Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական միտումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև արձանագրված որոշակի բացթողումները:
Անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, զորակոչիկների բժշկական փորձաքննությունների և բուժհետազոտությունների ոլորտում առկա խնդիրներին: Այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել՝ բարձրաձայնված հարցերի և առաջարկների կապակցությամբ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն