Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի տոնի եւ այդ տոնին գողացված ու լվացված փողերի մասին՝ բանտիկների, փուչիկների, լույսերի անվան տակ

Հոկտեմբեր 17,2018 14:43

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում ավելացնել նաեւ, որ հոկտեմբերի երկրորդ կիրակին Երեւանի տոնն է: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նա այդ մասին նախագիծ ներկայացրեց՝ ասելով. «Երեւանը մեզ համար ընդամենը միայն ՀՀ մայրաքաղաք չի, հաշվի առնելով մեր պատմական իրողությունները՝ Երեւանը ավելին է: Էրեբունի- Երեւանը նշվում է կառավարության որոշմամբ՝ մեկ հոկտեմբերի 8-ին, մեկ՝ 11-ին: «ՀՀ տոների եւ հիշատակների մասին» օրենքը որ նայում ենք,  ինձ համար շատ անհասկանալի կլինի կառավարության առարկությունը, եթե Երեւանի օրը մենք չամրագրենք օրենքով: Կառավարությունն ուզում է թողնել ազատ, որ կառավարությունը որոշի: Այդ դեպքում ինչի՞ չեք թողնում, որ Երկրապահի օրը որոշի ԵԿՄ-ն՝ իր որոշմամբ, բռնադատվածների օրը որոշեն: Ձեր դիրքորոշումն ինձ համար ընդունելի չէ: Սա բարոյական հարց է ու խոսում է համայն հայության վերաբերմունքի մասին՝ առ Երեւան: Թարգմանչաց տոնն է ամրագրված օրենքով, այսօր ՀՀ-ում խայտառակ վիճակում է այդ ոլորտը»:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը համակարծիք էր Զոհրաբյանի հետ: Նա ասաց, որ Երեւանի տոնի օրվա հստակեցումը պետք է, որ օտար երկրում բնակվողներն էլ իմանան ու հնարավոր է այդ օրվա համար մի քանի ամիս առաջ պլանավորեն ու գան. «Սա խթանում է, որ Երեւանի նկատմամբ սերը հեռվից դրսեւորի, ոչ թե նստի սպասի, թե քաղաքապետարանը Երեւանի օրը երբ կորոշի նշել»: Նա կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Կառավարության որոշմամբ սահմանված լինելու պարագայում մենք չե՞նք ունենում ճկունություն: Դուք բռնադատվածների հիշատակի օրի հետ եք համեմատում, մյուս տոների, բայց ձեր ասած օրինակները կազմակերպչական բնույթի միջոցառումների անհրաժեշտություն չեն պարունակում, Երեւանի տոնը ենթադրում է նյութական, մարդկային ռեսուրսների օգտագործում, ծախսում, համեմատել այդ տոնը Ուսուցչի տոնի հետ կամ այլ տոնի հետ համաչափ չէ, որովհետեւ Ուսուցչի տոնը չի ենթադրում կազմակերպչական համընդհանուր միջոցառումներ հանրապետությունում: Ճիշտ չի՞ լինի, որ լինի ավելի ճկուն՝ հիմք ընդունելով նաեւ վերջերս Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, երբ անհրաժեշտություն առաջացավ Երեւանի տոնը հետաձգելու»:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, համաձայն չեմ ձեզ հետ, այդ տրամաբանությամբ Ամանորի եւ Ծննդյան տոները, որոնք շատ մեծ տոնակատարության են վերածվում, էլի պիտի ճկուն թողնենք, որպեսզի հասցնենք նախապատրաստվել: Եթե ամրագրվում է ֆիքսված օր՝ հոկտեմբերի երկրորդ կիրակին Երեւանի օր, դա ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, որ դու ամիսներ առաջ նախապես պատրաստվես: Այստեղ որեւէ ճկունության խնդիր չկա»:

Կառավարության անունից Վաչե Տերտերյանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները ցույց տվեցին, որ կարող է օրը փոխվել: Ձեւավորված ավանդույթ կա, որ Երեւանի տոնին միջոցառումներ լինեն, եւ դա ենթադրում է կազմակերպչական լուրջ աշխատանք, ծախսեր, երթեւեկության փոփոխություն: Այս առումով կառավարության որոշումով կարգավորելը նպատակահարմար է:

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց. «Չեմ ուզում քննարկել, թե այդ մասշտաբային տոնակատարությունները շատ դեպքերում ինչի համար են արվել, ինչքան գումար է լվացվել, ինչքանը չի ծառայել իրենց նպատակին, էդ բանտիկների, փուչիկների լույսերի… որ ընկերությունն է մշտապես ունեցել իրավասություն այդ տոնակատարությունները կազմակերպելու, որքան գումար են գողացել հենց Երեւանից: Այնպես որ, այստեղ խնդիրը մասշտաբայինի մեջ չէ: Սա ինձ համար առաջին հերթին բարոյական հարց է»: Նա հորդորեց իր նախագիծը դնել քվեարկության:

Գեւորգ Պետրոսյանը համաձայնեց՝ ասելով, որ մայրաքաղաքի տոնը պետք է կանխատեսելի լինի ոչ միայն հայաստանաբնակների, այլեւ ոչ հայաստանաբնակների համար. «Հո մարդը չի թողնի իր բանուգործը, նստի հեռուստացույցի դեմը, տեսնի կառավարությունն ինչ է  որոշում»: Նա ասաց, որ Երեւանի տոնը մեծ պատասխանատվության զգացում պետք է առաջացնի, որ ամեն ինչ անեն, հասցնեն իրենց միջոցառումներն անել:

Կոստանյանի խոսքով՝ Զոհրաբյանի առաջարկությունը բարոյական հենք ունի, Երեւանի մասին պատկերացումները պետք է առնվազն օրենքի մակարդակով լինեն, որովհետեւ ֆորմալ առումով նշանակություն չունի, թե ինչպես է այդ տոնի օրը որոշվում, բայց երբ օրենքի մակարդակով է արվում, կարեւորություն ես տալիս ու ընդգծվում է: Նա ասաց, որ այս տեսանկյունից տիկին Զոհրաբյանի առաջարկը բացարձակապես ընդունելի է: Մյուս կողմից էլ կառավարությունն ասում է՝ ինձ ճկունություն է պետք: Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց՝ ճկունության ուրիշ առիթներ կան:

Կոստանյանն առաջարկեց նախագծին կողմ քվեարկել, մինչեւ երկրորդ ընթերցման ժամանակ քննարկել, գուցե ավելացնել, որ բացառիկ դեպքերում Երեւանի տոնը կարող են մեկ կամ երկու օրով հետաձգել: Դրանով հնարավորություն կտան, որ բացառիկ դեպքերում օրը հետաձգեն: Օրինակ, ֆորս-մաժորային իրավիճակներում, եթե ընտրություններ լինեն եւ այլն: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031