Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը հորդորում է Փաշինյանին հարցնել՝ հիմա իր իրավաբանությունը «բեջուռա՞ է», թե՞ ոչ

Հոկտեմբեր 17,2018 13:25

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց քննադատություններին, թե ինքը անսկզբունքային է, մե՛կ մայիսի 1-ին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանի դեմ, մե՛կ կանգնում նրա կողքին՝ ասելով, որ Փաշինյանը ազնիվ է: Aravot.am-ը նրան հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասել էր, որ դուք կա՛մ կիլոմետրերով հեռու եք իրավաբանությունից, կա՛մ զբաղված եք քրեական գործերը կոծկելով ու պարտակելով, նա «բեջուռա» էր անվանել ձեր իրավաբանությունը, դուք այս հարցո՞ւմ էլ եք իրեն ազնիվ համարում եւ կանգնում իր կողքին: Կոստանյանը պատասխանեց. «Իմ իրավաբանությունը բեջուռա անվանելու պայմաններում հիմա էլ կակռազ գնացեք վարչապետին հարցրեք՝ ինքը հիմա տե՞նց է համարում, թե՞ ոչ»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանն ավտորիտար երկիր է, ու եթե դուք հիմա ասում եք, որ նա ազնիվ է, դուք ընդունո՞ւմ եք, որ այդ ավտորիտար ռեժիմի օրոք բարձր պաշտոններ եք զբաղեցրել: Կոստանյանը պատասխանեց. «Էդ Էդիկին, Շարմազանովին հարցրեք, նա կմեկնաբանի»:

Հարցին՝ ձեր հանդեպ ճնշումներ եղե՞լ են, Կոստանյանը պատասխանեց. «Իմ նկատմամբ ի՞նչ ճնշումներ կարող են լինեն որեւէ հարթության մեջ»:

Նա ասաց, որ տարբեր երկրներում աշխատելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, հիմա էլ առաջարկ ունի ու մինչեւ դեկտեմբերի 20-ը պետք է պատասխան տա՝ ընդունո՞ւմ է առաջարկը, թե՞ ոչ: Հարցին՝ ձեր նախկին դիրքորոշումը խոչընդոտո՞ւմ էր, որ այդ պաշտոնը զբաղեցնեիք, Կոստանյանը պատասխանեց, որ ոչ, իր դիրքորոշումը դրա հետ կապ չունի: Խոսքը ԵՄ դատախազությունում աշխատանքի անցնելու մասին է: ԵՄ դատախազությունը սկսում է  գործել 2020-ից, բայց կազմավորման աշխատանքներն արդեն սկսվել են: Կոստանյանն ասաց, որ առաջարկն ընդունել է եւ իր դիրքորոշումը կհայտնի:

Հարցին՝ նոր կառավարության կազմում հնարավո՞ր է դերակատարում ստանձնեք, ասել եք, որ միշտ կկանգնեք Նիկոլ Փաշինյանի կողքին, գուցե վերադառնա՞ք, նա պատասխանեց. «Չեմ կարծում», բայց հավելում արեց: Կոստանյանն ասաց, որ եթե երկրի ղեկավարը ինչ-որ հարցում ձախողեց, բոլորն են ձախողելու. «Չի ձախողում մենակ Նիկոլ Փաշինյանը կամ իր կառավարությունը, ձախողում է ամբողջ պետությունը, հետեւաբար արդյո՞ք ողջամիտ չի, որ ամեն մեկս մեր մասնագիտական հարթության մակարդակով, մեր գիտելիքների մակարդակով փորձենք ինչ-որ բանով օգնել»: Նա ասաց, որ ովքեր քննադատում են, եւս օգնում են կառավարությանը, որովհետեւ եթե չքննադատես, կառավարությունը դատապարտված է ձախողման. «Էս երկիրը մե՛ր երկիրն է, ոչ Նիկոլ Փաշինյանի երկիրն է, ոչ Սերժ Սարգսյանի երկիրն էր, ոչ Քոչարյանի Ռոբերտի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Եթե որեւէ կառավարություն ձախողես, ձախողելու ես դու, քո ընտանիքը, իմ ընտանիքը, բոլորս ենք ձախողելու, սխա՞լ բան եմ ասում, թե՞ ճիշտ, ժողովուրդ ջան: Ես պատրաստ եմ ցանկացած դեպքում ցանկացած ֆորմատով օժանդակել կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031