Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարան եկած մարմնավաճառները կաշկանդված չէին

Հոկտեմբեր 17,2018 14:30
dat

Շենգավիթի դատարանը Զարուհի Ա.-ին ճանաչել է անպարտ եւ արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ նրա խափանման միջոցը` ստորագրություն` չհեռանալու մասին, վերացրել է:
Վեցհատորանոց գործը փլվել է դատախազության վրա: Այդ գործը վերաքննիչ քրեական դատարանում է: Մեղադրանքի կողմը բողոք է բերել, խնդրել է, որպեսզի բեկանվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մարտյան դատավճիռը, կայացվի նոր դատական ակտ` Զարուհի Ա.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ վերջինիս նկատմամբ նշանակվի համաչափ պատիժ կամ գործն ուղարկվի առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության: Ըստ մեղադրանքի կողմի, Զարուհին աշխատելով անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողի կողմից վարձակալած Երեւանի հյուրանոցային համալիրում՝ որպես մատուցող, ունենալով հյուրանոցային համալիրի սենյակները հաճախորդներին տրամադրելու լիազորություն՝ «նպաստել էր այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն»:

Մեղադրանքի կողմը նշել էր ենթադրյալ հանցագործության ժամանակահատվածը՝ 2015թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. հոկտեմբեր: Հյուրանոցային համալիրը տարբեր օրերին «հյուրընկալել» է մարմնավաճառներ Գ. Խ.-ին, Ք. Խ-ին, Ա. Ա.-ին, Ջ.Ն.-ին, Ա. Խ.-ին, Գ.Հ.-ին, Ս.Հ.-ին: Որպես կացարան 5000 ՀՀ դրամ գումարի դիմաց տրամադրել է առանձնասենյակներ:

Զարուհին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ասել էր, որ իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտել հյուրանոց այցելած հաճախորդներին դիմավորելը, նրանց սենյակ տրամադրելը եւ սպասարկելը: Աշխատել է ամեն օր եւ ամեն օրվա համար ստացել է 3.000 ՀՀ դրամ աշխատավարձ-գումար: Հյուրանոցային համալիրում սենյակի վարձը կազմել է 5.000 ՀՀ դրամ եւ ինքը հաճախորդներից ստացել է սենյակի վարձը: Նա նկարագրել էր հյուրանոցի պայմանները. համալիրն ուներ երկու շոգեբաղնիքով սենյակ եւ չորս սենյակ` ննջարանով: «Եղել են դեպքեր, երբ իր հեռախոսահամարին են զանգահարել հաճախորդներ, ովքեր խնդրել են ստուգել՝ արդյոք որեւէ իր չեն մոռացել հյուրանոցի համարում եւ ինքը նրանց հետ է զանգահարել պատասխանելու համար: Իր բջջային հեռախոսահամարից օգտվել է նաեւ տնօրենը: Հյուրանոցային համալիր այցելել են տարբեր անձինք, հիմնականում զույգերով՝ տղամարդ եւ կին, եղել են դեպքեր, որ տղամարդիկ են հաճախել առանց կանանց, սենյակ են վարձել կամ շոգեբաղնիք»,-հայտնել էր նա: Ինչ վերաբերում է մարմնավաճառներին, Զարուհին տեղեկացրել էր, որ հյուրանոցի դիմաց՝ փողոցում, մարմնավաճառներ են կանգնել, նրանց մի մասին անգամ ճանաչում է, սակայն նրանց հետ շփման մեջ չի գտնվել: Ըստ նրա, եղել են դեպքեր, երբ մարմնավաճառները հաճախորդների հետ այցելել են իրենց հյուրանոց, ինքը դիմավորել է նրանց եւ սենյակ տրամադրել:

«Հյուրանոցային համարը պատվիրել են տղաները եւ միայն տղաներն են վճարել հյուրանոցային համարի արժեքը: Ես չէի կարող հյուրանոց այցելած կանանց հագուստներից ենթադրել, որ նրանք մարմնավաճառ են եւ երբեք որեւէ մեկին չի հարցրել, թե վերջինս մարմնավաճա՞ռ է, թե՞ ոչ, քանի որ դրա իրավունքը չի ունեցել, բոլորն էլ իր համար՝ անկախ տարիքից ու սեռից կամ արտաքին տեսքից, հաճախորդներ են եղել, իր պարտականությունների մեջ չի մտել պարզել, թե հաճախորդ տղայի հետ այցելած անձը մարմնավաճառ է, թե ոչ»,- ցուցմունք տալիս ասել է Զարուհին: Նա ասաց, որ որեւէ տղա հաճախորդի պահանջով մարմնավաճառությամբ զբաղվող աղջկա հյուրանոց չի հրավիրել:

Դատակոչված վկա մարմնավաճառները կաշկանդված չէին իրենց ներկայացնելու ժամանակ: Նրանցից մեկը դատարանում հայտնել էր, որ «իր հաճախորդ տղաների ցանկությամբ պարբերաբար այցելել է տարբեր հյուրանոցներ` այդ թվում նաեւ այն հյուրանոցը, որտեղ որպես մատուցողուհի աշխատել է ամբաստանյալը: Վերջինս իրեն եւ հաճախորդին դիմավորել եւ սենյակ է տրամադրել, ինչպես այլ հյուրանոցներում այլ մատուցողները»:

Ի դեպ, հեռախոսազրույցների վերծանումներում եղել է արդարացվածի եւ մարմնավաճառի փոխադարձ զանգերը: Այս կապակցությամբ վկա մարմնավաճառն ասել էր. «Իր եւ Զարուհու հեռախոսահամարների միջեւ փոխադարձ զանգեր կատարված լինելու փաստը պայմանավորված է հյուրանոցային համալիրում որեւէ իր մոռանալու հանգամանքով: Կոնկրետ Զ.-ի հետ հեռախոսով խոսել է մեկ անգամ, մյուս հեռախոսազրույցների ընթացքում այլ անձանց հետ է խոսել»:

Նկատենք, որ մարմնավաճառները տարբեր հեռախոսահամարներ են օգտագործում, երբեմն «պատահաբար» հեռախոսներից մեկը մոռանում հյուրանոցում:

Ուշագրավ էր այս քրեական գործով մեկ այլ վկայի ասածը. «Եղել են դեպքեր, որ նույն օրվա ընթացքում երեք անգամ տարբեր անձանց հետ այցելել եմ հյուրանոցային համալիր, որտեղ Զարուհին իրենց դիմավորել եւ սենյակ է տրամադրել»: Վկաներից մեկն ասել էր, որ անձամբ Զարուհուն գումար չի տվել, հյուրանոցի համարի արժեքը վճարել է իր հետ հյուրանոց եկած տղամարդը, այդ հյուրանոցից օգտվել է իր հաճախորդի ցանկության դեպքում: Մեկ այլ վկա հիշել էր, որ ոստիկանները իրեն բռնել են տաքսի ավտոմեքենայի մեջ եւ տարել հյուրանոց, ապա՝ ոստիկանության բաժին:

Վկաներից մեկը դատարանում ասել էր, թե երբեք Զարուհուն չի ասել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, սակայն չի բացառվում, որ Զարուհին կարող էր ենթադրել, որ ինքը նման զբաղմունք ունի, քանի որ տարբեր տղաների հետ է հյուրանոց այցելել. «Ինչպես նաեւ իմ հագուկապից կարող էր հասկանալ, որ ես մարմնավաճառ եմ»: Մի նրբություն էլ կար. Զարուհին բոլորին իմացել է նրանց երկրորդ անունով:
Ոստիկանությունը մեկ այլ վկա-մարմնավաճառի էլ իջեցրել է տաքսի ավտոմեքենայից: Ոստիկանները եղել էին դիմակավորված:

Այս վկան էլ երբեք Զարուհու հետ հեռախոսով չէր խոսել, չէր ասել, թե ինչով է զբաղվում, սակայն եկել էր տարբեր հաճախորդների հետ: Հյուրանոցի վճարը միշտ մուծել է հաճախորդը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031