Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 36-ամյա բնակիչ Գ. Չ.-ի դատավարության հերթական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. դեկտեմբերի 24-ի գիշերը ապօրինի մուտք է գործել Վ. Կարմիրաղբյուրի բնակչուհի Է. Ա.-ի տան բակ եւ այդտեղ գտնվող անասնագոմի դռան սողնակը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել անասնագոմ եւ այնտեղից գողացել մեկ ոչխար, Է. Ա.-ին պատճառելով 30 հազար դրամի գույքային վնաս:
Գ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(«Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գ. Չ.-ն եւ նրա կինը, որից բաժանվել էր մեկ ամիս առաջ, մասնակցել են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդումներից մեկին, որի ընթացքում հեռուստատաղավարում Գ.-ն ծեծել է կնոջը, որին մեղադրել է անբարոյականության մեջ: Վերջինս էլ Գ.-ին մեղադրել է բազմաթիվ գողությունների մեջ:
Վ. Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ Գ.Չ.-ն չարաշահում է ալկոհոլը, ինքը նրա հետ այդ թեմայով զրույցներ է ունեցել, սակայն ՝ անօգուտ:
Կ. Չոբանյանը հայտնեց, որ հեռուստահաղորդման ընթացքում իրար ամենամեծ վիրավորանքները ասած, ստորացրած նախկին ամուսինները, որոնք 3 երեխա ունեն, նորից միացել են եւ ապրում են Վ. Կարմիրաղբյուրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ