Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսինե Խառատյան. «Հայոց եկեղեցու պատմության պարագայում կա խտրական էլեմենտ, եթե այն պարտադիր է»

Հոկտեմբեր 17,2018 15:22

Հոկտեմբերի 17-ին «Մեդիա» կենտրոնում քննարկում էին՝ արդյո՞ք Հայոց եկեղեցու պատմություն առարկան անհրաժեշտ է անցնել դպրոցում:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգող Ելենա Հարությունյանը, անդրադառնալով առարկայի անհրաժեշտությանը, ասաց, որ այն ներդրվել է 2005-ից: Նրա խոսքով՝ տարեցտարի առարկայի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, աշակերտները մասնակցում են մրցույթների, օլիմպիադաների, ինչը,  ըստ նրա, նշանակում է, որ առարկան անհրաժեշտ է: Ելենա Հարությունյանը նշում է նաեւ, որ Հայոց եկեղեցու պատմությունը միակն է, որի դեպքում ավագ դպրոցի ծրագիրը չի կրկնում հիմնական դպրոցի ծրագիրը:

Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ առարկան տեղ չի թողնում քննադատական մտածողության զարգացման համար, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգողը նշում է, որ  այս առարկան լավագույնս կարող է օգտագործվել հենց այդ նպատակով: Նա կարեւորում է նաեւ այն հանգամանքը, թե ով է դասավանդում առարկան եւ ինչպես:

Պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ այն կրթահամալիրում, որտեղ ինքն է դասավանդում, առարկան չկա, քանի որ իրենց համառ ջանքերի շնորհիվ դուրս է մնացել ուսումնական պլանից: «Այն  բոլոր թեմաները, որոնք վերաբերվում են Հայ առաքելական եկեղեցուն, կրկնում են «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» ու «Մայրենի լեզու» առարկաներում ներառված թեմաները: Այս առարկայի ներառումը դպրոց Հանրակրթության մասին օրենքի եւ Սահմանադրության կոպտագույն խախտում է»,- նշեց Թոքմաջյանը:

Նաեւ հավելեց. «Հանրակրթության մասին ՀՀ օրենքն ասում է` ՀՀ հանրակրթության հիմքում ընկած է ազգային դպրոցը: Առարկան անցնում են 5-րդ դասարանից, 5-րդ դասարանի կուրսը կապ չունի Հայ եկեղեցու պատմության հետ, այնտեղ անցնում են մեկ այլ պատվարժան ժողովրդի`  հրեաների առասպելներն ու լեգենդներն  Հին կտակարանի տեսքով»:

Նրա խոսքերով՝ եկեղեցին ուղղակի սիրում է խառնվել պետության գործերին եւ դեռեւս չի գիտակցում, որ ունենք անկախ պետականություն, պետություն եւ եկեղեցի ինստիտուտները խառնված են իրար. «Առարկայի անվան տակ դպրոցներում իրականացվում է քարոզ` սկսած աղոթելուց, բազմակարծությանը տեղ չտալուց»:

ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական եւ սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը նշեց, որ դեռեւս 2002-ին ՀՀ կառավարության եւ Մայր Աթոռի միջեւ ստորագրվել է հուշագիր, ըստ որի, առարկան պետք է ներդրվեր դպրոցներում: Նրա խոսքերով՝ նպատակը աճող սերնդի ազգային արժեհամակարգի դաստիարակությունն ու ամբողջականացումն էր: Հասմիկ Մարգարյանը փաստում է, որ առարկան փորձաքննություն է անցել, 7 տարի ուսումնասիրվել տարբեր հարթակներում ու քննարկվել:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնություն» հկ-ի անդամ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանն առաջարկեց ավելի լայն անդրադառնալ ուսումնական պլանին եւ առարկայի դերին`  այնտեղ:

«Բազմիցս քննարկվել է, որ մեր ուսումնական պլանը եւ այնտեղ եղած առարկաները ծանրաբեռնված են, եւ նոր առարկաներ մտցնելը բավականին բարդ է, եղած առարկաների միջեւ կապերն էլ են խնդրային»,-ասաց նա:

Լուսինե Խառատյանի ձեւակերպմամբ, նախ եւ առաջ ուսումնական պլանի գլոբալ վերանայման խնդիր կա. «Որեւէ առարկայի`  ուսումնական պլանում հայտնվելը պետք է բխի գլոբալ  մեր կրթության տեսլականից, չափորոշիչներից եւ այն տեսակ քաղաքացուց, ինչպիսին ուզում է կրթել Հայաստանի Հանրապետությունը: Այո, մեզանում կրթությունը ազգային է, եւ դա մի շարք առարկաների միջոցով է կերտվում, խոսքը հայագիտական բլոգի մասին է, որտեղ նաեւ Հայոց եկեղեցու պատմությունն է»:

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն հկ-ի անդամը կարծում է, որ պետք է հստակեցվի, թե ցանկացած առարկայի դերը որն է ուսպլանում. «Խնդրահարույց է Հայոց եկեղեցու պատմությանը այդքան ժամ տալը, մինչդեռ կարելի էր ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերել»:

Նա կարծում է, որ Հայոց եկեղեցու պատմության պարագայում կա խտրական էլեմենտ, եթե այդ առարկան պարտադիր է. «Թեեւ մարդահամարով ասվում է, որ բնակչության 90 տոկոսից ավելին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչպես են մեր երկրում անցկացվում մարդահամարները»: Լուսինե Խառատյանը  համոզված է, որ պետք է այնպիսի լուծում մտածել, որտեղ հաշվի առնվեն ՀՀ բնակչության բազմաշերտ շահերը:

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`  Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031