«Գտնում եմ, որ այս համաներումն անհրաժեշտություն է»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը հայտարարեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Լուսինե Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ նախորդ տարիներին բազում ապօրինի դատական ակտեր են կայացվել, ու այսօր, ցավոք, դատական համակարգը պատրաստ չէ այդ բոլոր գործերը վերանայել. «Գտնում եմ առնվազն այն նկատառումից ելնելով, որ անձինք հայտնվեն ազատության մեջ, պետք է լինի համաներում: Զուտ իրավական տեսակետից պիտի հասկանալ, որ պետք է վերանայել այդ գործերը, և համաներումը լուծում չէ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդիկ գիտակցում են, որ հնարավոր չէ այսքան ծավալուն գործերի վերանայումը, ուստի նրանք էլ ցանկություն ունեն, որ լինի համաներումը: Գտնում եմ, որ այս համաներումն անհրաժեշտություն է»:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նկատեց, եթե շարժվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա ազատազրկվածների գերակշիռ մասի դեպքում կոնվենցիայի դրույթները խախտված են. «Մեր դատական համակարգը երբեք չի ընդունում իր սխալները: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, մեզ մոտ արդարացումները չնչին տոկոս են կազմում: Երբ կա նորմալ դատական համակարգ, համաներման իմաստ չկա, ինչպես նաև համաներման իմաստ չկա, երբ գործում է վաղաժամ ազատ արձակման մեխանիզմը: Բայց ՀՀ-ում այսօր անհրաժեշտ է համաներում կիրառելը: Եթե հավատանք, որ նոր Հայաստան է ստեղծվել ու լինելու է իրավական պետություն, սա կարող է լինել վերջին համաներումը: Եթե դատարանները հստակ գործեն և վաղաժամ ազատ արձակման մեխանիզմը գործի, համաներման կարիք չի լինի»:
Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց՝ հայտնի չէ, թե համաներման նախագծով համաներումն ում վրա է տարածվում. «Ցանկալի կլիներ, որ հասարակության, փաստաբանների հետ գոնե քննարկումներ լինեին: Ի վերջո արդարադատության նախարարությունն ունի հասարակական խորհուրդ, բայց այնտեղ քննարկում չի եղել: Համաներում պիտի կիրառվի նաև ցմահ ազատազրկվածների որոշ կատեգորիաների վրա: Այն ցմահ ազատազրկվածները, որոնք մինչև 2003-ը մահվան էին դատապարտված, նրանց պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման: Այդ անարդարությունը պիտի հիմա շտկվի, և ցմահ ազատազրկվածների այն կատեգորիան, որոնք դատապարտված են ցմահ ազատազրկման մինչև 21 տարեկան տարիքը և նրանց մեծ մասը զինվորական հանցագործություն կատարածներ են, նրանց վրա ևս պիտի համաներում տարածվի: Մի կողմից ունենք ցավալի զոհեր բանակում, բայց մյուս կողմից այդ սպանություն կատարածները ևս զոհեր են՝ հասարակության վարքուբարքի ու դաստիարակության զոհերը»:
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանի հավաստմամբ՝ համաներումը լավագույն ինստիտուտը չէ. «Համաներումը մեղմ ասած լավագույն ինստիտուտը չէ քրեական արդարադատության համակարգում: Ես ևս պատկանում եմ այն մարդկանց խմբին, որ կարծում է՝ համաներումը լավագույնը չէ»:
Արշակ Գասպարյանը կարևորեց արդար դատարաններ ունենալը, որոնք կարող են ստույգ արդարադատություն իրականացնել: Արշակ Գասպարյանի տեղեկացմամբ՝ համաներում չի կիրառվում Գերմանիայում, Նիդերլանդներում: Նա նշեց, որ համաներում կիրառվում է այն երկրներում, որոնք վստահ են՝ քրեական արդարադատության բոլոր օղակները գործում են հավուր պատշաճի, ոստիկանությունը կարողանում է կանխել ու բացահայտել քրեական հանցագործությունները, գիտեն, որ հստակ գործում է արդարադատության պատիժների կատարման համակարգը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ