Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ դեպի միակուսակցական խորհրդարան

Հոկտեմբեր 17,2018 16:50

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 9-10-ին  կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները:   Հայաստանի անկախ պետության պատմության մեջ առաջին անգամ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչը սակայն շատ բնորոշ է պառլամենտական կառավարման հանրապետությունների համար: Վարչապետը, որի «Ելք» խմբակցությունը ներկայացնում էր ընդամենը 7 պատգամավոր Ազգային Ժողովում՝ փոքրամասնություն էր, այժմ արտահերթ ընտրություններ գնալու իր ծրագրին կողմ է առնվազն 52 տոկոսը, ապրիլյան իշխանափոխությունից հետո խորհրդարանական մեծամասնությունը կանաչ լույս տվեց և հաստատեց կառավարության ծրագիրը: Նման աջակցության կառավարությունը հասավ համաժողովրդական պահանջի և քաղաքական որոշ դերակատարների հետ պայմանավորվածության արդյունքում:

Ի՞նչ տեղի ունեցավ վերջին մեկ ամսում և ինչպիսի՞ն է ներկայումս քաղաքական ներկապնակը, փորձենք վերլուծել: Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իսկ արդեն «Ֆրանս 24-ին»  տված հարցազրույցում խոսեց իր հրաժարականի ճանապարհով արտահերթ ընտրություններին հասնելու մասին: Այս հայտարարություններին հետևեցին բանակցությունները քաղաքական մյուս ուժերի հետ, կամ ավելի ճիշտ՝ Փաշինյանն անցավ քաղաքական հակառակորդներին չեզոքացրելու գործընթացին: Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ, հոկտեմբերի 1-ին Փաշինյանը Ազգային Ժողովի բակում հրապարակայնորեն ստորագրել էր ԲՀԿ-ից առաջադրված նախարարների ազատման հրամանագրերը, այդուհանդերձ՝ հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրվեց հուշագիր: Այս փաստաթղթով ամրագրվեց. «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, որը պարտավորվել է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի:

Ամենահետաքրքիր գործընթացներն, իհարկե կատարվեց ու կատարվում են նախկին իշխող՝ Հայսատանի հանրապետական կուսակցության շարքերում, ասել, թե սա նոր մշակույթ է նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ, մեղմ ասած՝ ճիշտ չի լինի: Դեռևս շատ թարմ է հիշողությունն այն մասին, թե ինչպես 1998 թվականին մեկ գիշերվա ընթացքում մեծ թվով ՀՀՇ-ականներ դարձան ՀՀԿ-ականներ: Պատմությունը կրկնվում է, և անցած  շաբաթվա սկզբին մեկուկես տասնյակ ՀՀԿ-ական պատգամավոր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան, իսկ այս շաբաթ արդեն պատրաստվում են  պաշտոնապես լքել ՀՀԿ-ն: Այստեղ տեղին է մեջբերել քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ խնդալու ա, որ մի ամբողջ հեղափոխություն եկավ հանգավ նրան, որ Աշոտ Արսենյանը (Ջերմուկ գրուպ), Արտակ Սարգսյանը (ՍԱՍ), Ալիկ Սարգսյանը (ոստիկանապետ), Արման Սահակյանը (Սովրանո), Սամվել Ալեքսանյանը (Ալեքս-Գրիգ), Իշխան Զաքարյանը (Վերահսկիչ պալատ), Արայիկ Գրիգորյանը (Ավշար վայն), Հակոբ Հակոբյանը (Կիլիկիա բիըռ) ու տենց էլի մի շարք անուններ ԴԵՄ են, որ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը թալանեն երկիրը: Պլեբսը հաճույքով առաջիններին քաջալերում է, երկրորդներին դատափետում»: Այս նույն միտքն այլ ձևակերպմամբ հետևյալ տեսքն ունի՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի պայքարը ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի դեմ էր, այլ՝ Սերժ Սարգսյանի դեմ՝ այդ նույն քրեաօլիգարխիկ համակարգին տիրանալու համար:

Մինչ օրս ՀՀԿ-ն դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ սպասվող արտահերթ  ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։ «ՀՀԿ–ն իր գնահատականը տվել է` մենք դեմ ենք հապճեպ, հրատապ խորհրդարանական ընտրություններին, մենք կողմ ենք խնդրի սահմանադրականության, ԱԺ անկախության պահպանմանը, խնդրին երկխոսության միջոցով հանգուցալուծում տալուն, որտեղ ո՛չ պետության, ո՛չ քաղաքական համակարգի շահը չի տուժի։ Եվ, առհասարակ, մենք դեմ ենք վերջնագրերին»,– հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը։ Ինչևէ, ՀՀԿ-ն վերջնական որոշումը կկայացնի առաջիկա ԳՄ և խորհրդի նիստերի ժամանակ։

Ի դեպ, դեռևս պաշտոնական որոշման մասին չի հայտարարել նաև խորհրդարանական մյուս կուսակցությունը՝ ՀՅԴ-ն:  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ շարունակում են նույն համոզման լինել, որ ընտրությունները հապճեպ են անցկացվում:  «Մենք հստակ ասել ենք, որ եթե ընտրությունները տեղի են ունենում, պետք է տեղի ունենան  կառավարության ծրագրին համապատասխան, գրվել է, որ մինչև մեկ տարի, հենց այնպես չի գրվել, գրվել է, այսինքն՝ կան քայլեր, որոնք պետք է  կատարվեն»,-ասել նա: Ինչ վերաբերում է հարցին` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, ՀՅԴ պատգամավորը նշել է, որ ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում:

Ամփոփենք նախկինների կանխատեսումներով. «Բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են՝ որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերյան ընտրություններում բավականին համոզիչ հաղթանակ կտանի և ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի», նշել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ  Դավիթ Շահնազարյանի կանխատեսումն ավելի «սև» է՝ «Դեկտեմբերին  ընտրությունները  կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի. դրանում արդեն որևէ կասկած չունեմ»:

Արման Խարազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031