Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին։
Հանդիպման մեկնարկին Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և , շնորհավորելով նորանշանակ մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով չափազանց լավ է պատկերացնում նոր իրողություններով ու մտածողությամբ պայմանավորված Հայաստանի տեսլականը։ Խոսելով վերջին հինգ ամիսներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում Դավիթ Գևորգյանի գործունեության մասին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ փոխնախարարի կարգավիճակում Դավիթ Գևորգյանը հանդես է եկել հետհեղափոխական պաշտոնյային հատուկ վարքագծով, ով գիտակցում է իր իրական դերն ու նշանակությունը, գործում է բացառապես իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում և իր սեփական դրական օրինակով բացառում ցանկացած օրինազանցություն ու պաշտոնական դիրքի չարաշահում։
Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ մարզպետը պատվով և պատասխանատվությամբ կկատարի ՀՀ կառավարության կողմից իրեն պատվիրված առաքելությունը, և այս կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ու ՏԻՄ-երի պաշտոնյաներին հորդորել է լինել մարզպետի կողքին և աջակցել նրան իր նախաձեռնությունների մեջ։
Ավարտելով իր խոսքը՝ Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Աշոտ Սիմոնյանին այս ամիսների ընթացքում իր առջև դրված խնդիրները պատասխանատվությամբ լուծելու և մարզին ծառայելու համար։
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և ողջ քաղաքական թիմին` այսօրինակ ահռելի վստահության համար, և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայելու իր առջև դրված առաջադրանքը հավուր պատշաճի կատարելու համար: Դավիթ Գևորգյանը մարզի առջև ծառացած խնդիրներից առաջնային է համարել լիակատար արդարության, օրինականության և հավասարության հաստատումը, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: «Թավշյա հեղափոխությունից հետո ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի մեր իշխանությունից, և մենք ուղղակի այլ տարբերակ չունենք, քան արդարացնել սպասելիքները»,- ասել է նորանշանակ մարզպետը ու հավելել, որ այսօրվանից մարզպետարանն աշխատելու է արտակարգ ռեժիմով , և ինքն իր պարտականությունները կատարելու է ոչ միայն աշխատանքային օրերին և ժամերին, այլև` օրը 24 ժամ և շաբաթը 7 օր։ Եզրափակելով Դավիթ Գևորգյանը շեշտել է, որ անհանդուրժող է գտնվելու անօրիանակության ցանկացած դրսևորման նկատմամբ և փոխարենը` իր կողմից խրախուսվելու են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխատել, սովորել և պայքարել հանուն երկրի ու մարզի բարեկեցության ապահովման։
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն