Երբ մարդն ունի 10 հազար դրամի պարտավորություն, մեխանիկորեն բոլոր բանկերը արգելանք են դնում մարդու հաշիվների վրա, ու մարդը հնարավորություն չի ունենում իր դրամական շարժն ապահովելու: «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ու Հայկ Կոնջորյանը նոր նախագիծ են մշակել, որն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Նրանք առաջարկում են, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնի պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին: Ու ԴԱՀԿ-ն հանի բանկում կամ այլ վարկային կազմակերպությունում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար: Արգելանք պետք է դրվի միայն մեկ հաշվի վրա, ոչ թե բոլոր բանկերում ունեցած հաշիվների վրա, ինչպես հիմա արվում է:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ընտրելու, թե որ բանկի հաշվի վրա արգելանք դրվի, որովհետեւ կարող է տնտեսական գործունեություն է իրականացնում, այդ հաշվի վրա պայմանագրային պարտավորություններ ունի այլ գործերի հետ կապված:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց, որ եթե հաշիվն ավանդային է, արգելանքը ավանդի հաշվից պետք է դուրս գա, որովհետեւ մարդը տոկոսից կզրկվի: Այսինքն, չպետք է սպասել, որ մարդը գա, ասի՝ այս հաշվի վրա մի դրեք, դա ավտոմատ պետք է արվի: Ըստ փոխնախարարի, պետք է ամրագրել, որ արգելանք կարող է դրվել դրամական հաշիվների վրա, որովհետեւ արտարժույթով հաշիվների վրա եթե դրվի, արտարժույթը տատանումներ է ունենում ու փոխարժեքի տատանումից քաղաքացին կարող է լուրջ վնասներ կրել:
Սակայն, ըստ կառավարության, մոտ 5 ամիս է պետք, որ մրցույթ հայտարարվի, տեխնիկապես դա հնարավոր լինի իրագործել: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Ոչ, դա ընդունելի չի»: Նա առաջարկեց, որ եթե կառավարությունն առաջարկ ունի, թող անի, կընդունեն՝ կընդունեն, չէ՝ չէ, բայց միայն նրա համար, որ կառավարությունը մրցույթ պիտի անի, այս իրավակարգավորումները հետաձգելը ճիշտ չէ: Նա ասաց՝ բա որ մրցույթը չկայանա՞, հաղթող չլինի՞:
Ի վերջո նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ