Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՇԲՕ մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն». Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 17,2018 15:25

Շահումյանի անվան հրապարակում այսօր հանդիսավորապես հայտարարվեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Թիան Էրլունը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին` դեսպանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին:

«Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը: 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 մեքենաները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 մեքենա ենք նվիրաբերում: Այն խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- նշեց Ն.Գ.Թիան Էրլունը:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ շտապ բուժօգնության մեքենաներում առկա նոր սարքերը գործարկելու համար, չինական կողմի նախաձեռնությամբ, արտադրող ընկերությունը մասնագետներ է ուղարկել: Արդյունքում, շուրջ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ  անցել է մասնագիտական վերապատրաստում: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն բնակչության շտապ բուժօգնության կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր, առանց նախապայմանների: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասաց դեսպանը:

«Չինական կողմի աջակցության շնորհիվ այսօր հնարավոր է դարձել թարմացնել և համալրել հանրապետության շտապ օգնության ողջ ավտոպարկը։ Նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակակից սարքերով և օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը` միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ։ Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն` նվազեցնելով մահացության դեպքերը» հավելեց Արսեն Թորոսյանը` շեշտելով, որ չինական կողմի հետ այս գործակցությունը ոչ թե պարզապես առողջապահական ոլորտին է առնչվում, այլ խոսում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Նշենք, որ այս տարվա օգոստոսին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի կառավարությունը մեր երկրին անհատույց տրամադրել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում` 65 ռեանիմոբիլ, 135 գծային շտապ օգնության մեքենա։ Կառավարության որոշմամբ` շտապ օգնության մեքենաները բաշխվել են ողջ հանրապետությունով մեկ։ 49 մեքենա տրամադրվել է Երևանի «Շտապօգնություն» ընկերությանը, 10 մեքենա` Երևանի մի շարք բժշկական կենտրոններին, ևս 131 մեքենա` մարզային բժշկական կենտրոններին։ Ստանալով բոլորովին նոր և պրոֆեսիոնալ հագեցվածությամբ շտապ օգնության մեքենաներ` մարզերում գրեթե ամբողջությամբ կլուծվեն շտապ բուժօգնության հետ կապված խնդիրները: Եվս 10 մեքենա կցվում է առողջապահության նախարարությանը` հետագա կարիքների դեպքում լրացուցիչ վերաբաշխում կատարելու նպատակով:

Չինական կողմի նվիրատվության ընդհանուր արժեքը շուրջ 13 մլն դոլար է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031