Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»

Հոկտեմբեր 17,2018 16:00

Մամուլի շենքի բակը ամեն տարվա հոկտեմբերի 16-ին միշտ մարդաշատ է լինում. ուսանողներն ու փորձառու լրագրողները կրկին առիթը բաց չէին թողել` այցելելու հարազատ վայր, նորից անցնելու պատմության էջերով, հիշելու ու հարգելու Հարություն քահանա Շմավոնյանին, առանց որի հայկական մամուլն ու լրագրությունը, գուցե, այդքան վստահ քայլերով մեզ չէին հասնի:

Մամուլի օրվան նվիրված փոքրիկ ցերեկույթին ներկա էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, նկարիչ-քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, «Ազդարար» թերթի գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանը, ինչպես նաեւ բազմաթիվ ուսանողներ:

«Ես, բարեբախտաբար. հնարավորություն եմ ունեցել անցնելու Հարություն քահանա Շմավոնյանի անցած ողջ ճանապարհը` Իրանի Շիրազ քաղաքից մինչեւ Մադրաս:- ասաց Սերգո Երիցյանը,- Հարություն Շմավոնյանը, ով քահանա էր Շիրազ քաղաքում, դարձավ ճգնավոր, եւ նրան հրավիրեցին Մադրաս: Նա գնաց, շարունակեց իր գործունեությունը որպես քահանա, բայց քահանայությունը նրա համար բավական չէր: Մադրասի շատ հետաքրքիր հասարակական կյանքը, հայության նոր մտքերի, սահմանադրության, պետականության վերակերտումը Հարություն քահանա Շմավոնյանին հնարավորություն տվեցին լինելու «Ազդարարի»` մեր առաջին տպագիր օրգանի, մամուլի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Նա կարճ ժամանակահատվածում հրատարակեց ընդամենը 18 համար, բայց երբ մենք թերթում ենք «Ազդարարի» էջերը, տեսնում ենք, որ այն ոչ միայն մեր մամուլի եւ անգամ այսօրվա սկզբունքների հիմքն էր, այլեւ շատ կարեւոր մեկնակետ էր, որից սկսվում էր Մադրասի հայկական հասարակական-քաղակական կյանքն ու հասնում աշխարհի տարբեր կետերը:

Մենք ամեն տարի կարող ենք գալ այստեղ` Մամուլի շենքի դիմաց տեղադրված Հարություն քահանա Շմավոնյանի հուշարձանի մոտ, որի հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է, եւ մեր հարգանքի տուրքը մատուցել մեր մեծ հայրենակցի, լրագրության ռահվիրայի հիշատակին»:

Կիսանդրիի հեղինակ Լեւոն Թոքմաջյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն էր` կերտել Հարություն Շմավոնյանի կիսանդրին, ինչպես այստեղ` Հայաստանում, այնպես էլ Մադրասում.
«Հարություն Շմավոնյանը եղել է քահանա, հետո իր ընտանիքի հետ պատահած դժբախտության պատճառով դարձել է ճգնավոր, նա շատ դժբախտություններ է տեսել, բայց, անկախ ամեն ինչից, մեծ հայրենանվեր գործ է կատարել: Երբ ես Կալկաթայում էի, նայում էի «Ազդարարի» բոլոր համարները եւ իրոք զարմանում, թե ինչպիսի մեծ գործ է նա կատարել. ամբողջ աշխարհի մշակութային, քաղաքական, սոցիալական կյանքի մասին այդքան նյութ հավաքելը այդ ժամանակ հսկայական աշխատանք էր: Եվ ինձ համար շատ դժվար էր այդպիսի մարդու համար կերպար ստեղծելը, այն չպետք է սովորական լիներ, ինչ-որ մի խորը ու արտասովոր կերպար պետք էր ստեղծել: Կարծում եմ` կարողացել եմ ստանալ նրա կերպարը եւ մարդկանց փոխանցել նրա ոգին: Ֆրանսիայից մի հեռուստաընկերություն կա, երբ գալիս են Հայաստան, անպայման գալիս ու նկարում են Հարություն Շմավոնյանի արձանը: Նրանք, միգուցե, չգիտեն, թե հայերի համար ո՞վ է եղել նա, նրանց հետաքրքրում է այս կերպարի խորհրդավորությունը, արտասովոր լինելը»:
«Ազդարարը» այսօր էլ շարունակում է ապրել շատ մարդկանց ջանքերի ու աշխատանքի շնորհիվ: Շարունակում է տեղեկացնել աշխարհում սփռված նշանավոր ու ոչ այնքան մեծ ճանաչում ունեցող հայերի, հայաշատ վայրերի ու համայնքների մասին: Այդ գործն իր ուսերին է վերցրել թերթի խմբագիր Մարտիկ Սարգսյանը.
«Ազդարարը» մեր մամուլի անդրանիկ ներկայացուցիչն էր` իր ժողովրդի ճակատագրի նման դժբախտ ճակատագրով, իր հերոսացումներով ու վեհությունով: «Ազդարարի» գլխավոր նպատակը եղել է հայրենիքի անկախությունը: Հիմա նոր «Ազդարարի» հիմնական նպատակը հայապահպանությունն է, որ աշխարհի բոլոր երկրների հայերը մնան հայ: «Ազդարարը» ավելի շատ բաժանորդ ունի արտասահմանում, քան այստեղ` Հայաստանում: Այն տպվում է կամավորների ու նվիրյալների միջոցներով ու բաշխվում աշխարհով մեկ»:

ԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

17.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031