Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը Փարիզում ներկա է գտնվել «Թումո» կենտրոնի բացմանը

Հոկտեմբեր 17,2018 21:35

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:

Ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու և զարգացնելու է սերտ համագործակցությունը Երևանի և Փարիզի միջև:

«Ինձ համար մեծ պատիվ է Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին արտերկրյա այցը կատարել հենց Փարիզ: Խորհրդանշելով Փարիզի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևորությունը, երկու քաղաքների համագործակցության ամրությունը և խորությունը, ինչպես նաև հավաստելով բարեկամական կապերի ավանդույթները պահպանելու, շարունակելու և զարգացնելու իմ հանձնառությունը, առանձնակի հպարտ և ուրախ եմ, որ այցս կայանում է երկու քաղաքների համագործակցության այսպիսի գեղեցիկ իրադարձության առիթով, որը մարմնավորում է մեր բոլորիս ապագան, երիտասարդությունը, նորարարությունը թվային և նոր տեխնոլոգիաներում:  Անցած շաբաթ Երևանը ընդունում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի շնորհիվ իր վրա սևեռել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր 2800-ամյա մայրաքաղաքը պատվով հյուրընկալեց գագաթաժողովը՝ իր հազարամյա պատմության էջերը հարստացնելով ևս մեկ բացառիկ ու գեղեցիկ իրադարձությամբ: Ամբողջ շաբաթվա ընթացքում Երևանում ֆրանկոֆոնիայի տոն էր, մեր քաղաքը խոսում, լսում և ապրում էր ֆրանսերենով»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Կարևորելով Փարիզում «Թումո» կենտրոնի գործունեությունը՝ Հայկ Մարությանը նկատել է, որ այն թվային աշխարհում ինքնադրսևորվելու և կայանալու հրաշալի հնարավորություն է պատանիների համար:

«Իմ պարտքը համարեցի անպայման ներկա գտնվել Փարիզում «Թումոյի»  պատանիների համար առաջին թվային ստեղծագործությունների դպրոցի բացմանը, քանի որ այն Երևանի ներդրումն է Փարիզում, Երևանի և հայկական ստեղծագործ մտքի ապրանքանիշի ներկայությունն է Փարիզում: Հարգելի քաղաքապետ, Անն Իդալգո, այս կապակցությամբ իմ հատուկ և խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել  Ձեզ, որ ուղիղ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելելով Երևանի «Թումո», խորապես տպավորված և ոգևորված լինելով, ոգեշնչվելով Ձեր տեսածով, հանձնառություն վերցրեցիք նման դպրոց բացել նաև Փարիզում և այն  իրականություն դարձրեցիք այսքան կարճ ժամկետում: Դուք դրանով հնարավորություն տվեցիք պատանիներին՝ ինքնադրսևորվելու և կայանալու թվային աշխարհում՝ նաև նպաստելով Երևանի և հայկականի արժևորմանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Այս պահին հուզված եմ և ուզում եմ մի փոքր շեղում անել այս տեքստից: Պապս եղել է ֆրանսերենի շատ մեծ գիտակ, հմուտ թարգմանիչ, թարգմանել է Բալզակ, Ռոմեն Ռոլան և, ցավոք սրտի, այն ժամանակ չէր կարող այցելել Փարիզ, որովհետև արգելված էր դա, և հետաքրքիրն այն է, որ իր պատմվածքներում շատ հաճախ նաև նկարագրում էր Փարիզը: Այսօր ես համոզված եմ, որ նա իմ աչքերով տեսնում է Փարիզը, այս հրաշք քաղաքը՝ հրաշք մարդկանցով, հրաշք ճարտարապետությամբ և մշակույթով: Նաև ուզում եմ բացատրել իմ երջանկությունը: Պետք է նշեմ, որ իմ երեխան նույնպես Երևանում այցելում է «Թումո» կենտրոն և ես գիտեմ ՝ որքան օգուտ է դա նրան և որքան երջանիկ է նա այնտեղ: Ու ես իսկապես ուրախ եմ, որ այսուհետ Փարիզի երեխաները զգալու են նույն երջանկությունը»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր ելույթում նշել է, որ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ծանոթանալով «Թումո» կենտրոնի գործունեությանը՝ հաստատապես համոզվել է, որ Փարիզին ևս անհրաժեշտ է նման կենտրոն, որը հայ-ֆրանսիական բազմակողմ համագործակցության ևս մեկ խորհրդանիշ էր դառնալու:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031