Ամիսներ առաջ կառավարությունը որոշեց զիջել այն վարկառուների տույժ ու տուգանքները, որոնք նախկին տարիներին էին առաջացել եւ մինչ այժմ չէին վճարվել: Այդպիսի վարկառուների մեծամասնությունը գյուղացիներ էին, որոնք բանկերից ու վարկային կազմակերպություններից գյուղվարկեր էին վերցրել՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, սակայն տարբեր պատճառներով չէին կարողացել դրանք մարել՝ ընկնելով տույժ-տուգանքների տակ:
«Հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպության
Խորհրդի նախագահ, վարկային հարցերով փորձագետ Գոռ Մովսեսյանը Գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնությամբ Արարատի մարզի փոքր Վեդի համայնք այցելության ժամանակ անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ կառավարության՝ տույժ ու տուգանքները զիջելու որոշման հետեւանքով երկու ամիս շարունակ ստիպված են եղել բացատրել՝ թե իրականում ինչ զիջումների մասին է խոսքը, քանի որ բանկ դիմած վարկառուներն, ըստ պարոն Մովսեսյանի, խոսակցությունները տանում էին նրան, որ վարկի տոկոսներն էլ պետք է զիջվի:
Ըստ մեր զրուցակցի, խնդիրները հիմնականում կապված էին 2014 թվականի վարկերի հետ. «Այն ժամանակ, երբ եղավ դրամի արժեզրկում, ԵԱՏՄ-ի մեջ մտնելու առումով մթերումների հետ կապված որոշակի անորոշություն կար եւ այլն: Ինչ վերաբերում է 2016-2017 թվականների վարկերին, նրանց մեջ էլ կային խնդրահարույցներ, բայց այդքան շատ չէին»:
Պարոն Մովսեսյանը վստահեցնում է, որ մինչեւ կառավարության որոշումը, բանկերն էլ, վարկային կազմակերպություններն էլ հակված էին տրամաբանական չափով այդ տույժերը զիջելու, որովհետեւ տույժը, եթե որպես տույժ հաշվեգրում ես եւ չես էլ ստանում, միեւնույն է՝ բանկի համար իրենից հարկային պարտավորություն առաջացնում է.«Այդ հարցը պետք է կարգավորվեր Հարկային օրենսգրքով, բայց մինչ օրս չի լուծվել: Այսինքն՝ այսօր, եթե բանկը տույժը զիջում է, այդ տույժը չի նվազեցնում իր շահույթի մասը, այսինքն՝ այդտեղ խնդիր կա, որը մինչեւ այսօր նորմալ լուծում չի ստացել»:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ կառավարությունը խոստացել էր նաեւ «սեւ ցուցակներում» հայտնված վարկառուների վարկային պատմությունը մաքրել, ապա, Գոռ Մովսեսյանը գտնում է, որ դա
անիրատեսական խոստում է. «Որովհետեւ դու չես կարող վարկային պատմությունը մաքրել: Եթե մարդը 2014 թվականին ուշացրել է, 2018 թվականին, ով էլ ուզում է լինի, ինչ էլ որոշի, միեւնույն է այդ վարկային պատմության մեջ Վարկային բյուրոյում եւ Վարկային ռեգիստրում այդ փաստն արդեն ֆիքսված է, եւ դու չես կարող ջնջել, ոչ ոք իրավունք չի տա դա ջնջել: Հարց է՝ բանկերը հետո ոնց կհաշվեն այդ վարկային պատմությունները հետագա վարկավորման համար»:
Վարկային փորձագետը նաեւ խնդիր է համարում, որ գյուղատնտեսական վարկերը միայն գյուղատնտեսության նպատակով չեն օգտագործվում. «Գյուղացին ուզում է այդ վարկով ամեն ինչ անի՝ տղային ամուսնացնի, բանակի քեֆ անի, ավտո առնի: Հեռու տնից՝ հոր գերեզմանի քարը դնի»:
Պարոն Մովսեսյանի խոսքով, խնդիրներից մեկն էլ գյուղացիների ֆինանսական գրագիտությունն է. «Ասում ենք՝ գյուղատնտեսական գիտելիքներն են ցածր, բա ֆինանսական գրագիտությո՞ւնն ինչ ցածր մակարդակի է: Այսօր հաշվարկ չեն անում, ինչքան կտան՝ այնքան են վերցնում: Այսքան ժամանակ ես չեմ տեսել մի մարդ, որն ունի վարկային պրոդուկտ մինչեւ 2 միլիոն, եւ գա ասի՝ ինձ 800-900 հազար է պետք: Եթե երկու միլիոն են առաջարկում, ուրեմն պիտի այդքանն էլ տաք, որովհետեւ ինքն ուրիշ հարցեր էլ է ուզում դրանով լուծել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ