Այսօր լրագրողները «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարցրին՝ ինչպես ՀՀԿ-ից, այնպես էլ ԲՀԿ-ից արտահոսք կա, կուսակցությունը հիմա լքել են Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը, ինչպե՞ս է ընդունվել սա: Նա պատասխանեց. «Դա իրենց բացարձակ իրավունքն է: Ես միշտ ասել եմ, որ մարդիկ, ովքեր հեռանում են կուսակցությունից, այդ մարդկանց էջը՝ որպես մարդ եւ որպես քաղաքական գործիչ, ինձ համար փակ է: Ես իրենց չեմ անդրադառնալու, իրենց գործն է: Ուզում եմ հիշեցնել մեր նախկին կուսակից Արագած Ախոյանի խոսքը, երբ վերջին համապետական ընտրություններին ինքը մասնակցեց ՀՀԿ ցուցակով եւ այնքան պարկեշտություն ունեցավ, որ տապալումից հետո անկեղծ հայտարարեց՝ ինչ արած, մեր ժողովուրդը ճամբարափոխներին չի սիրում ու չի ներում: Դա բացառապես Վահան Կարապետյանի եւ Լյովա Խաչատրյանի գործն է»:
Նաիրա Զոհրաբյանին նաեւ հարցրին՝ նախկինում ձեր ցուցակում շատ գործարարներ, բիզնեսով զբաղվողներ կային, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարները պետք է հեռու մնան քաղաքականությունից, այս հայտարարությունից հետո պատրաստվո՞ւմ եք ձեր ցուցակներն այլ կերպ, այլ սկզբունքով կազմել: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր ցուցակը կազմելու ենք մե՛ր սկզբունքով, այն սկզբունքով, ինչը կորոշի ԲՀԿ-ն: Այս պահին որեւէ քննարկում, թե ինչ սկզբունքով է կազմվելու ցուցակը, չի եղել»:
Լրագրողները ճշտեցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն է էլի գլխավորելու ցուցակը՝ Նաիրա Զոհրաբյանն իր անձնական տեսակետը հայտնեց. «Կարծում եմ եւ պնդելու եմ, որ մեր կուսակցության ցուցակն անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը»: Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չե՞ք համարում՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, օլիգարխն այն մարդն է, ով պետական լծակներն օգտագործում է սեփական բիզնես կայսրության բարեկեցության համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ