարտեզները» հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ «Պողոսյան հիմնադրամի» միջոցով։
Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, եւ կոչվել՝ «Կոզեռնի այգիներ»: 1949 թ. Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի առիթով այն անվանվել է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին՝ Բարեկամության։ Հայաստանի անկախությունից հետո, 1995 թ. այգին վերանվանվել է Երևանի Սիրահարների այգի։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ