Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերից մեկը, որի անուն-ազգանունը դեռ չեն հրապարակում, պատրաստակամություն է հայտնել լուծել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։ Այս պահին Գյումրու դրամատիկականի տնօրինությունը փնտրում է համապատասխան միջազգային ֆոնդ, որի միջոցով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը կկարողանա փոխանցել գումարը։
Այդ նույն անձը պատրաստվում է նաև մեծ ներդրում կատարել Գյումրիում․ մշակութային ստեղծարար կենտրոն հիմնել, որը աշխատատեղեր կստեղծի քաղաքի մտավորականների, ստեղծագործողների համար, աշխարհի տարբեր ծայրերից Գյումրի կբերի բոլոր այն արվեստագետներին, ուսանողներին, որոնք ցանկություն կունենան վարպետության դասեր ստանալ Տիգրան Համասյանից, ուսումնասիրել քանդակագործ Էմիլ Գազազի ու այլ համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործողների արվեստը։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։
«Վերջին երեսուն տարում ֆինանսական առումով կլինի ամենամեծ մշակութային ներդրումը Գյումրիում, մենք արդեն հանդիպում ունեցել ենք մշակույթի նախարարի հետ, նույնիսկ արդեն տարածքի հարցն ենք քննարկել, թե որտեղ է գործելու․ մոտ 21 հազար քառակուսի մետր տարածքի ու բավականին մեծ գումարային ներդրման մասին է խոսքը»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղին, դերասաններից մեկին՝ Արկադի Ղարագուլյանի ընտանիքին ծառայողական բնակարանի բանալիները հանձելիս՝ Տիգրան Վիրաբյանը խոստացավ, որ թատրոնի աջակցման հիմնադրամը մինչև տարեվերջ լուծել մյուս 4 անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ