Հավանաբար այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները տնօրինությունից ծանուցագրեր կստանան` գործարանի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ: Տնօրինությունն արդեն բանավոր նախազգուշացրել է: «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը` մտահոգություն հայտնելով, որ գործարանի փակմամբ Ալավերդու ողնաշարը կկոտրվի. «Գործարանում 650-700 մարդ է աշխատում, որոնք կերակրում են 2000-2500 մարդու: Աշխատակիցների 98 տոկոսը մեծ վարկերի տակ են: Գործարանում աշխատող ընտանիք չկա, որ վարկ չունենա: Ամենաքիչը երկու միլիոն վարկ ունեն: Ալավերդիում պղնձաձուլարանը միակ աշխատատեղն է, որի շնորհիվ քաղաքը շնչում ու գոյատեւում է: Խանութները, տաքսիները, քաղաքի ընդհանուր կյանքը կառուցված է գործարանի շուրջ»:
Երեկ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատերն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել էին` քննարկելու գործարանի առջեւ ծառացած խնդիրները: Գործարանի ղեկավարությունը պատճառաբանում է, որ բնապահպանական խնդիրներից ելնելով են այն փակում, սակայն ՎՏԲ բանկի պատասխանատուներն արդեն պաշտոնապես հայտարարում են, որ գործարանն այլեւս բանկի սեփականությունն է: Այն գրավադրված է եղել այս բանկում 500 միլիոն դոլար վարկի դիմաց, եւ գործարանը բանկին է անցել գումարներն ու տոկոսները չվճարելու պատճառով:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Այս թեմայով մանրամասները
«Առավոտ»
16.10.2018