2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մրցապայքարն հիմնականում ծավալվելու է ՀՅԴ տեղական կառույցի, Արցախի ժողովրդավարական եւ Շարժում 88 կուսակցությունների միջեւ, որոնք վիճարկելու են երկրորդ տեղը: Ֆավորիտը լինելու է «Ազատ հայրենիք» կուսակցությունը:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
-Պարոն Աթանեսյան, նախորդող մի քանի ամիսների ընթացքում Արցախում ստեղծվել են տարբեր նախաձեռնող խմբեր, որոշներն էլ արդեն հիմնել են նաեւ նոր կուսակցություններ՝ դրա շարժառիթը պայմանավորելով, մասնավորապես, երկրի անվտանգությանը և զարգացմանն ուղղված գործունեություն ծավալելու անհրաժեշտությամբ: Ինչո՞վ եք պայմանավորում նման ակտիվությունը:
-Երբ նախագահ Սահակյանը հայտարարեց, որ չի մասնակցելու 2020 թ. ընտրություններին, նման զարգացումը կանխատեսելի էր: Որոշ ուժեր եւ անհատներ, կարծում եմ, սեփական հնարավորությունները գերագնահատում են: Իրականում Արցախի քաղաքական դաշտում պետության կառավարման ղեկն ստանձնելու պատրաստ, հանրային ընդգծված աջակցություն եւ փորձառու, ինչպես նաեւ երիտասարդ եւ եռանդուն կադրեր միայն մեկ կուսակցություն ունի՝ «Ազատ հայրենիքը»: Մյուսները կարող են մրցակցել միմյանց հետ:
-Վերջին շրջանում արդեն հաճախ է խոսվում այն մասին, որ Արցախի քաղաքական դաշտը սկսել է նախապատրաստվել 2020 թվականի ընտրություններին: Համամի՞տ եք նման դիտարկման հետ: Հնարավո՞ր եք համարում, որ 2020 թվականին քաղաքական ուժերի միջեւ կծավալվի աննախադեպ պայքար:
-Մրցակցությունը, հավանաբար, աննախադեպ է լինելու այն իմաստով, որ գործող իշխանությունը դեռեւս չի հրապարակայնացնում իրավահաջորդին: Մյուս առումներով, ինձ թվում է, «Ազատ հայրենիքը» մրցակցությունից դուրս է, ինչպես ասում են՝ ֆավորիտ: Այս պահին այդպես է: Բայց ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ է լինելու վաղը: Այսօր նախագահ Սահակյանը կարողանում է շատ հմտորեն վերահսկել իրավիճակը: Ո՞ր ուժին եւ անհատին է նա նախապատվությունը տալու՝ ահա սա է ներքաղաքական գլխավոր ինտրիգը:
– Հաշվի առնելով այն, որ նորաստեղծ քաղաքական ուժերը չեն թաքցնում հնարավոր մասնակցությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ Ձեզ, մինչ այդ, նորաստեղծ կուսակցությունները կհասցնե՞ն արդյոք լուրջ հավակնություններ դրսևորել:
-Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ: Այդ ընթացքում նորաստեղծ կուսակցությունները հազիվ թե հասցնեն ունենալ հանրային բավարար աջակցություն:
Տրամաբանական կլիներ, եթե ընտրական օրենսգիրքն անցումային ավելի ցածր, ասենք՝ 3 տոկոսի շեմ սահմաներ: Այդ դեպքում Ազգային ժողովում կարող է տեղ ունենալ նոր կուսակցություններից որեւէ մեկը, բայց դա որակ չի կազմի:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ