ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ՖԲ էջում բաց նամակ է գրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին.
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգելի պարոն վարչապետ,
Վերջին օրերի ընթացքում տեղեկատվություն եմ ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը:
Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:
Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank):
2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը:
Մատնանշեմ, որ կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար:
Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ:
Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
Հ.Գ. Նամակը ուղարկել եմ նաև պաշտոնապես: